Պատրաստվում են վատագույնին

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները հիմնականում կախման մեջ են գտնվում եվրոգոտու առկա իրավիճակից, որն այժմ այդքան լավ ժամանակներ չի ապրում: Այս մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: Ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլեւ ողջ աշխարհն է սպասում ու վերլուծում այն ամենը, ինչը տեղի է ունենում եվրոպական երկրներում. այս մասին ասել է բանկի ղեկավարը` ավելացնելով, որ պրոցեսների հոգեբանական եւ տնտեսական ազդեցությունները Եվրոպայում իրենց մասին լսել կտան: Ճգնաժամի 2-րդ ալիքի նախանշաններն արդեն կան, սակայն` ինչ կլինի եւ ինչը գործի կդնի այդ մեխանիզմը, դեռեւս ոչ ոք չի կարող ենթադրել: Ըստ Կոնդակովի` բանկը տնտեսական իրավիճակի վատթարացում է կանխատեսում եվրոպական տարածաշրջանում, ընդ որում` ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլեւ բոլոր ոլորտներում, մասնավորապես` առեւտրի: «Իրավիճակն անկայուն է, եւ պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Մենք պատրաստվում ենք անգամ ամենավատ սցենարին»,- նշել է մասնագետը: