Էլի ՆԷՊ

Հարազատ վիճակագրական ծառայությունն էլի երջանկացրեց բոլորիս: Շտապ հավաքագրված տվյալների ամփոփմամբ հրապարակեց 2012-ի առաջին հինգ ամիսների տնտեսական տվյալները: Փորձը ցույց է տալիս, որ «շտապ հավաքագրված տվյալներ» կոչվածը հետագայում փոփոխության համարյա չի ենթարկվում: Հաստատ չեն փոփոխվում տնտեսական աճ արձանագրող թվերը: Եթե փոփոխվում էլ են, ապա միայն ավելի փայլուն պատկեր կերտելու ուղղությամբ: Այնպես որ, կարելի է ուրախանալ նաեւ նախնական տվյալներով: Աջ ու ձախ աճել ենք: Տնտեսության համարյա բոլոր ոլորտներում: Տնտեսական ակտիվության ցուցանիշից` մինչեւ միջին ամսական անվանական աշխատավարձ: Աշխատավարձն, ի դեպ, տարվա սկզբից աճել է մոտ 4,7 տոկոսով: Ոչինչ, որ ոչ ոք չի հանդիպել որեւէ բժշկի, ուսուցչի կամ շինարարի, ում աշխատավարձն այս տարի ավելացել է: Բայց հույսներդ մի կտրեք: Մինչեւ տարվա վերջ ժամանակ կա՝ հավանաբար կհանդիպեք: Հատկապես, որ տնտեսության իրական հատվածի՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մասին դրական տեղեկատվություն կա: Արդյունաբերությունը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 15 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3,2: Հավանաբար, մեր վիճակագիրներն առայժմ տեղյակ չեն, որ տարին գյուղատնտեսության համար բավական արդյունավետ է: Կիմանան` ավելի բարձր աճ կարձանագրեն: Հատկապես, որ ուր որ է` կսկսվի միրգ-բանջարեղենի արտահանման ակտիվ սեզոնը: Արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատ արդեն 15 տոկոսով աճել է: Պատկերացրեք, թե որքան կմեծանա այս թիվը գյուղմթերքների հաշվին: Իսկ դա շատ կարեւոր է: Որովհետեւ այս տարի զուգահեռաբար աճել է նաեւ ներմուծումների ծավալը՝ 7,1 տոկոսով: Արտահանումների առաջանցիկ տեմպով ոգեւորվել շատ պետք չէ: Մեր արտաքին ապրանքաշրջանառության 75 տոկոսը բաժին է ընկնում ներմուծումներին: Այսինքն` մեր տնտեսությունը շարունակում է երեք անգամից ավելի տարադրամ արտահանել երկրից, քան աշխատել: «Որտեղի՞ց մեզ տարադրամ» հարցն ինքնին հռետորական է: Միջազգային կառույցներից վարկի տեսքով տարադրամ ներմուծելու ակտիվ ժամանակներն արդեն անցել են: Տարադրամ մեր տնտեսության համար կապահովեն արտագնա աշխատանքի մեկնած մեր հարազատները: Հետեւաբար, ինչպես նախորդ տարիներին, մեր իրական տնտեսական կյանքը ուղիղ մեկ քառորդով կապ ունի մեր երկրի տնտեսության հետ: Մեր կառավարություն ասվածը իրականում հենց այդ մեկ քառորդն էլ կառավարում է: Իրական տնտեսական կյանքի ուղիղ երեք քառորդը վստահելով հայրենյաց ներմուծող օլիգարխներին: Այնպես որ, երեկ ԱԺ-ին ներկայացրած կառավարության գործունեության ծրագիրը իրականում տնտեսության հենց մեկ քառորդի մասին է: Անգամ այն հատվածը, ուր մեր հին (բայց նորովի ներկայացող) կառավարությունը խոստանում է բարելավել ծնելիության ցուցանիշները երկրում: Ծնելիության ցուցանիշների բարելավման գործի տակից 1998թ. վարչապետ Արմեն Դարբինյանի «վունդերկինդների» կառավարությունը դուրս չեկավ: Մինչդեռ նախարարաց միջին տարիքն այդ կառավարությունում բավական մոտ էր վերարտադրության ակտիվ տարիքին: Ծնելիության խնդիրները կառավարության հետ, հուսանք, որ ոչ ոք չի կապում: Այլապես ժողովրդագրական առանց այն էլ տխուր պատկերն ավելի անմխիթար կդառնար: Իհարկե, մեծ է գայթակղությունը` ժողովրդագրական խնդիրները որպես հենց կառավարության գործունեության արդյունք ներկայացնելը: Վիճակագրական տվյալները որքան էլ արժանահավատ չլինեն, միեւնույն է, դրանք իրական պատկեր ձեւավորող տվյալներ պարունակում են: Օրինակ, կարելի է հետեւել, թե ինչի հաշվին ու երբ է արձանագրվել արդյունաբերության 15 տոկոսանոց աճը: Մեր արդյունաբերությունը, պարզվում է, հիմնականում աճել է հունվար ամսին՝ 21 տոկոսով: Ճիշտ ու ճիշտ ամենաքիչ աշխատանքային օրեր ունեցող հունվար ամսին: Երբ առաջին տասնօրյակն աշխատանքային չէ: Աշխատանքային չէ կառավարության որոշմամբ: Մեկ ուրիշ ցուցանիշ էլ կարող է խանդավառության առիթ դառնալ պատասխանատու լրատվամիջոցների համար: Նրանք հաստատ կնկատեն ու կհրապարակեն, որ արդյունաբերության 15 տոկոսանոց աճն ապացուցվում է արտադրվող էլեկտրաէներգիայի ցուցանիշներով: Նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել: Բայց նույն վիճակագրության տվյալներն ամփոփելով` կարելի է տեսնել, որ դա ավելի շուտ երկարաձգված ձմեռվա արդյունք է: Հունվարին արտադրվել է 764 մլն կՎտ ժամ էներգիա, փետրվարին՝ 767.5, մարտին՝ 701, ապրիլին՝ 527, մայիսին՝ 640: Այսինքն էլեկտրաէներգիայի հիմնական սպառողը ոչ թե արդյունաբերությունն է եղել, այլ բնակչությունը: Ցուրտ ու երկար ձմեռը նպաստեց էներգետիկայի «բարգավաճմանը»: Իսկ այ, շինարարությունը սպառնում է դառնալ հիմնական գլխացավ: Այս ոլորտն իր երկնիշ աճով տարիներ շարունակ նպաստեց տնտեսության աշխուժացմանը: Հիմա անդադար կրճատվում է: Միակ ոլորտն է, որ նախորդ տարվա համեմատ 8 տոկոսով նվազել է: (Մամուլն արդեն գրել է ցեմենտի գործարանի պարապուրդի մասին): Կիսակառույց մնացած «էլիտար» շենքերը կամաց-կամաց վերածվում են «էլիտար» աղբանոցների: Քաղաքի համարյա բոլոր թաղամասերում: Խնդիրն ամենեւին էլ մեր՝ քաղաքաբնակներիս կենցաղավարման ցածր մակարդակը չէ: Ոչ էլ հանրային զուգարանների պակասը: Լատինաամերիկյան երկրների տնտեսության ցանկացած վերլուծության մեջ կարելի է հանդիպել «էլիտար տրուշչոբաներ» արտահայտությանը: Այդ երկրներում էլ շինարարությունը «բում» ապրեց այն պահին, երբ դրանց կառավարությունները միջազգային կառույցներից վարկեր վերցրեցին: (Տնտեսագիտության ժամանակակից առասպելաբանության համաձայն` շինարարությունը փող լվանալու ամենանպաստավոր ոլորտն է): Լատինաամերիկյան բոլոր խոշոր քաղաքների կենտրոններում «էլիտար» կիսակառույցները վերածվել են հանրային զուգարան-աղբանոցների եւ անտունների (բոմժերի) կացարանների: Այս հեռանկարը մեր քաղաքում էլ է կամաց-կամաց ուրվագծվում: Բայց, եթե դուք անուղղելի լավատես եք, հետեւեք մեր խորհրդարանի նիստերին: Այնտեղ նոր կառավարության նոր տնտեսական ծրագիրն են քննարկում: