ՏՀՏ ոլորտը որակյալ կադրերի պակաս ունի

Շուրջ 60 տեղական եւ արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններ երկու օր` հունիսի 15-ին եւ 16-ին, մասնակցեցին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ամենակարեւոր միջոցառումներից մեկին` «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին:

Ֆորումի նպատակն է` աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը եւ մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Այս տարի ավելացել էր ոչ միայն միջոցառման մասնակիցների քանակը, այլեւ աշխարհագրությունը. մասնակիցները եկել են Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Դանիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից, Մոլդովայից եւ Վրաստանից: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մասնակից երկրների քանակի ավելացումը հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման համար անչափ կարեւոր է` փորձի փոխանակման եւ վերջին զարգացումներին առաջին ձեռքից ծանոթանալու առումով: «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի նիստերից եւ ցուցահանդեսից բացի` անցկացվել են նաեւ շուրջ 40 մասնագիտական սեմինարներ եւ շնորհանդեսներ, որտեղ հիմնականում քննարկվում էին ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները: ՀՀ-ում ՏՀՏ ոլորտի զարգացման տեմպերի եւ ոլորտի աճին խոչընդոտող խնդիրների մասին զրուցեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանի հետ: ԻՏՁՄ նախագահի խոսքով` ՀՀ-ում ՏՀՏ ոլորտը վերջին հինգ տարվա ընթացքում աննախադեպ աճ է գրանցել: «Ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել այս տարիների ընթացքում, եւ փոխվել են առաջադրված խնդիրները: Ընկերությունները հիմնականում արդեն խնդիր չունեն ինտերնետի, հեռախոսակապի, նաեւ շարժական կապի իմաստով, այս ամենը դարձել է ավելի մատչելի»,- ասաց նա` նշելով, սակայն, որ ոլորտի դինամիկ աճը բերել է իր հետ նոր խնդիրներ եւ մարտահրավերներ: Ներկայումս ՏՀՏ ոլորտի առաջնահերթ եւ հիմնական խնդիրը, ըստ Ավոյանի` կադրերի պակասն է: «Մենք կարող ենք շատ ավելի արագ զարգանալ, եթե համապատասխան կադրեր լինեն: Մեր հաշվարկներով, տարեկան մինչեւ 2 հազար լրացուցիչ աշխատատեղ կարող է ստեղծվել ոլորտում, իսկ դա մոտ 40-50 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ է երկրի համար»,- ասաց Ավոյանը: Այդուամենայնիվ, հարկ է նկատել, սակայն, որ քիչ չէ նաեւ այն մասնագետների թիվը, ովքեր հեռանում են Հայաստանից: Արդյոք կլինե՞ն այնպիսի պայմաններ, որ պատրաստված որակյալ կադրերը մնան Հայաստանում: Այս հարցին ի պատասխան` Հ. Ավոյանն ասաց, որ նման կադրերը ՀՀ-ից հեռանում են նաեւ որակյալ կրթության պակասի պատճառով: Սակայն, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ` դրսից ներհոսք էլ կլինի, եւ առաջատար տեխնոլոգիական մի շարք ընկերություններ կցանկանան իրենց գործունեությունը ծավալել նաեւ ՀՀ-ում։ «Յուրաքանչյուր տարի բավարար մասնագետներ չունենալու հանգամանքով պայմանավորված` բազմաթիվ միջազգային ընկերություններ պարզապես չեն գալիս մեր երկիր»,- ասաց Հ. Ավոյանը` նշելով, որ սա մի ոլորտ է, որտեղ որակյալ մասնագետը գործազուրկ չի մնա, քանի որ բարձր վարձատրվող բազմաթիվ հաստիքներ այդպես էլ թափուր են մնում: Ըստ զրուցակցիս` այսօր ՀՀ-ում կադրերի պատրաստման ուղղությամբ կարճաժամկետ կտրվածքով որոշ խնդիրներ լուծվում են, եւ պարբերաբար տարբեր դասընթացներ են իրականացվում, համալսարաններում համապատասխան լաբորատորիաներ են ստեղծվում, սակայն անհրաժեշտ է խնդիրը լուծել երկարաժամկետ կտրվածքով: «Կադրերի խնդրի լուծման արդյունքում ոլորտը կունենա աննախադեպ աճի ցուցանիշ, որին ոչ մի ուրիշ ոլորտ անգամ մոտ էլ չէ»,- ասաց ԻՏՁՄ նախագահը: Որակյալ կադրերի խնդիրը ՏՀՏ ոլորտի խնդիրների ընդամենը 80%-ն է, մնացած 20%-ը, ըստ Ավոյանի` վարչական են եւ վերաբերում են հարկային, մաքսային խոչընդոտներին: «Այս ուղղությամբ շարժ կա, սակայն այն դեռեւս բավարար չէ»,- ասաց Հ. Ավոյանը:

Ինչ վերաբերում է ներկայումս ոլորտում գրանցվող աճի տեմպերին, ապա, ըստ ԻՏՁՄ նախագահի` ՀՀ-ում ՏՀՏ ոլորտի մոտ 30% աճը երկու բաղադրական մաս ունի. այն պայմանավորված է ՀՀ-ում հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման տեմպերով, ինչպես նաեւ արտադրանքի արտահանման ծավալների աճով, վերջինս կապված է սփյուռքի հետ սերտ կապերի հանգամանքով, քանի որ հայկական սփյուռքի շնորհիվ հայաստանյան ընկերությունները պատվերներ են ստանում եւ կարողանում են վաճառել իրենց արտադրանքը միջազգային շուկաներում:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. «ԴիջիԹեք» բիզնես ֆորում 2012»-ում ներկայացված ամենահետաքրքիր նորույթների եւ հայաստանյան նորարարությունների մասին կարող եք կարդալ մեր թերթի հաջորդ համարում: