Բուժարար «դաշտերի կրակը»

Բոլոր մոլախոտերն օժտված են նախանձելի կենսակայունությամբ արտաքին ազդեցությունների հանդեպ։ Դրանց շարքում առանձնանում է «դաշտերի կրակ սողացողը», անվանում, որը պարզ թարգմանություն է լատիներենից` Agropyrun repens։

Բույսը նախկինում համարվել է ցանքատարածքներն աղբոտող «կրակ» մոլախոտ, հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը կիրառվել է ժողովրդական բժշկությունում, մշակվել Ցարական Ռուսաստանում, մեր օրերին Լեհաստանը արտահանում է սեզի կոճղարմատները։ Կան երկրներ, որոնց պետական դեղաբանական ձեռնարկներում ընդգրկված է նաեւ սեզ սողացողը։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ բույսի արմատները բավականին սննդարար են` դրանցից ստանում են ալյուր եւ պատրաստում շատ համեղ ոււտեստներ։ Հին սլավոներեն լեզվում անվանվել է պիրո=հաց։

Սեզը, այլ անվանումներն են` չայիր, սիզախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիների) ընտանիքին պատկանող բույս է։ Բարձրությունը հասնում է 50-120 սմ։ Ծաղկաբույլը բարդ հասկիկ է, ծաղիկները` դեղնականաչավուն։ Ի դեպ` մերձարմատային տերեւները ծաղկման շրջանում իրենց գծային ձեւով եւ գույնով նման են օջախում վառվող կրակի։ Ծաղկում է ամռան վերջում, պտուղը (մոտ 0,5 սմ) շատ նման է ցորենի սերմին։ Արմատային համակարգը բաղկացած է մի քանի հորիզոնական ուղղությամբ ճյուղավորվող կոճղարմատներից։ Չնչին մեխանիկական վնասվածքի դեպքում ստորգետնյա ճյուղը թեքվում է դեպի հողի մակերեսը եւ նոր բույսի ծիլ է տալիս։

Փխրուն բերրի հողերի վրա չի ծաղկում, խիտ, չոր հողերի վրա աճողը պարտադիր սերմ է տալիս մինչեւ հազար հատ։

Ամառային արեւադարձից անմիջապես հետո կոճղարմատների վրա առաջանում են ձմեռող պալարներ։ 100 քմ տարածքի վրա սեզի կոճղարմատների ընդհանուր երկարությունը չափվում է կիլոմետրերով, իսկ ստորգետնյա բողբոջների քանակը` միլիոններով։ Բողբոջներից յուրաքանչյուրը կարող է կազմավորել նոր բույս։ Բազմանում է նաեւ սերմերով։ Նոր ծիլերը դուրս են գալիս անմիջապես ձնհալը սկսելու հետ։

Բնական պայմաններում կազմում է մացառներ, որոնք նույն տեղում կարող են աճել մինչեւ 7 տարի։ Կան տվյալներ, որ ստացվել են ցորենի եւ չայիրի հիբրիդներ, որոնք բազմամյա ցրտակայուն բույսեր են, չեն վարակվում վնասատուներով եւ հիվանդություններով, նաեւ բարձր բերքատվություն ունեն։ Չայիրի բարձր կենսունակությունը բնորոշվում է դրա մեջ պարունակվող քիմիական նյութերով։ Օրինակ` ագրոպիրեն նյութի շնորհիվ բույսը դիմանում է սառնամանիքներին, եթե այդ նյութով մշակվի գարնանացան ցորենը, ապա այն նույնիսկ կարելի է ցանել աշնանը` գրականության մեջ նկարագրված են նման փորձեր։

Կոճղարմատը պարունակում է մոտ 11 տոկոս սպիտակուցներ, մինչեւ 10 տոկոս օսլայանման նյութ տրիտիցին, 10 տոկոս լորձանյութեր, ֆենոլային միացություն ավենին, 1,5 տոկոս ճարպայուղ, մոտ 10 տոկոս ածխաջրեր (լեւուլեզա, ֆրուկտոզա, մաննիտ, այլ), խնձորաթթու, կարոտին (մոտ 6 մգ/100 գ հումքի մեջ), կրեմնիում, երկաթ, նատրիում, կալցիում, ինոզիտ, ինուլին, պեկտին, դեռեւս չուսումնասիրված գլիկոզիդներ։ Խոտը պարունակում է 50 մգ կարոտին, 150 մգ ասկորբինաթթու, ալանին։

ՀՀ բնական պայմաններում բույսը առավել տարածված է բարձրադիր գոտիներում։ Բարձր սննդային արժեք ունեցող անասնակեր է, հաճախ ականատես ենք եղել, թե ինչպես են շները եւ կատուները ուտում չայիրի խոտը, հատկապես հիվանդ կենդանիները։ Ապացուցված է, որ այդ խոտը մաքրում է արյունը։ Կոճղարմատից ստացված դեղամիջոցները գիտական բժշկությունը օգտագործում է որպես աղերի փոխանակումը կարգավորող` հատկապես միզաթթուն օրգանիզմից դուրս բերող, պարուրող, խորխաբեր, լուծողական, քրտնամուղ, միզամուղ, արյունը մաքրող միջոց, նաեւ որպես հիմք դեղահաբերի արտադրությունում։ Գերմանիայի առողջապահության պետական ծառայությունը խորհուրդ է տալիս կիրառել կոճղարմատները միզուղիների բորբոքման, որպես օժանդակ միջոց` վերին շնչուղիների հիվանդությունների եւ լոգանքների ձեւով`դիաթեզի, թութքի, ռախիտի բուժման համար։

Ժողովրդական բժշկության մեջ չայիրի կոճղարմատով (երբեմն` ցողունով) պատրաստուկների կիրառումը բավականին լայն է` անեմիա, դժվար միզարձակություն, հոդատապ, ռեւմատիզմ, ռախիտ, թոքերի, լյարդի, երիկամների հիվանդություններ, ստամոքսաբորբ, կոլիտ, մաշկային ցան, դաշտանային պարբերության խանգարումներ, եւ այլն։

Բուժիչ հատկությունները բնորոշվում են բույսի բոլոր օգտակար նյութերի համատեղ ազդեցությամբ։ Առողջացնող, բարերար ազդեցության պատճառը այն է, որ բույսի պատրաստուկները լուծում եւ դուրս են բերում օրգանիզմից վնասակար նյութերը հեղուկի ավելցուկի հետ։

Արմատները հավաքեք տարածքը փոխելու եւ տափելու ընթացքում, հումքը փռեք բարակ շերտով անմիջապես արեւի տակ։ Ջեռոցում չորացումը կատարեք 60-70 C ջերմաստիճանի տակ։ Տերեւը հավաքեք ամռանը, բուժիչ նպատակով օգտագործեք դրա հյութը, որը մթերելու նպատակով թրմեք սպիրտի մեջ։ Խարկված կոճղարմատի փոշին օգտագործեք որպես սուրճը փոխարինող հումք։

Հյութ. Վերգետնյա մասը լավ լվանալուց հետո մինչեւ 1 րոպե պահեք եռջրի մեջ, չորացրեք քամիչի վրա, աղացեք։ Ավելացրեք հավասար քաշային հարաբերությամբ ջուր։ Լուծույթը հասցրեք եռման ջերմաստիճանի եւ 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, այն անջատելուց 1-2 րոպե հետո ավելացրեք օղի (1։1)։ Ոգեթուրմը պահեք սառնարանում կիպ փակված տարայի մեջ։ Թարմ հյութի ջրային լուծույթի պահպանման ժամկետը 2 օր է։

Առատ դաշտան, արգանդի արյունահոսություն. Խմեք 100-ական մլ թարմ հյութի լուծույթը օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Լեղաքարային հիվանդություն. Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։

Օգտակար է նաեւ ֆուրունկուլյոզի, օստեոխոնդրոզի, միզաքարային հիվանդության դեպքում։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։

Արյունը մաքրող. 2 թ/գ չոր կոճղարմատը 10 րոպե թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 1 շաբաթ։

– Քամեք թարմ կոճղարմատի հյութը, խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ։

Բորբոքումներ աղեստամոքսային համակարգում, հոդատապ, ռեւմատիզմ, վերին շնչուղիների, միզաքարային եւ լեղաքարային հիվանդություններ. 2 ճ/գ չոր կոճղարմատին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչեւ հովանալը, քամեք, մզեք հումքը։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։

– Նույն թուրմով խմելուց առաջ կատարեք հոգնա (30-40 մլ) հաստ աղիի, միզապարկի, միզուղիների բորբոքումների դեպքում։

Լոգանք. 100-ական գ չայիրի եւ կռատուկի արմատներին ավելացրեք 5 լ եռջուր, եփեք 10 րոպե։ Լոգանքի ջերմաստիճանը` 36-37 C, տեւողությունը` 30 րոպե։ Կատարեք շաբաթը 1-2 անգամ` մաշկային հիվանդությունների բուժման շրջանում որպես օժանդակ բուժում։ Միաժամանակ խմեք չայիրի վերգետնյա մասի հյութ կամ կոճղարմատի ջրային թուրմ.

– 2 ճ/գ մանրացրած թարմ հումքին (1 թ/գ չոր) ավելացրեք 400 մլ զտված ջուր, թրմեք 12 ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։

Միզապարկը, երիկամները մաքրող. Մանրացրեք, խառնեք 1-ական մաս տարկավանի ծաղիկը, ձիաձետ դաշտայինի խոտը, 2-ական մաս հապալասի տերեւը, չայիրի եւ խնկեղեգի արմատները։ Հումքի 1 ճ/գ-ն 5 րոպե եռացրեք 200 մլ եռջրով։ Խմեք 200-ական մլ` առավոտյան եւ երեկոյան սնվելու ընթացքում։

Երիկամների բորբոքումներ (նեֆրիտ). Մանրացրեք, խառնեք 2-ական մաս խնկեղեգի եւ չայիրի արմատները, հապալասի տերեւը, երեսնակ բժշկականի խոտը, մեկ մաս տարկավանի ծաղիկը։

1 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե (ջրային բաղնիք) մարմանդ կրակի վրա։ Քամեք, մզեք հումքը, վեականգնեք նախնական ծավալը եռջրով։ Թրմեք 1ժամ։ Խմեք այս չափաբաժինը քնելուց առաջ։

Խորխաբեր միջոց. 1 ճ/գ չայիրի արմատին ավելացրեք 1-ական թ/գ տատրակի եւ խռնդատի ծաղիկներ, թանթրվենու տերեւ։ Հումքը 5 րոպե եփեք 200 մլ եռջրում, թրմեք մինչեւ հովանալը, մզեք։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։

Սնունդը` դեղ

Չայիրի արմատից ստացված ալյուրն իր սննդային արժեքով չի զիջում ցորենին կամ տարեկանին։ Սակայն, քանի որ չի պարունակում սնձան, ապա դրանից հնարավոր չէ հաց թխել։ Չայիրի ալյուրը օգտագործում են հացաբուլկեղենի արտադրությունում` այլ բույսերից ստացված ալյուրի հետ խառնուրդի տեսքով։ Գերմանիայում չայիրի արմատից պատրաստում են գարեջուրը փոխարինող ըմպելիք։

Չայիրը որպես նյութափոխանակությունը կարգավորող միջոց` խորհուրդ է տրվում ընդգրկել սննդակարգի մեջ ռեւմատիզմի, հոդատապի, երիկամաբորբի, միզաքարային հիվանդության, ինչպես նաեւ` մաշկային հիվանդությունների բորբոքման ընթացքում։

– Խաշեք կես կգ կոճղարմատը, մանր կտրատեք կամ աղացեք, վրան ավելացրեք հարած ձու եւ կաթ։ Եփեք ջեռոցի մեջ։

– Աղացեք խաշած արմատը, ավելացրեք կաթ եւ խմորիչ, 10 ժամ թողեք տաք տեղում` մինչեւ թթվի, ավելացրեք ձու, ձեւավորեք կարկանդակներ եւ եփեք։

– Ճարպոտ ուտեստների (միս, ձուկ, թռչնամիս) հետ մատուցեք խաշած, աղացած չայիրի արմատ։ Համեմեք խնձորի քացախով, մանանեխով։

– Չայիրի ալյուրից պատրաստեք շիլա, կիսել։