«Դիջիթեք-2012» բիզնես ֆորումի ամենահետաքրքիր նորությունները

«168 Ժամն» առանձնացրել է «ԴիջիԹեք-2012» բիզնես ֆորումին ներկայացված ամենահետաքրքիր նորույթներն ու հայաստանյան նորարարությունները:

Անօդաչու թռչող սարքեր

«ԴիջիԹեքում» առաջին անգամ անօդաչու թռչող սարք ներկայացվեց: Այն մշակել եւ պատրաստել էին Հայաստանում Ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները: Սարքի հեղինակներից Էդգար Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն հիմնականում նախատեսված է խաղաղ պայմաններում կիրառելու համար: «Սարքը բազմաֆունկցիոնալ է, այն նախատեսված է ճանապարհների, քաղաքների, անտառների կամ աղետների վերահսկման եւ մոնիտորինգի համար»,- ասաց Է. Մովսիսյանը: Ներկայացված անօդաչու սարքի անվանումը «Բազե» է, այն գերթեթեւ թռչող ինքնաթիռ է, քաշը` մոտ 5 կգ, եւ կարող է իր հետ ունենալ մինչեւ 1.5 կգ օգտակար բեռ: Է. Մովսիսյանի տեղեկացմամբ` անօդաչու սարքը ղեկավարվում է օնլայն ռեժիմով` մինչեւ 40 կմ տարածության վրա` սարքի վրա դրված տեսախցիկի օգնությամբ: Նշենք, որ «Բազեն» մեկն է այն սարքերից, որ աշնանը կմասնակցի առաջին անգամ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («Արմռոբոտիքսի») շրջանակներում անցկացվող անօդաչու թռչող սարքերի մրցույթին: «Արմռոբոտիքս» մենեջեր Մարիամ Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անչափ ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ռոբոտատեխնիկայի բնագավառում նման բարդ մրցույթ: «Մրցույթի ժամանակ սարքերը պետք է թռչեն համապատասխան տարածքով` հետեւելով տարածքի վրա տեղադրված նշաններին, կարդան դրանք, հասկանան կոորդինատը եւ այդպես անցնեն իրենց ճանապարհը: Վերջին կոորդինատին սարքը պետք է 100-200 գրամ բեռ նետի, այդ ամենը պետք է նկարահանի եւ այդ տեղեկատվությունը օնլայն ցուցադրի համակարգիչների վրա»,- ասաց «Արմռոբոտիքսի» մենեջերը: Մ. Նահապետյանի տեղեկացմամբ` մրցույթին կմասնակցի 15 թիմ, որոնցից 11-ը Հայաստանից են, իսկ 4-ը արտերկրից` Իրանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից եւ, հնարավոր է, մասնակից լինի նաեւ Մոսկվայից: Մրցույթի մասնակիցների գրանցումն արդեն ավարտվել է: Մրցույթի մասնակից անօդաչու թռչող սարքերը հուլիսի կեսերից կսկսեն իրենց փորձնական թռիչքները կատարել Արզնիի օդանավակայանում:

«Ինովացիոն ջերմոց» կամ ինչպես ջերմոցները ջեռուցել գազալցակայանների հաշվին

«ԴիջիԹեքում» առաջին անգամ ներկայացվեց «Ինովացիոն ջերմոց» կամ ջերմոցների ջեռուցման նորարարական մեթոդ: Նորարարությունը ներկայացնում էին երիտասարդ ռադիոֆիզիկոսները` իրենց նորաստեղծ «Իննովեյթիվ Գրինհաուս» ընկերության տաղավարում: Ընկերության անդամ Տիգրան Գասպարյանի խոսքով` ջերմոցների ամենամեծ ծախսը ջեռուցման հարցն է, իսկ իրենց առաջարկած ինովացիոն ջեռուցման համակարգը հնարավորություն է տալիս կրճատել այդ ծախսերը: «Մենք առաջարկում ենք ջեռուցումը ստանալ գազալցակայաններից»,- ասաց Տ. Գասպարյանը: Երիտասարդ ռադիոֆիզիկոսներն առաջարկում են գազալցակայանների կողքին կառուցել ջերմոցային համալիր, որի ջեռուցման մեծ մասը կապահովվի ԱԳԼՃԿ-ներում գործող հսկայական կոմպրեսորներից անջատված էներգիայի հաշվին: «Գազալցակայաններում առկա տաքացած կոմպրեսորները հովացվում են սառը ջրի շրջանառության միջոցով, կոմպրեսորը հովացնելուց հետո սառը ջուրը տաքանում է, իսկ տաքացած ջուրը չի օգտագործվում եւ կորչում է: Այնինչ դա կարող է օգտագործվել ջերմոցի ջեռուցման համար»,- ասաց Տ. Գասպարյանը: Նույն ընկերության անդամ, ռադիոֆիզիկոս Եղիշե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ ֆիզիկայի տեսանկյունից այդ ամենն իրականացնելը բարդ չէ, պարզապես կոմպրեսորից դուրս եկող տաք ջուրը միացնելու են ջերմոցի ջեռուցման համակարգին եւ այդպիսով տաքացնելու են ջերմոցը: Երիտասարդ ռադիոֆիզիկոսները մանրամասն ծրագիր են մշակել, թե ինչպես պետք է դիմակայել դժվարություններին, օրինակ` եթե գազալցակայանը մշտապես չի աշխատում: Նրանք նաեւ ջերմոցների լուսավորության այլընտրանքային եղանակ են մշակել` արեւային էներգիայի հաշվին: Այս նորարարություններով «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին երիտասարդները մասնակցում էին գործընկերներ գտնելու նպատակով, սակայն այդպիսով չեն սահմանափակվելու, շուտով նորաստեղծ «Իննովեյթիվ Գրինհաուս» ընկերության անդամները նորարարությունը ներկայացնելու են հայաստանյան տարբեր գազալցակայանների ղեկավարներին:

Մոբայլ առողջություն կամ ինչպես բջջային հեռախոսով լսել սրտի աշխատանքը

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակներում ներկայացվեց նաեւ տեխնոլոգիաների կիրառումը առողջապահության ոլորտում: Դրսից հրավիրված մասնագետները ներկայացրեցին ոլորտում վերջին նորարարությունները, հատկապես բջջային հեռախոսակապի հիման վրա աշխատող համակարգը, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով տեղեկանալ հիվանդի մի քանի ցուցանիշների, ինչպիսիք են` էլեկտրոկարդիոգրաման (ԷԿԳ), արյան ճնշումը, շաքարի եւ թթվածնի պարունակությունը արյան մեջ եւ այլն: Միջոցառման նախաձեռնությունը Հեռաբժշկության հայկական ասոցիացիայինն էր: Ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ նման սարքերը հնարավորություն են տալիս հիվանդին եւ բժշկին անընդմեջ կապի մեջ լինել: Բժիշկը, գտնվելով բուժկենտրոնում, նույն պահին կարող է ախտորոշել հիվանդի վիճակի փոփոխությունները եւ անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկել, իսկ հիվանդները, ովքեր անընդհատ բժշկի հսկողության կարիք ունեն, ազատվում են բժշկի այցելելու ամենօրյա անհարմարությունից:

Ներկայացված սարքավորումները ստեղծվել են ֆինն-հոլանդական համատեղ «MegaKoto» ընկերության մասնագետների կողմից: Ընկերության տնօրեն Մարկո Ջանտունեն մեզ ցուցադրեց իր սրտի աշխատանքը` սրտին ամրացված սարքի եւ դրան միացված բջջային հեռախոսի միջոցով: «ԷԿԳ-ի դեպքում հիվանդի կրծքին ամրացվում է շատ փոքր սարք, որը գրանցվող ԷԿԳ-ն «բլյութութի» միջոցով փոխանցում է բջջային հեռախոսին, այնուհետեւ 3G ինտերնետ կապի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են բժշկի համակարգչին, որ երկրում էլ որ նա գտնվի»,- ասաց Մ. Ջանտունեն: Այսպիսով, բժշկի մոտ գտնվող հիվանդի ԷԿԳ-ի տվյալները համեմատվում են նոր ստացված տվյալների հետ, հնարավոր վտանգների դեպքում` ահազանգում դրանց մասին:

Արտասահմանցի մասնագետն ասում է, որ իրենց մոտ` Հոլանդիայում եւս, նման սարքերը դեռեւս լայն տարածում չունեն, քանի որ շատերը չգիտեն դրանց գոյության մասին, սակայն բժշկության ապագան հենց այս ուղղությամբ է ընթանալու, քանի որ ողջ աշխարհում հեռահաղորդակցական տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ` մեծ պահանջարկ է սկսում նկատվել հենց թվային բժշկության եւ հատկապես մոբայլ առողջության լուծումների մասով: Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով` ներկայացված սարքերը Հայաստանում, հնարավոր է, կիրառվեն շատ շուտով` մեկ տարվա ընթացքում: Ներկայումս այս ուղղությամբ ասոցիացիան բանակցություններ է տանում սարքերը ստեղծող ընկերության հետ: Գ. Չալտիկյանի խոսքով` մոբայլ առողջության լուծումների տարածումը կապված է ողջ աշխարհում սմարթֆոնների կիրառման աճի տեմպերի հետ, դրանց կիրառումը վերջին շրջանում Հայաստանում եւս բավական նկատելի է:

Տեխնոլոգիաները` տուրիզմի ոլորտում. Հյուրանոցների առցանց ամրագրման ազգային համակարգ

Հայաստանյան ներգնա տուրիզմում տեխնոլոգիաները սկսել են բավական ակտիվորեն կիրառվել: Մեր երկիրն, ի տարբերություն հարեւան երկրների, ունի տեղական հյուրանոցների օնլայն ամրագրման համակարգ` armhotels.am-ը: Մինչ կայքի գործարկումը համակարգի ստեղծման վրա աշխատել են շուրջ 3 տարի: Armhotels ընկերության տնօրեն Աշոտ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համակարգի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Ներկայումս կայքի միջոցով կարելի է համարներ ամրագրել Հայաստանի ու ԼՂՀ-ի մոտ 130 հյուրանոցներում, որոնց թիվը պարբերաբար ավելանում է: «Այսօր շատ քիչ երկրներ կարող են ասել, որ մեր երկիրն ունի իր առցանց ամրագրման համակարգը: Այդ է պատճառը, որ մենք այն երբեմն անվանում ենք հյուրանոցների առցանց ամրագրման ազգային համակարգ»,- ասաց Ա. Նազարյանը: Նշենք, որ առաջին ազգային օնլայն ամրագրման համակարգը պաշտոնապես գործարկվել է մարտի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: www.armhotels.am համակարգը թույլ է տալիս համակարգել եւ ամփոփ կերպով ներկայացնել Հայաստանում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները: Վճարումն իրականացվում է Moneybookers եւ ArCa վճարային համակարգերի միջոցով:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ