«Իրական մրցույթ հայտարարելիս՝ մոմով ենք փնտրում կարգին մասնագետի»

– Անկախության շրջանն իր հետ շատ ոլորտներում բերեց ոչ միայն բաղձալի իդեալներ, այլեւ լրացուցիչ դժվարություններ եւ երբեմն՝ հիասթափություն։ Ինչպե՞ս եք դիտում այս կտրվածքում մեր կրթական համակարգը` սա վերե՞լք է, թե՞ միանշանակ աղավաղում. ուսուցման այդ 12-ամյա ձգված տիրույթը, ավագ դպրոցի բերած բարդությունները, կրկնուսույցների պարտադիր, անհաղթահարելի դարձած երեւույթը, կարգապահական շեղումները, եւ այլն, եւ այլն։

– Միանշանակ, կրթության համակարգի բարեփոխումն առաջադեմ եւ անհրաժեշտ միջազգային գործընթաց է, որին մեր պետությունը ձեռնամուխ եղավ` ելնելով համաշխարհային ժամանակակից չափանիշները յուրացնելու եւ մրցունակ կրթական համակարգ ունենալու անհրաժեշտություններից։ Ես կրթության ոլորտում անբաժան աշխատել եմ եւ՛ նախկին հասարակարգի օրոք, եւ՛ այժմյան տարիներին։ Իսկապես, փոփոխությունները շրջադարձային են, երբեմն՝ հակասական։ Հատկապես մեր համակարգը զգաց դրանց բերած բոլոր դժվարությունները, ինչո՞ւ չէ՝ նաեւ բացասական կողմերը։ Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրներին՝ հասկանալի է, որ անցումը կրթության Բոլոնյան համակարգին պարտադիր էր եւ անխուսափելի։ Թեկուզեւ` որպեսզի մեր կրթության չափանիշները համապատասխանեն արեւմտյանին, դեպի ուր ձգտում ենք, պարզ ասած՝ որպեսզի մեր կրթական վկայականներն անցնեն առաջադեմ աշխարհում։ Բայց մենք շատ ավելի խորը գնացող եւ հեռանկարային նպատակներ ունենք։ Ընդունում եմ, որ բազմաթիվ անկատարություններ եւ թերակատարումներ կան այսօր, որոնք պետք է կարողանայինք ավելի արագ հաղթահարել։ Բնականաբար, տիրող իրավիճակին ես տեղյակ եմ առավելագույնս։ Եթե նախկինում 9-10-րդ դասարաններում դպրոց հաճախումները որոշակիորեն պակասում էին, այսօր դա ավելի աճել է, որի դեմ մենք միջոցներ ենք փնտրում։ Ձեռնարկելով Բոլոնյան գործընթացը, ըստ մտահղացման, մենք զարկ պիտի տայինք ավագ դպրոցի խթանմանը, մերժեինք ռեպետիտորական ուսուցումը եւ պատրաստեինք ավագ դպրոցում ավելի բարձր գիտելիքներով շրջանավարտի։ Իրականում շատ անգամ հակառակ պատկերն ենք ստանում, որովհետեւ դեռեւս անկատար է այն իրականություն դարձնելու դաշտը։

– Իսկ մեր ուսուցիչն ունի՞ այդ պահանջված մակարդակը, ինչպե՞ս ենք ընտրում, նշանակում ուսուցչին։

– Չեմ կարող ասել, թե մեր ուսուցիչները չեն բավարարում պահանջներին. չէ՞ որ այդ կրկնուսույցների զգալի մասը հենց դպրոցի ուսուցիչներն են՝ այստեղ նրանք կարողանում են աշակերտին հասցնել պահանջվածը։ Սակայն ակնհայտ է, որ այսօր մեզ մոտ եւս գալիս են տարբեր բուհերից բազմաթիվ անորակ դիպլոմավորներ, այն աստիճանի, որ իրական մրցույթ հայտարարելիս` մոմով ենք փնտրում կարգին մասնագետի։ Կրթության եւ գիտության նախարարության հետ մանկավարժների վերապատրաստում կազմակերպեցինք, բավական լուրջ գումարներ ներդրվեցին, սակայն ակնհայտ է, որ առանց համակարգային մոտեցման` այն անհրաժեշտ արդյունքները չի տալիս։ Թերություններ ունի նաեւ մրցութային կարգը։ Դպրոցի տնօրեն պետք է դառնան ոչ թե միայն հավաստագրով, մի քանի կանոն, կարգ սովորելով, այլեւ այստեղ շատ կարեւոր են կենսագրությունը, անցած ճանապարհը, կազմակերպչական հմտությունները։ Ուսուցիչների ընտրությունը կատարվում է մրցույթով։ Ես այն ողջունում եմ, որովհետեւ սահմանափակում է տնօրենի սուբյեկտիվիզմը։ Սակայն այստեղ էլ ուրիշ խնդիր կա՝ դպրոցը չպիտի պատրաստի հարցաշարերը՝ թող անկախ մարմնի կողմից դրանք մշակվեն։

– Ուսուցիչների նկատմամբ առաջադրելով բարձր պահանջներ, ի՞նչ կարծիքի եք նրանց աշխատավարձի վերաբերյալ։

– Իհարկե, այն մեզ մոտ չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին։ Բայց չմոռանանք՝ որտեղից ուր ենք հասել։ Կար ժամանակ, երբ աշխատավարձի դիմաց գույքով էր հատուցվում, մեր տանը պահպանվում են դեռ 90-ականներին աշխատավարձի փոխարեն ստացածս գդալ-պատառաքաղները։ Ֆինանսավորման ուղղությամբ այսօրվա ձեռքբերումները մեր ոլորտում ոչ ոք չի կարող ուրանալ։ Պետք է սթափ նայել` ուսուցիչը աշխատում է 8 անց կեսից մինչեւ ժամը 14-ը, միջին աշխատավարձն ըստ դրույքի` կազմում է 120 հազար դրամ – դա համընկնում է մեր հանրապետության միջին աշխատավարձին։ Հիշենք, որ ոչ արտադրողական ոլորտի մասնագետների ամենամեծ բանակը, բժիշկների հետ միասին, կազմում են ուսուցիչները։ Նրանց վարձատրությունն ուղղակիորեն կապված է պետական բյուջեի հնարավորությունների հետ եւ աշխատավարձի ֆոնդի մի զգալի մասն է կազմում։ Փորձը ցույց է տվել, որ բյուջեի աճի հետ պետությունը ցուցաբերում է անհրաժեշտ հոգատարություն, առաջին հերթին` բարձրացնելով հատկապես ուսուցիչների աշխատավարձերը՝ գիտակցելով դրա հույժ կարեւորությունը։ Կարող եմ վկայել, որ մեր ոլորտը մշտապես իր վրա զգում է նաեւ ՀՀ նախագահի հատուկ ուշադրությունը։ Իրենց հերթին, մանկավարժները կարող են եւ պարտավոր են նպաստել այդ գործընթացին՝ կյանք ուղարկելով հնարավորինս կայացած, կազմակերպված, արտադրական բավարար գիտելիքներով եւ ձգտումներով, ազատ եւ ստեղծագործ մտածողությամբ ակտիվ երիտասարդների, որոնք ի վիճակի են հարստացնել երկիրը, բարձրացնել նրա նյութական հնարավորությունները։ Եթե խոսում ենք ֆինանսական կողմի մասին, իմ կարծիքով, ավելի մտահոգիչ է նախադպրոցական համակարգում դայակների աշխատավարձերի չափը։ Զբաղված լինելով լրիվ աշխատանքային օրը, նրանց վարձատրությունը կազմում է շուրջ 35.000 դրամ։

– Ի վերջո, ո՞րն է մեր կրթության իրական բարեփոխման ճանապարհը:

– Սա կապված է համակարգային փոփոխությունների, մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման հետ։ Երեխաների կրթության հարցում պակաս ելակետային գործոն չէ նաեւ ընտանիքը, ծնողների ճաշակը, ձգտումները։ Երեխաների ապագայի նկատմամբ չափանիշներն են փոխվել մեր շատ ընտանիքներում։ Գիտելիքի, կրթության նպատակներն են աղճատվել, ձեւական դարձել։ Դիպլոմն այսօր օժիտ է դարձել, պրեստիժի (ոչ թե վարկանիշի, այլ հենց՝ պրեստիժի) բաղադրիչ, ինչպես լավ հեռախոսն ու ավտոմեքենան։ Ի՞նչ ասես, երբ զարմանալիորեն՝ կրթության ոլորտում այսօր գումարներ են ծախսում… չսովորելու համար։ Ամենակարեւորը՝ մենք դպրոցում կարծես թե մոռացել ենք արհեստի, մասնագիտական որակների մասին, արդյունքում` ուսուցումը կտրվել է իրական կյանքից, այնինչ դա առաջընթացի, տնտեսական զարգացման պայմանը պիտի լինի։ Մանավանդ մեր՝ վերափոխվող երկրում։ Իհարկե, մենք ունենք որոշ հաջող փորձեր՝ կրթությունը մոտեցնելու արտադրությանը, բայց դա առայժմ շատ քիչ է, կարելի է ասել՝ որակ չի կազմում։ Բերեմ մի օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Բոշ» ֆիրմայի հետ միասին ուսումնարաններից մեկում հատուկ ծրագիր իրականացվեց։ Ձեռնարկությունն այս ուսումնարանում սկսեց իր արտադրանքի մասնագետ-նորոգողներ պատրաստել, որոնց պահանջարկը կա, եւ երաշխավորված աշխատանք է խոստանում շրջանավարտներին։ Սկզբում երեխաների անհրաժեշտ քանակը մեծ դժվարությամբ հավաքեցինք՝ անապահով ընտանիքներից եւ այլն։ Ուրախալի է, որ այսօր ցանկացողների նշանակալի աճ է գրանցվել։

– Հետաքրքիր է, ինչպե՞ս են մեր աշակերտներն իրենց դրսեւորում միջազգային մրցույթներում, համատեղ միջազգային ծրագրերում։ Ինչպիսի՞ն են արդյունքները։

– Որքան էլ անցման շրջանը դժվարություններ ներկայացնի, այնուամենայնիվ, մեր ազգային գենետիկ ընդունակությունները գիտելիքների ոլորտում, կրթական ավանդույթները իրենց խոսքն ասում են, մեր աշակերտները բավական լավ արդյունքներ են ցուցաբերում։ Մեր երկիրը ներկայացնող շատ աշակերտներ վերադառնում են լուրջ մրցանակներով ու դիպլոմներով։ Այս տարի էլ ունենք երեխաներ, որոնք առարկայական օլիմպիադաներում բարձր արդյունքներ գրանցեցին, պատրաստվում են միջազգային մրցույթների մասնակցել։ Հատկապես ուրախալի է, որ հաջողություններ ենք արձանագրում բնագիտական եւ ճշգրիտ առարկաներից՝ ֆիզիկա, աստղագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն։ Մենք ունենք վարժարաններ, որտեղ կիրառական գիտությունների գծով վստահելի մակարդակ է ապահովվում, ինչպես Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, «Քվանտ» վարժարանը, Շիրակացու անվան կրթահամալիրը, եւ այլն։

– Դպրոցը ոչ միայն գիտելիքների, այլեւ հասարակական վարքագծի ձեւավորման օջախ է։ Ինչպե՞ս է հարաբերվում դպրոցական կրթությունը ընտանեկան դաստիարակության մեջ հանդիպող անսանձության, մեծամտության, անպատժելիության եւ այլ նման «ժամանակակից» հատկանիշների հետ։ Որքանո՞վ հնարավորություն ունի մանկավարժը կառավարելու խելքից ու չափանիշներից դուրս կարգազանց աշակերտին։

– Այս խնդիրը միշտ եղել է, այնպես չէ, որ ամբողջովին այսօր ծնվեց։ Բոլոր ժամանակներում ունեցել ենք դժվար ընտանիքներ, ծնողներ եւ երեխաներ։ Իհարկե, անձի ազատության չափանիշների բարձրացման հետ, ցավոք, նաեւ այդ դրսեւորումներն ընդգծվեցին։ Անհատի ձեւավորումը ընթանում է քառակողմ ազդեցությունների ոլորտում. ծնող-հասարակություն-դպրոց-աշակերտ։ Պիտի կարողանանք ներդաշնակ դաշտ ստեղծել այս չորս կողմերի միջեւ։ Սեղանը չորս ոտքի վրա է հենվում՝ որ ոտքն էլ թույլ եղավ՝ այն կայուն լինել չի կարող։ Առանցքը երեխան է, եւ արդյունքում նա է տուժում։ Եթե դպրոցում այդ համամասնությունները չհասցնեն առավելագույնս հավասարակշռել՝ հասարակություն մտնելիս բարդությունները ավելի զգալի կլինեն, որովհետեւ երեխան մեր ապագա քաղաքացին է։ Տեսեք ինչ հետեւանքներով է այն դրսեւորվում արդեն բանակում։ Պետք է ավանդույթ ստեղծել միմյանց օգնելու։

– Վերջերս համացանցում դարձյալ բացահայտումներ եղան դպրոցահասակ երեխաների անհավասարակշիռ պահվածքի։

– Խոսքը դպրոցական աղջիկների ծեծկռտուքի շատ տգեղ դրվագի մասին է։ Ես անձամբ եղա այդ դպրոցում, հանդիպեցի դասարանի աշակերտների հետ։ Դեպքը եղել է մեկ տարի առաջ, ծանր անձնական, ընտանիքին ուղղված վիրավորանքի արդյունքում։ Այդ աղջնակը շատ զգայուն եւ ծայրահեղ ծանր հոգեվիճակում էր։ Կարելի է ասել, արդեն պատժված էր դեպքի հանրայնացումից։ Իհարկե, ես դատապարտում եմ ծեծկռտուքի այդ տգեղ երեւույթը, եւ մենք բոլոր միջոցները պիտի ձեռնարկենք դպրոցում նման դեպքերը բացառելու համար։ Այս մասին երկու կարծիք լինել չի կարող, բայց արձագանքն իրավիճակին այնքան սուր էր, որ խոսքը արդեն ոչ թե մեղադրելու կամ պատժելու, այլ երեխային փրկելու մասին էր գնում՝ ամեն ինչ կարող էր պատահել։ Մեր աշխատակիցները, հոգեբանները ստիպված էին հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխային։ Շնորհակալություն նաեւ Ոստիկանությանը՝ առավոտից մինչեւ ուշ գիշեր երեխայի մոտ հերթապահություն էին սահմանել։ Արդյունքում` աղջնակին այսօր հաջողվեց վերադարձնել կյանք, դպրոց, նորմալ քննություններ է հանձնում։ Պետք էր տեսնել` ինչպես էին արձագանքում նրա հոգեվիճակին համադասարանցիները, նրանք վրդովված դատապարտում էին նկարահանողին, որը դրսից էր։ Ամենեւին արդարացնելու ձգտում չունեմ, բայց իրականում՝ շատ ավելի ծանր դեպքեր են լինում, այդ թվում` ներկայացուցչական վայրերում, նույնիսկ աշխարհի խորհրդարաններում։ Եվ միշտ չէ, որ հանրայնացումը դրական ազդեցություն կարող է ունենալ, պետք է մտածել հոգեբանական ծանր հետեւանքների մասին։ Մանավանդ, երբ խոսքը երեխայի դեռ չձեւավորված անհատականության մասին է։ Ակնհայտ է, որ այս դեպքում գերազանցում էին շոուի տարրերը։

– Ի՞նչ վերաբերմունք ունեք ընդհանրապես մամուլի նկատմամբ, ինչպիսի՞ն են նրա հարաբերությունները հանրակրթական համակարգի նկատմամբ։

– Մամուլը շատ է օգնում մեզ մեր աշխատանքում՝ արագ, օպերատիվ արձագանքելով դեպքերին եւ իրադարձություններին։ Եվ նրանց գնահատականները մեծ մասամբ հրատապ օգնություն են մեզ՝ քաղաքապետարանին, մեր վարչությանը, նախարարությանը՝ իրավիճակի բացահայտման եւ համապատասխան վերաբերմունքի դրսեւորման համար։ Սխալները լինում են այնտեղ, որտեղ կա աշխատանք։ Այլ հարց է, որ որոշ լրատվամիջոցների համար վրիպումները կարծես ոգեւորության, շահարկումների աղբյուր են, աշխատանքի մեթոդ։ Դա էլ եմ ուզում հասկանալ եւ առանձնապես չեմ նեղվում դրանից։ Պետք է առաջին հերթին կարողանանք կառավարել էմոցիաները եւ հարցին մոտենալ որպես համակարգի մարդ, ով կանգնած է այդ լայն եւ կարեւոր ոլորտի անհաշիվ խնդիրների լուծմանը մաս կազմելու բարդ առաջադրանքի առջեւ։

– Դպրոցը եւ քաղաքականությունը։

– Դպրոցում քաղաքականությունը կիրառվում է այն չափով, որքանով նրա կոչումն է` դաստիարակել հայրենասեր եւ ազգի, պետականության գաղափարին նվիրված քաղաքացի։ Այսօր երեխան դպրոցն ավարտում է 18 տարեկանում՝ փաստացի չափահաս։ Այս պայմաններում լիարժեք քաղաքացու դաստիարակության հիմնական մասն ընկած է դպրոցի վրա։ Այսօր մենք քաղաքացիական կրթության խնդիր ունենք։ Հայրենասիրությունը այսօր հատուկ կարեւորագույն, ազգային անվտանգության խնդիր է։ Սա պիտի ներարկվի փոքր տարիքից, երեխան պիտի իր պետական օրհներգը, նաեւ՝ Տերունական աղոթքը իմանա դեռ դպրոցում։

– Դպրոցի ղեկավարությունն ու աշխատակազմն ինքն ակտիվ քաղաքականության մասն է դարձել։ Ընտրություններում, օրինակ։

– Ընտրատեղամասերը դպրոցներում կազմակերպելը զուտ տեխնիկական պատճառներ ունի՝ չկան ավելի հարմար հիմնարկներ իրենց տարածքային հավասարաչափ տեղաբաշխմամբ, շենքային պայմաններով, եւ այլն։ Սա նույնիսկ ցանկալի տարբերակ է, երբ ընտրությունների կազմակերպական մասը անց է կացվում այնպիսի չեզոք միջավայրում, ինչպիսին դպրոցն է։

– Ինչպե՞ս է, որ մանկավարժներն առավելապես իշխող կուսակցությանն են հարում։

– Դրա մեջ պարտադրանք չկա, ինքն է որոշում` որ կուսակցության անդամ լինի։ Դաշնակցական, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ տնօրեններ էլ ունենք։ Աշխատանքին չի խանգարում, դրանից չի տուժում ոչ աշակերտը, ոչ դպրոցը։ Ի վերջո, դպրոցի կոլեկտիվի ներկայացուցիչները նույնպես հանրապետության քաղաքացիներ են՝ ազատ իրենց ընտրության մեջ, եթե դա չի հակասում դպրոցի նորմատիվ սկզբունքներին։ Աշխատանքից հետո իր սահմանադրական իրավունքն է՝ կարող է նույնիսկ քարոզարշավով զբաղվել։ Ուսուցչությունն առավել պահպանողական խավ է, ավելի շուտ դրանով կբացատրեի պետական քաղաքականության նկատմամբ նրա առավել դրական հակվածությունը։ Սա ոչ թե իշխանամետություն, այլ, ավելի ճիշտ՝ որպես պետականամետություն կբնութագրեի։

– Ծնողներին չե՞ն պարտադրվում կողմնորոշումները։

– Անկախ երկրում ո՞վ կարող է պարտադրել։ Ինչ ուզում են՝ անեն, որ կուսակցությանն ուզում են ՝ ձայն տան։ Ազատ են։ Ծնողները ներկայացնում են մեր հասարակության բոլոր խավերը։ Նրանց քաղաքական կողմնորոշման լծակները այլ հարթություններում պետք է փնտրել։

– Ինչպե՞ս փակվեց այս ուսումնական տարին, եւ ի՞նչ հասցրեց անել քաղաքապետարանը դպրոցական եւ նախադպրոցական ոլորտներում։

– Կատարվածը նույնիսկ համառոտ թվարկել հնարավոր չէ։ Շատ եմ կարեւորում, որ այս տարի արդեն մենք չենք ունենա չջեռուցվող մանկապարտեզներ։ Նախակրթական համակարգն անվճար դարձնելուց հետո, որտեղ մեծ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրումը, մանկապարտեզ հաճախողների թիվը 22.000-ից հասել է 30.000-ի։ Ձեռք են բերվել նոր կահույք, եռահարկ մահճակալներ, հին սեղան-աթոռները փոխարինվել են նոր, ժամանակակից տեսակներով, որոնք սուր անկյուններ չունեն, կոր են եւ անվնաս՝ երեխաների համար։ Այս ուսումնական տարում էական բարելավումներ են տեղի ունեցել նաեւ դպրոցներում։ Պետբյուջեի միջոցներով վերանորոգվում են շուրջ տասը դպրոցներ։ Նորոգման եւ գույքի ձեռքբերման գործում զգալի է նաեւ ծնողների, նախկին շրջանավարտների օժանդակությունը։ «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում Պուշկինի, թիվ 71, 20, 153 դպրոցներում նախկին շրջանավարտների միջոցներով ձեռք բերվեցին համակարգիչներ, էլեկտրոնային գրատախտակ, 128 դպրոցում փոխվեցին լուսամուտները։ 156 դպրոցում տեղադրվեցին էլեկտրոնային սարքավորումներ, ինչի շնորհիվ Մոնրեալ քաղաքի հետ հնարավորություն ստեղծվեց անցկացնելու էլեկտրոնային դասեր։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ֆրանսախոս դպրոցներում շուրջ 40.000 եվրոյի ներդրումներ են կատարվել, ինչը կնպաստի ֆրանսերեն լեզվի ուսուցման մակարդակի բարձրացմանը եւ պրոպագանդմանը մեր երկրում։ Այս տարի օլիմպիական 63 հաղթողներ ենք ունեցել, որոնք Երեւանի քաղաքապետի կողմից պարգեւատրվեցին Չարենցի հատորներով՝ որպես Չարենցյան տարվա խորհրդանիշ։ Այս տարի մեդալակիրների քանակն է պակասել, պատճառը՝ բուհական քննություններում արտոնությունների վերացումն է։ Ես դա դրական եմ գնահատում, քանի որ շրջանավարտները այժմ գերադասում են ջանքերը կենտրոնացնել կոնկրետ գիտելիքների յուրացման, ոչ թե` մեդալի ստացման ուղղությամբ։ Կարմիր վկայականների թիվը պահպանվել է։ Դպրոցական քննությունների ավարտից հետո առաջադիմության շուրջ անհրաժեշտ ամփոփումները կկատարենք։

– Ինչպե՞ս անցավ վերջին զանգը։

– Ես շատ գոհ եմ, եւ կարծում եմ՝ բոլորն ունեցան այդ զգացումը։ Այս տարին ուղղակի առանձնացավ իր դրական միտումներով։ Հաճելի նորամուծություն էր վերջին զանգին զուգահեռ՝ վերջին դասը, որը երեխաների հիշողությունները, տրամադրությունները ամփոփելու հրաշալի հնարավորություն էր։ Դրանից հետո նրանք եկեղեցի գնացին։ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ երեկոյան 6-ին շրջանավարտների համար Ազատության հրապարակում հրաշալի համերգային ծրագիր էր կազմակերպված։ Մասնակցում էր քաղաքապետարանի ողջ անձնակազմը։ Քաղաքապետը շրջեց եւ ջերմ զրույցի բռնվեց երեխաների հետ։ Շատ լավ էր կազմակերպված հասարակական կարգի պահպանությունը, այդ օրը մեր ոստիկանները երեխաների ընկերներն էին՝ միասին պարում էին, ուրախանում։ Մեքենաների լայնածավալ շքահանդեսներ չեղան այս տարի, տուգանային հրապարակ տարված մեքենաների թիվը շատ սահմանափակ էր։ Ըստ էության, բացառվեցին ծայրահեղությունները, որ սովորաբար լինում են զանգվածային միջոցառումներում։ Ընդհանրապես Հանրապետությունում պատահարների թիվն այդ օրը շեշտակիորեն կրճատվեց՝ ըստ էության, բացառվեց։ Ամենուրեք տիրում էր մեր մաստաղ սերնդին դեպի կյանք ճանապարհ դնելու տոնական մթնոլորտը։

Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ