50 լոբալ հայերը. Վահե Ամիրբեկյան

Վահե Ամիրբեկյանն ապրում է ԱՄՆ-ում եւ աշխատում է PayPal ընկերությունում: Ծնվել է Երեւանում 1970 թվականին:

Երկու տարի սովորել է Երեւանում, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ շարունակել է ուսումը Լեհաստանում` Կրակովում: Լեհաստանում աշխատել է ամերիկյան Motorola ընկերությունում: Այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ, աշխատել է մի քանի start-up ընկերություններում, Cisco-ում, eBay-ում: Ներկայումս աշխատում է PayPal ընկերությունում` որպես ռիսկերի վերլուծության բաժնի գլխավոր մենեջեր:

Երբ Վահեն 1989 թվականին մեկնում էր Կրակով` ուսումը շարունակելու, Խորհրդային Միությունն արդեն սասանվում էր, բայց դեռ քիչ թե շատ կայուն էր: Սակայն Վահեն ասում է, որ կայսրության փլուզման կանխազգացումը կար արդեն այն ժամանակ:

Տեղեկատվական շրջափակում էր` մարդիկ, ըստ էության, չգիտեին, թե այլ երկրներում ինչ է կատարվում, անգամ ԽՍՀՄ-ի համար բարեկամական Լեհաստանում:

«Երեւանից Լեհաստան մեկնեցինք 13 հոգով, իսկ, ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ-ից 60 ուսանող էինք` Էստոնիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Միջին Ասիայի հանրապետություններից, Ադրբեջանից: Հանրակացարանի սենյակը, որտեղ ապրում էինք երեք հայերով, ասես թանգարան լիներ. այնտեղ Հայաստանի քարտեզը կար, այբուբենի պաստառներ, եկեղեցիների նկարներ: Այդ ժամանակ հայերի մասին Լեհաստանում քիչ բան գիտեին` Սպիտակի երկրաշարժ ու Ղարաբաղյան շարժում:

Լեհաստանում շատ ուժեղ հակառուսական քարոզչություն էր գնում: Կրակովում էր գտնվում ԽՍՀՄ հյուպատոսությունը` ժամանակ առ ժամանակ մի փոքր ամբոխ գալիս էր այնտեղ եւ քարերով հարվածում»,- ասում է Վահեն:

Գալով Լեհաստան, Վահեն բացահայտեց, որ կյանքն այստեղ բավական տարբերվում է Խորհրդային Հայաստանից. «Այն ժամանակ Հայաստանում կյանքը դեռ լավ էր, իսկ երբ եկանք Լեհաստան, առաջին անգամ իմացանք, թե ինչ բան է ինֆլյացիան` առավոտյան ապրանքը մեկ գին ուներ, երեկոյան` ուրիշ, ավելի թանկ: Բայց կրթության որակը բարձր էր, սովորում էինք Լեհաստանի ամենալավ համալսարաններից մեկում»:

Կրակովում Վահեն որոշեց թողնել ռադիոֆիզիկան ու տեղափոխվեց ծրագրավորման ֆակուլտետ: Պատմում է, որ այնտեղ ընդունվելը հեշտ էր, բայց սովորելը` դժվար: Ֆակուլտետն ավարտում էր ընդունված ուսանողների 1/3-ը միայն:

«Զարմանում էի, որ քննություններին հարցեր էին տալիս, որոնց պատասխանելու համար պետք էր ստեղծագործական մոտեցում դրսեւորել, այլ ոչ թե մեխանիկորեն վերհիշել այն, ինչ անցել էինք կիսամյակի ընթացքում: Մեծ մրցակցություն էր, չկար «արտագրել» հասկացությունը: Մեր վիճակն էլ ավելի էր դժվարանում այն պատճառով, որ ընդամենը երեք շաբաթ էին տվել լեհերեն սովորելու համար: Մտածել էին, որ եթե ռուսերեն գիտենք, ապա արագ կսովորենք, բայց, բնականաբար, այդ ժամանակը շատ քիչ էր: Բայց առաջին կուրսից հետո կյանքը թեթեւացավ»,- հիշում է Վահեն:

Վահեի կյանքի «լեհական շրջանը» տեւեց բավականին երկար` 10 տարի:

«Երբ գնում էինք, համոզված էինք, որ մի քանի տարի սովորելուց հետո կվերադառնանք Հայաստան: Բայց 1994 թվականին, երբ ավարտեցի ուսումս, պարզ էր, որ Հայաստանում աշխատանք գտնելու մեծ հնարավորություններ չկային: Եվ երբ ինձ առաջարկեցին սովորել ասպիրանտուրայում, դա, թերեւս, այդ երկընտրանքի լավագույն լուծումը դարձավ: Հետո աշխատանք առաջարկեցին ամերիկյան Motorola ընկերության լեհական գրասենյակում»,- ասում է նա:

Մինչեւ հիմա, երբ Վահեն հանդիպում է լեհերին, նրանք անկեղծ զարմանում են, երբ իմանում են, որ լեհ չէ. լեզուն փայլուն գիտի ու խոսում է առանց ակցենտի:

«Երբ Լեհաստանում էինք, ես ու ընկերս շատ ակտիվ էինք Կրակովի հայկական համայնքում: Մեզ շատ լավ ընդունեցին այնտեղ, քանի որ «նոր շունչ» էինք նրանց համար: Իսկապես շատ ակտիվ էինք. որպես հայ համայնքի ներկայացուցիչ` հանդիպեցի Հռոմի Պապի, Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու հետ: Հետո Վարշավայում բացվեց Հայաստանի դեսպանատունը, օգնում էինք ամեն ինչով: Շատ հետաքրքիր էր այդ տասը տարին»:

Դեռ դպրոցական եւ ուսանողական տարիներին, երբ շատերն էին ուզում մեկնել ԱՄՆ, Վահեն անտարբեր էր: «Լեհաստանում լավ էր, լավ աշխատանք ունեի, թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել, սակայն չէի ցանկանում այդ ամենով սահմանափակվել: Որոշեցի մեկնել ոչ թե Ամերիկա, այլ Սիլիկոնային հովիտ, որը մի առանձին աշխարհ է, մի վայր, որտեղ քեզ պարզապես վարակում են մեծ գաղափարներով: Եթե այդ նույն Սիլիկոնային հովիտը լիներ Լեհաստանում, կամ, ասենք, Չեխիայում, այնտեղ էլ կմնայի: 29 տարեկան հասակում որոշեցի ինքս ինձ մարտահրավեր նետել ու կյանքս մեծ փոփոխությունների ենթարկել: Երբ արդեն Սիլիկոնային հովտում էի, Սիէթլից «Մայքրոսոֆթում» աշխատելու առաջարկ ստացա, բայց «Մոտորոլայից» հետո մի փոքր հոգնել էի մեծ կորպորացիաներից ու նախընտրում էի ավելի փոքր ընկերությունում աշխատել: Դեռ Լեհաստանում էի, երբ դիմել էի մի այդպիսի ընկերության, ու, երբ ԱՄՆ-ում էի, ինձ հարցազրույցի հրավիրեցին ու աշխատանք առաջարկեցին: Երեք տարի աշխատեցի այնտեղ,- պատմում է Վահեն,- Սիլիկոնային հովտում իսկական «դեմք» ես համարվում, երբ սեփական ընկերություն ես բացում: Հնարավոր չէ Սիլիկոնային հովտում ապրել ու նման ցանկություն չունենալ: Անձամբ եմ ճանաչում մարդկանց, որոնց մոտ ստացվել է, եւ իրենց ընկերություններն այնպես են զարգացել, որ դրանց արժեքը հասել է մի քանի հարյուր միլիոն դոլարի: Երբ նման մարդկանց չես ճանաչում, այդ գաղափարը վերացական ես ընդունում, իսկ երբ կոնկրետ օրինակներն աչքիդ առջեւ են, մտածում ես` միգուցե քեզ մոտ էլ կստացվի»:

Վերջին երկու տարիների ընթացքում, որոշ հանգամանքների բերումով, Վահեն Սիլիկոնային հովտից տեղափոխվեց Տեխաս ու հիմա ուրախ է, որ շուտով կրկին վերադառնալու է Սան Ֆրանցիսկո:

«Տեխասում եւս կան լավ ծրագրավորողներ, լուրջ գործով են զբաղվում, բայց իրենց նպատակը միայն դա է, նրանք չեն ուզում ավելի բանի հասնել: Սիլիկոնային հովտում ամեն ինչ այլ կերպ է, մարդիկ միշտ ձգտում ունեն: Մեկ մարդու հետ անգամ կարճ շփումն այնտեղ կարող է ողջ կյանքդ փոխել»,- ասում է նա:

Վահեի կինը եւս ճանապարհ է անցել արտերկրում, սովորել է Շվեդիայում:

«Կինս երեւանցի է, նույն դպրոցն ենք գնացել, բժշկուհի է: Մոտ ընկերոջս քույրն է, այդպես ենք ծանոթացել: Ունենք փոքր աղջիկ, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ երեխաս հայերեն իմանա»:

Հայաստանի հետ կապը Վահեն պահպանում է ընկերների, ինչպես նաեւ «Այբ» ակումբի միջոցով: Փորձում է առնվազն երկու տարին մեկ լինել Հայաստանում:

««Այբ» ակումբի անդամ դարձա 4 տարի առաջ` Դավիթ Փախչանյանի առաջարկով: Միշտ վստահել եմ Դավիթի գաղափարներին: Կյանքիս օրինակով համոզվել եմ, որ շատ բան կախված է մարդու ձգտումներից: Չեմ կարծում, որ Հայաստանից գնալը միանշանակ վատ է Հայաստանի համար: Մարդիկ այնպիսի հաջողությունների են հասնում արտերկրում, որոնք Հայաստանում պարզապես հնարավոր չեն: Գնացողների մի մասն, ամեն դեպքում, այս կամ այն կերպ, կվերադառնա Հայաստան. կամ «Այբ» դպրոց կբացի, կամ ներդրումներ կբերի եւ աշխատատեղեր կապահովի, այսինքն` իր փորձը կօգտագործի հայրենիքում»,- վստահ է Վահե Ամիրբեկյանը:

Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
mediamax.am