Գործ կունենան մեկ մաքսայինի հետ

«Միջազգային ինտեգրման գործընթացը տարածաշրջանային ինտեգրմանը հակադրելը ճիշտ չէ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խոսելով հայ-վրացական ներկա հարաբերությունների մասին` նա նշել է, որ վերջին տարիներին կողմերը լուրջ բարելավում են արձանագրել հարաբերություններում: Երկու հարեւան երկրները հասել են քաղաքական պայմանավորվածության եւ ներկայում միասնական մաքսային համակարգ են մշակում: «Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները գործ կունենան միայն մեկ մաքսային ծառայության հետ, որն ընդունելի կլինի երկու երկրների համար էլ, եւ զգալիորեն կկրճատի մաքսային ձեւակերպումների գործընթացը: Մենք այսօր աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա, որոնք զգալիորեն կհեշտացնեն շփումները»,- ասել է նա: Նրա խոսքով` Հայաստանի ու Վրաստանի միջեւ երկրորդ կարեւոր պայմանավորվածությունը քաղաքական պայմանավորվածությունն է, որ երկու երկրների շուկաները տնտեսվարող սուբյեկտների համար պետք է լինեն բաց եւ ապահովեն հավասար պայմաններ: «Մենք լիովին կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները եւ աշխատում ենք վրացական կողմի հետ` առկա անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ: Դրանցից է ճանապարհային վճարը, որը վրացի գործընկերները սկսեցին կիրառել 2011-ից: Այն զգալիորեն տարբեր է մեր գանձած վճարից: Միաժամանակ վրացական կողմը նշում է, որ 2011-ից մենք մտցրեցինք պարտադիր ապահովագրման համակարգը, եւ Վրաստանից Հայաստան մտնող մեքենաները պետք է վճարեն այդ գումարները»,- ասել է Տ. Սարգսյանը: