«Մատչելի բնակարանները» երիտասարդներին հետաքրքիր չեն

Երիտասարդ, կարող եւ աշխատասեր անձանց գործունեությունը Հայաստանում խթանելու համար, 2010թ. փետրվարի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 20Ա որոշմամբ գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան Երիտասարդներին» կազմակերպությունը: Ըստ առաջադրված ծրագրի, պետությունը խրախուսում է երտասարդների` երկրում հաստատվելու եւ գործունեություն ծավալելու որոշումները: Ավելին, այս ծրագրի միջոցով պետությունն աջակցում է երիտասարդներին` բնակարան ձեռք բերելու որոշման հարցում: Թեեւ Հայաստանում գործող 20 բանկային կազմակերպություններից 11 բանկային եւ 3 վարկային կազմակերպություններ են ներգրավված այս ծրագրում, սակայն բնակարան ձեռք բերելու առաջարկով դիմում են քչերը: Կան սահմանված ծրագրային կանոններ, որոնց տեղական շուկայում աշխատող երիտասարդները չեն համապատասխանում: Ըստ սահմանված կարգի` յուրաքանչյուր երիտասարդ զույգ, որ կցանկանա ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերել Երեւանում, պետք է ունենա բնակարանի արԺեքի 30%-ի չափով գումար` կանխավճարի համար: Նշենք, որ ըստ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երեւանում բնակարանի 1 քմ-ն արժե 257.100 դրամ: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ վարկառուն կարող է ձեռք բերել մինչեւ 16 մլն դրամ արժողությամբ բնակարաններ, ապա յուրաքանչյուր զույգ ծրագրին դիմելիս իր գրպանում պետք է ունենա 5-5.5 մլն դրամ գումար: Ստացվում է` 70 քմ բնակարանի տարածք ձեռք բերելու համար, վարկառուն պետք է ունենա միջինը 300.000 դրամ ամսական աշխատավարձ: Ի դեպ, այս ծրագրի շրջանակներում մշակվել էին հետաքրքիր չափանիշներ: Այն է` ծրագրին դիմող ամուսիններից ոչ ոք չի կարող 35-ից բարձր տարիք ունենալ: Ամուսինների տարիքի ընդհանուր հանրագումարը չպետք է գերազանցի 60-ը: Դա նշանակում է, որ ամուսինները պետք է հասցնեն իրենց բնակարանի գումարն ամբողջությամբ մարել մինչեւ իրենց կենսաթոշակի անցնելը: Մարզերում բնակարաններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար գործում են արտոնյալ պայմաններ: Նախկին 30%-ի փոխարեն, մարզերի բնակիչների համար գործում է 10% կանխավճարի պայմանը: Երիտասարդներին իշխանությունների այս նախաձեռնությունը սկզբում շատ էր ոգեւորել, սակայն որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ այդ ծրագիրը հասանելի չէ նրանց: «Ես արդեն 28 տարեկան եմ եւ ամուսնանալու, ընտանիք կազմելու նպատակ դեռ չունեմ: Հստակ գիտակցում եմ, որ ամուսնանալու, առավել եւս` հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար ինձ խոշոր գումար է հարկավոր: Իսկ իմ 150.000 դրամ աշխատավարձը հաստատ շատ քիչ է այդ քայլին գնալու համար»,- ասաց մեր զրուցակից երիտասարդը (ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում):

Դեռ սկզբնական փուլում ոլորտի պատասխանատուները հաշվարկներ էին կատարել՝ ճշտելու համար, թե այս ծրագիրը քանի պոտենցիալ մասնակից կարող է ունենալ։ Այսինքն՝ քանի՞ երիտասարդ զույգ կա, որ ունի բնակարանի խնդիր եւ վարկ վերցնել չի կարողանում՝ վարկավորման անհարմար պայմանների պատճառով (նախնական պարտադիր կանխավճար, բարձր տոկոսադրույք, եւ այլն)։ Ըստ այդմ, ստացվել էր, որ Հայաստանում այս ծրագրի թիրախային խմբում են 40.000 երիտասարդ զույգեր, ովքեր կարող էին օգտվել ծրագրից։ Պետությունը վերաֆինանսավորում էր տարեկան 300 վարկ։ 40.000-ի մեջ դա դեռ մի բան էլ քիչ էր թվում: Ստացվում էր` վարկ կարող է ստանալ բնակարանի կարիք ունեցող երիտասարդներից յուրաքանչյուր 133-րդը:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ի սկզբանե քիչ թվացող 300 վարկի հնարավորությունն էլ պետք եղածից շատ է, պահանջարկ չկա։ Օրինակ, նշենք, որ այս տարվա մարտ-հունիս ամիսներին կնքված վարկային պայմանագրերը թվով 129 են, համապատասխանաբար` 935.3 մլն ՀՀ դրամ արժույթով: Ստացվում է, որ նախապես պլանավորած ծրագիրն արդարացված չէ: Քիչ են վարկառուները, եւ դրա հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն են: Ուստի երիտասարդներին մնում է աշխատանք եւ կյանքի բարեկեցիկ պայմաններ փնտրել արտերկրում: «Առավել մեծ գումար վաստակելու համար երկրից ցանկանում եմ հեռանալ: Այստեղ ապագա չեմ տեսնում: Չեմ կարող միջինության մեջ թաղել ինձ եւ ապագա ընտանիքիս: Կհեռանամ, եւ երբ բավական գումար կկարողանամ աշխատել ընտանիքիս ու ինձ պահելու համար, հետագայում` տարիներ հետո, միգուցե մտածեմ Հայաստան վերադառնալու մասին»,- ավելացրեց մեր զրուցակից երիտասարդը:

Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ