Վարիկոզ. Ժողովրդական միջոցներ

– Ապակե տարան կիսով չափ լցրեք յասամանի տերեւներով, մնացած ծավալը լրացրեք օղիով։ 7 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Օրը 1-2 անգամ քսեք ոտքերին` ողջ երկայնքով, սկսեք մատներից։ Շարունակեք 1 ամիս։

– Քնելուց առաջ թրոմբլոֆլեբիտի, վարիկոզային խոցի դեպքում հիվանդ մասին ամրացրեք յասամանի թարմ տերեւներ։

– Հոգնած, ուռած երակներին օրը մի քանի անգամ քսեք կարտոֆիլի թարմ հյութ կամ դրեք թրջոցներ այդ հյութով։

Նաեւ առավոտյան եւ երեկոյան խմեք 100-ական մլ կարտոֆիլի հյութ։

– Կարտոֆիլի քերվածքը 1 սմ հաստության շերտով ամրացրեք վարիկոզային խոցին, վրայից դրեք 4-7 շերտ թանզիֆ։ Պահեք 4-5 ժամ։ Փոխեք վիրակապը կամ դրեք թրջոց կարտոֆիլի հյութով։

– Նոր սկսվող խոցերին քսեք կռատուկի տերեւի հյութ։

– Թրմեք 200 գ չորածաղկի (չոր) խոտաբույսը 6 լ եռջրում։ Պահեք տաք տեղում, մինչեւ հովանալը։ Լցրեք դույլի մեջ, կատարեք ոտքերի լոգանք, պարբերաբար ավելացնելով տաք ջուր` լոգանքի ջերմաստիճանը` 36-38 C։ Կատարեք քնելուց առաջ։ Փորձված ժողովրդական միջոց է։

– 100 գ չորածաղկին ավելացրեք 1 լ կաթնաշիճուկ, դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թուրմը (խոտի հետ) 5-6 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք։ Թանզիֆը թրջեք թուրմի մեջ եւ մի քանի շերտով` 4-7, փաթաթեք ոտքի վնասված հատվածին։ Վրայից դրեք չոր վիրակապ։ Կատարեք քնելուց առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։

– Մանրացրեք, խառնեք (1։1) վաղենակի տերեւը եւ ծաղիկը։ Հումքի 2 ճ/գ-ն թրմեք 300 մլ եռջրում մինչեւ հովանալը, դրեք թրջոցներ։

– Աղացեք հնդկացորենը, կերեք օրը 1 ճ/գ։

– 2 ճ/գ պնդուկենու չոր տերեւը (մայիսին հավաքած) 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։

– 3 ճ/գ ձիաձետի խոտը թրմեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Խմեք 4-5 օր։ Ընդմիջեք։

– Առավոտյան սնվելուց 30 րոպե առաջ խմեք 0,2 գրամ մումիո։ Շարունակեք 25 օր։ 10 օրից կրկնեք եւս 1 անգամ։