Համակարգչային ծրագրերի «պիրատությունը» Հայաստանում

26 մլրդ դրամի կորուստ ՀՀ-ում

Պարզվում է` Հայաստանում մեկ տարում 26 մլրդ դրամի կորուստ է արձանագրվում պիրատական ծրագրերի օգտագործման պատճառով: Հայաստանում համակարգչային լիցենզիոն ծրագրերի մասով պիրատության մակարդակը 89% է, նախորդ 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է 6%-ով: Պիրատական կամ ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործման պատճառով BSA IDC միջազգային կազմակերպությունների տարեկան հաշվետվության համաձայն` Հայաստանում 1 տարում` 2011 թվականին շուրջ 26 մլն դրամի կորուստ է արձանագրվել չարտոնագրված ծրագրերի օգտագործման պատճառով: Արդյունքում` մեր երկրում պիրատության ցուցանիշը 89% է կազմում: Այսինքն` Հայաստանը մի երկիր է, որտեղ գրեթե բոլորն օգտագործում են պիրատական ծրագրեր: Այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց BSA (Business Soft-ware Alliance) կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը: Նրա խոսքով` առաջընթաց կա, եւ արձանագրվող փաստերը հուսադրող են, սակայն, պիրատության մակարդակի նվազման տեմպերը շատ դանդաղ են ընթանում: «Պիրատության ցուցանիշը նվազեցնելը հեշտ չէ եւ ոչ մի երկրում: Որեւէ երկիր պիրատության նվազման տեսանկյունից մեծ քայլերով առաջ չի գնացել»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նրա խոսքով` նախորդ տարի ՀՀ-ում պիրատության ցուցանիշը նվազել էր 2%-ով, իսկ այս տարի այդ ցուցանիշը նվազել է ընդամենը 1%-ով: Ըստ Ն. Մկրտչյանի` եթե ՀՀ կառավարությունն իր նախարարություններով ձեռք բերեն արտոնագրված ծրագրեր, պիրատության մակարդակը 89%-ից կհասնի մինիմում 60%-ի: «Եվրոպական երկրներում կառավարության մասով հիմնականում արտոնագրված ծրագրերի օգտագործման որեւէ խնդիր չկա, սակայն մեր երկրում արտոնագրված ծրագրերի կիրառումh առավել նկատելի է բիզնես դաշտում, քան կառավարության շրջանում»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նշենք, որ 2007թ.-ից BSA ընկերությունը հանդես է գալիս «Մայքրոսոֆթի» իրավունքների պաշտպանությամբ:

ՀՀ բանկերի 80%-ը լիցենզիոն ծրագրեր է օգտագործում

Միակ ինստիտուտը Հայաստանում, որ մոտ 80% արտոնագրված ծրագրերով է աշխատում` բանկային համակարգն է: Հայաստանյան բանկերի 80%-ը ներկայումս օգտագործում է լիցենզիոն ծրագրեր: Այս մասին ասաց Նարինե Մկրտչյանը: Նրա խոսքով` իրենց կազմակերպության գործունեության սկզբում բանկերի 80%-ից ավելին ոչ լեգալ ծրագրեր էին օգտագործում, սակայն, երբ իրենք այդ խնդրով դիմեցին Ոստիկանությանը, այդ ժամանակ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը գրավոր դիմեց «Մայքրոսոֆթ» կորպորացիային, որի հետ համաձայնություն կնքեցին: Համաձայնեցվեց, որ իրենք այլեւս չեն խախտելու, եւ սկսում են ծրագրերի լեգալիզացիան: Այսինքն` օրինական ծրագրերի օգտագործումը: Արդյունքում` Ոստիկանությունն այլեւս որեւէ գործողություն չիրականացրեց, իսկ «Մայքրոսոֆթը» ներեց բանկերին, ինչը հաճախ է անում Հայաստանում: Այդպիսով, բանկերի 80%-ից ավելին, որոնք ոչ լեգալ ծրագրեր էին օգտագործում, սկսեցին օգտագործել օրինական ծրագրեր: ««Մայքրոսոֆթը» չի պահանջում օգտագործել անպայման ընկերության ծրագրերը, այլ պահանջում է չխախտել իր հեղինակային իրավունքը: Չէ՞ որ այդ ծրագրերը ստեղծելու համար ընկերությունը բավական լուրջ միջոցներ է ծախսել»,- ասաց Ն. Մկրտչյանը:

Զամբիայից առաջ ենք

2007թ. Հայաստանը պիրատության կամ հենության ցուցանիշով գտնվում էր նախավերջին տեղում, այդ ժամանակ պիրատության ցուցանիշը Հայաստանում կազմում էր 95%, եւ մեր երկիրն այս ցուցանիշով առաջ էր անցնում միայն Զամբիայից: Տարիների ընթացքում մեր երկրում հենության ցուցանիշը նվազել է, եւ ունենք արդեն 89% պիրատության ցուցանիշ: «Հիմա արդեն միայն Զամբիայից չէ որ առաջ ենք, այսինքն` մի 10 պետություն կա, որոնցից Հայաստանը առաջ է անցել, ինչը ուղղակի մեծ շարժ է Հայաստանի համար»,- ասաց Նարինե Մկրտչյանը:

Երեւանում 2010- 2011թթ. համակարգիչների վաճառքով զբաղվող 15 խանութներ փոխհատուցել են «Մայքրոսոֆթին» պատճառած վնասները: Ն. Մկրտչյանի խոսքով` խանութների ստուգումները շարունակվում են, սակայն «Մայքրոսոֆթն» այսօր մտադիր է խստացնել պատժամիջոցները: «Համաձայնության գալու դեպքում էլ պատճառված վնասի չափը չենք մեղմացնելու: Սովորաբար 10%-ի չափով ընկերությունը ընդառաջ էր գնում, երկկողմանի եւ շահավետ տարբեր լուծումներ էինք գտնում: Հիմա արդեն ես` որպես ներկայացուցիչ, հանձնարարական ունեմ աշխատել առավել խիստ մեթոդներով եւ պահանջել ամբողջ գումարը` ընդհուպ մինչեւ դատական կարգով»,- ասաց Ն. Մկրտչյանը` նշելով, որ այս տարիների պրակտիկան ցույց է տվել, որ համաձայնության գալու եւ ավելի մեղմ քաղաքականություն վարելու արդյունքում` վեց ամիս անց նույն ընկերությունները կրկին սկսում են խախտումներ կատարել: Նման խիստ մոտեցման մասին է խոսում նաեւ «Բրաբիոն Ֆլորա» սերվիսի նկատմամբ սկսված դատական գործը, որը Հայաստանում գրանցված առաջին դատական գործն է համակարգչային ոչ օրինական կամ պիրատական ծրագրերի օգտագործման համար:

Առաջին դատական գործը` «Բրաբիոնի» դեմ

«Բրաբիոն Ֆլորա» սերվիսի նկատմամբ սկսվել է դատական գործ` պիրատական ծրագրերի օգտագործման համար: Սա Հայաստանում գրանցված առաջին դատական գործն է համակարգչային ոչ օրինական կամ պիրատական ծրագրերի օգտագործման համար: Նարինե Մկրտչյանի` «Բրաբիոն Ֆլորա» սերվիսը «Մայքրոսոֆթ» ընկերությանը պետք է վճարի 2.422.536 դրամի չափով փոխհատուցում: Ն. Մկրտչյանը նաեւ ասաց, որ «Բրաբիոնն» ընդունում է, որ խախտել է «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքը, սակայն ընկերությունը չի ընդունում նման չափով հատուցումը: Իսկ թե ինչպիսի հանգուցալուծում կունենա խնդիրը` կորոշի դատարանը, Դատական նիստը նշանակված է հուլիսի 10-ին:

BSA-ի նամակները սկսել են կարդալ

Հինգ տարի առաջ Հայաստանում ոչ ոք չէր կարդում այն նամակները, որոնցով զգուշացնում էին «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքի խախտումների մասին: Այժմ վիճակը այլ է, երբ BSA-ից նամակ են ստանում` անմիջապես արձագանքում են, զանգահարում են եւ ցանկանում հանդիպել, իմանալ, թե իրենք ինչ իրավախախտում են կատարել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց BSA ներկայացուցիչը: Նրա խոսքով` Երեւանում գործող համակարգիչների վաճառքով զբաղվող մոտ 35 խանութներից ընդամենը 7 խանութում է, որ երբեւէ պիրատական ծրագրեր չեն վաճառվել:

«Այժմ շատ համակարգչային խանութներ ձեզ կասեն, որ պիրատական ծրագրեր չեն տեղադրում, իրոք խանութները այժմ մեծ ուշադրություն են դարձնում այդ ամենին, սակայն մեր իրականացրած մոնիտորինգը այժմ մեկ այլ բան է գտել. խանութը համակարգիչ է վաճառում լիցենզիոն ծրագրերով, սակայն խանութին կից գործում են սերվիս կենտրոններ, եւ եթե մարդիկ ուզում են ոչ լիցենզիոն ծրագիր, ուղարկում են իրենց «սերվիս կենտրոններ» կոչվածը, որոնք հիմնականում խանութին կից են լինում»,- ասաց Նարինե Մկրտչյանը` նշելով, որ այժմ իրենք թիրախ ենք վերցրել այդ սերվիս կենտրոնները: Ի դեպ` մեկ պիրատական ծրագրի համար որպես տույժ պետք է վճարել մեկ օրինական ծրագրի արժեքը: Օրինակ, Windows 7-ի, որը հաճախ կեղծում են, օրինական արժեքը 60-70 հազ. դրամ է:

«Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարեւոր է նաեւ երկրի բյուջեի համար»

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը մի կողմից` ինովացիոն, գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ունենալուն է նպաստում, իսկ մյուս կողմից` նաեւ բավական լուրջ բյուջետային մուտքեր է ապահովում: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոթֆի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով` «Մայքրոսոֆթի» ցանկացած պրոդուկտի օրինական ներմուծման պարագայում արժեքի մոտ 30%-ն անմիջապես հարկեր է գեներացնում: «Այսինքն հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարեւոր է մեր երկրի բյուջեի համար»,- ասաց Գ. Բարսեղյանը` ավելացնելով, որ նույնիսկ հենության նման բարձր ցուցանիշներ ունենալու պարագայում այսօր հարյուրավոր միլիոն դրամի հարկեր են վճարվում` շնորհիվ «Մայքրոսոֆթի» արտադրանքի:

Երեք նախարարություն է օրինական ծրագրեր օգտագործում

Հայաստանի Կրթության եւ գիտության, Էկոնոմիկայի, ինչպես նաեւ Արդարադատության նախարարությունները լիցենզիոն ծրագրեր են օգտագործում: Լիցենզիոն ծրագրեր են օգտագործում նաեւ Կադաստրի պետական տեսչությունը եւ մի շարք պետական հիմնադրամներ եւ միություններ: Այս մասին ասաց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով` պետության դերը հեղինակային իրավունքի պաշտպանության գործում բավական մեծ է ոչ միայն պատժիչ կամ օրենքի ուժի իմաստով, այլ շատ կարեւոր է հենց օրինակ ծառայելու իմաստով: «Ամբողջ աշխարհում է այդպես. բոլոր երկրներում հեղինակային իրավունքի ամենամեծ օգտագործողը պետական հատվածն է, որի դերն ու նշանակությունը որպես օրինակ` շատ կարեւոր է»,- ասաց Գ. Բարսեղյանը: Հայաստանում, սակայն, «Մայքրոսոֆթի» հիմնական հաճախորդները բիզնես ոլորտից են: Բարսեղյանը նշում է, որ դրանք հիմնականում հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություններն են, նաեւ ֆինանսական հատվածը` բանկեր, վարկային կազմակերպություններ եւ այլն, որոնց ծրագրերում սխալը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել: «Հայաստանում գործող օրենքները հեղինակային իրավունքի եւ մտավոր սեփականության պաշտպանության տեսակետից միջազգային կառույցների կողմից բավական բարձր գնահատականի են արժանանում, սակայն բուն օրենքների կիրարկման իմաստով խնդիրներ կան»,- ասաց գրասենյակի ղեկավարը: Ըստ նրա` վերջին շրջանում պետական կառույցները ` Ոստիկանությունը եւ այլն, բավական ակտիվացել են այդ հարցում, եւ իրենք զգում են պետության կողմից ավելի լուրջ, ավելի հստակ քայլերը` իրավիճակը բարելավելու իմաստով:

Անվճար ծրագրեր հայաստանյան հ/կ-ների եւ փոքր լրատվամիջոցների համար

Արդեն երկրորդ տարին է, «Մայքրոսոֆթը» մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի որոշ հասարակական կազմակերպությունների (հ/կ) եւ ոչ պետական լրատվամիջոցների համար մեկ տարի ժամկետով ավելի մատչելի է դարձնում ծրագրային ապահովման գործիքներից օգտվելու հնարավորությունը: «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով` այդ հնարավորությունից կարող են օգտվել կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության, մարդու իրավունքների եւ այլ բնագավառներում որոշակի գործառույթներ իրականացնող հ/կ-ները, ինչպես նաեւ` ոչ պետական եւ հ/կ-ներին կից գործող փոքր բյուջե ունեցող լրատվամիջոցները: «Այսինքն` վերոնշյալ բոլոր ընկերությունները կարող են անվճար օգտվել «Մայքրոսոֆթի» ծրագրային ապահովման գործիքներից` առանց տույժ վճարելու, եւ ապահովագրված կլինեն հնարավոր ռիսկերից եւ Ոստիկանության եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իրականացվող ճնշումներից»,- ասաց Գ. Բարսեղյանը: Ըստ նրա` այդ կազմակերպությունները կարող են պարզապես «Մայքրոսոֆթի» պաշտոնական ինտերնետային կայքից տպագրել «Մայքրոսոֆթի» ծրագրային ապահովման իրենց լիցենզիան եւ ստուգումների ժամանակ այն ներկայացնել իրավապահներին:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ