«ԹեքԴեյզը»` առաջին անգամ Հայաստանում

«ԹեքԴեյզն» իր շուրջն էր համախմբել 100-ից ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների պրոների` ծրագրավորողների, սիսադմինների:

Հայաստանում հունիսի 20-ին առաջին անգամ անցկացվեց Մայքրոսոֆթ Հայաստան ընկերության կողմից կազմակերպվող «ԹեքԴեյզ» միջոցառումը: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների(ՏՏ) մասնագետներին տեղեկանալ, «Մայքրոսոֆթի» վերջին նորություններին: «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով` սա Հայաստանում «Մայքրոսոֆթի» կազմակերպած ավելի ընդլայնված միջոցառումն է: «Միջոցառումը օգտակար կլինի բոլորի համար, այն ոչ միայն ծրագրավորողների համար է, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալների համար է ընդհանրապես»,- ասաց Գ. Բարսեղյանը: Նրա տեղեկացմամբ` առաջին անգամ ՀՀ-ում կազմակերպվող «ԹեքԴեյզ» միջոցառումն անչափ կարեւոր է ներկայումս արագ զարգացող ՏՏ միտումների ֆոնին, ոլորտում տեղի ունեցող զարգացումները քննարկելու եւ աշխատանքները ճիշտ պլանավորելու համար: «Մայքրոսոֆթի» ռեգիոնալ տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դավիս Բարեն մեզ հետ զրույցում ասաց, որ «ԹեքԴեյզը» կազմակերպվում է ոչ բոլոր երկրներում, որտեղ «Մայքրոսոֆթն» այս կամ այն կերպ ներկայացված է, սակայն այն իրավամբ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալներին ծանոթանալ «Մայքրոսոֆթի» գործիքներին եւ ծրագրային լուծումներին, եւ նրան, թե որ ուղղությամբ է առաջ շարժվում ընկերությունը: Նշենք, որ միջոցառման ընթացքում մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեն լսելու, այլեւ ակտիվ քննարկելու եւ իրենց հուզող բոլոր հարցերը ներկայացնելու համաշխարհային ՏՏ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների եւ արդիական տենդենցների մասին: Միջոցառման մասնակիցների համար «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում այսօր կազմակերպվելու են պրակտիկ աշխատանքներ:

Լ. ՄՈՎՍԻՍՅԱՆ