Առաջատարը տարածաշրջանում

«ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների բազան համապատասխանեցված է Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների բազաների հետ»,- երեկ կասուլիսում տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը, ըստ որի` մաքսային ծառայությունը պատրաստ է ՀՄԿ ցանկացած անդամ երկրի հետ իրականացնել տվյալների նախնական փոխանակում, ինչի շնորհիվ ավելի կդյուրացվի մաքսազերծման գործընթացը` մի քանի անգամ կրճատելով ապրանքների մաքսային ձեւակերպումների գործընթացի վրա ծախսվող ժամանակն ու գումարը: Փաշայանն ասել է, որ մասնակցելով Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից կազմակերպված մի շարք միջազգային աշխատաժողովներին, կոմիտեի մասնագետներն այդ ընթացքում ոչ միայն նոր գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում, այլեւ միաժամանակ հանդես են գալիս դասախոսությամբ: Վերջերս Էստոնիայում որպես ՀՄԿ կողմից ԱՊՀ երկրների մասշտաբով միակ հավաստագրված մասնագետ` ՊԵԿ ՏՏ վարչության պետ Միքայել Փաշայանը «Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդել» խորագրով աշխատաժողովին հանդես գալով դասախոսությամբ, ՀՀ մաքսային ծառայության օրինակով ներկայացրել է ազգային տվյալների համադրումը ՀՄԿ տվյալների մոդելին: Բրյուսելում տեղի ունեցած մեկ այլ համաժողովում միջազգային փորձագետները բարձր են գնահատել «մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված հայ մասնագետների կատարած աշխատանքները: Իսկ ավելի վաղ «Հարկատու-3»-ն առաջին մրցանակակիր է ճանաչվել Վրաստանում անցկացված միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը` պետական գործակալությունների կողմից տրամադրվող «ամենակիրառելի էլեկտրոնային ծառայություն» անվանակարգում ներկայացված պետական հատվածի 11 խոշորագույն նախագծերի շարքում: ՊԵԿ ՏՏ ոլորտի պատասխանատուներն օրերս են վերադարձել Թբիլիսիում տեղի ունեցած ՀՄԿ կազմակերպած «Հարավային Կովկասում առեւտրի խթանում, «մեկ պատուհան» սկզբունք եւ առեւտրային տվյալների պահանջների ներդաշնակեցում» խորագրով 2-րդ տարածաշրջանային համաժողովից, որին մասնակցել են 25-ից ավելի երկրների մասնագետներ: Համաժողովի ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը ՀՀ-ում եւ «Ազգային տվյալների համադրումը ՀՄԿ տվյալների մոդելին` ՀՀ մաքսային ծառայության օրինակով» թեմաներով զեկույցներ: Կոմիտեի մասնագետները ներկայացրել են նաեւ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակում թեմայով զեկույց: Կողմերը քննարկել են տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու մանրամասները: Իսկ համաժողովի ընթացքում արձանագրվել է, որ ՊԵԿ-ը կաջակցի մասնակից երկրներին` ազգային տվյալները Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելին համադրելու գործընթացում, կփոխանցի Հայաստանի կողմից ՀՄԿ ստանդարտներին ՀՀ մաքսային հայտարարագրի տվյալների համադրման փաստաթուղթը` որպես տիպային օրինակ օգտագործելու եւ կատարված աշխատանքից օգտվելու նպատակով: Միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներով, ինչպես նաեւ այս համաժողովում արձանագրված հաջողություններով եւս մեկ անգամ փաստվել է, որ համակարգում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ ՊԵԿ-ը տարածաշրջանում շարունակում է պահպանել առաջատարի կարգավիճակը: Այդ մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: