50 հայերն՝ ըստ «ArArAt»-ի

Հունիսի 26-ին «Թատերական արվեստի ստուդիա» մոսկովյան թատրոնում տեղի է ունեցել «ԴՎԻՆ 50» Երախտագիտության արարողությունը: Լեգենդար «Դվին» կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում միջոցառման կազմակերպիչները երախտագիտություն են հայտնել ողջ աշխարհում հայկական ինքնության եւ մշակույթի առաջխաղացման գործում մեծ ավանդ ներդրած 50 նշանավոր անձանց: Աշխարհի 20 երկրներում բնակվող մշակույթի, բիզնեսի, գիտության, ճարտարապետության, բժշկության եւ քաղաքականության ոլորտների 50 լավագույն հայերն ընտրվել են «ArArAt» կոնյակը գնահատողների միջեւ անցկացված միջազգային հարցման արդյունքում: Մինչ արարողության սկիզբը հյուրերը համտեսում էին «Դվին» կոնյակի հիմքով պատրաստված կոկտեյլները, շփվում միմյանց հետ: Պաշտոնական արարողությունը մեկնարկել է Հայաստանի, հայկական ավանդույթների եւ «Դվին» կոնյակի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, ապա շարունակվել միջոցառման հաղորդավար, դերասանուհի Չուլպան Խամատովայի մոնոներկայացմամբ: Հատուկ պատրաստված մոնոներկայացման շրջանակներում դերասանուհին պատմել է Հայաստանի գեղեցկության եւ մշակութային ավանդույթների մասին` ընթերցելով Անդրեյ Բելիի եւ Վալերի Բրյուսովի բանաստեղծությունները: Չուլպան Խամատովան շնորհակալություն է հայտնել օրվա դափնեկիրներին` մասնավորապես ընդգծելով «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի անգնահատելի օգնությունը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Ստաս Նամինը խոսել է հայ ժողովրդի մշակույթի, նրա միասնության եւ այն գլոբալ ֆենոմենի մասին, որը կոչվում է «սեր Հայաստանի նկատմամբ»: ABBYY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը արարողության ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցին եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտին` այն ամենի համար, ինչին նա իր կյանքում հասել է այդ կրթական հաստատությունների շնորհիվ: Ֆրանսիայից արարողությանը հրավիրված օպերային երգչուհի Աննա Կասյանն` ի երախտագիտություն Հայաստանի` երգել է արարողության ընթացքում: Արարողությանը ներկա էր հրավիրվածների մի մասը` «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, վիրաբույժ Բագրատ Ալեքյանը, լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, «Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, «Interview» ամսագրի գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան: Ի դեպ, «ArArAt» կոնյակը գնահատողների միջեւ անցկացված միջազգային հարցման արդյունքում աշխարհի 50 նշանավոր հայեր են ճանաչվել. Արթուր Աբրահամը (Arthur Abraham, Germany, boxer), Դարոն Աչեմօղլուն (Daron Acemoglu, USA, economist), Անդրե Աղասին (Andre Agassi, USA, tennis player), Բագրատ Ալեքյանը (Bagrat Alekyan, Russia, surgeon), Լեւոն Արոնյանը (Levon Aronian, Armenia, chess player), Շառլ Ազնավուրը (Charles Aznavour, France, singer), Ռոման Բալայանը (Roman Balayan, Ukraine, film director), Իզաբել Բայրակդարյանը (Isabel Bayrakdarian, Canada, singer), Արմեն Բունիաթյանը (Armen Buniatyan, Russia, anesthesiologist), Ջերարդ Գաֆէսճյանը (Gerard Cafesjian, USA, entrepreneur), Շերը (Cher, USA, singer), Արթուր Չիլինգարովը (Artur Chilingarov, Russia, explorer), Ռայմոնդ Դամադյանը (Raymond Damadian, USA, inventor), Արա Ուորքես Դարձին (Ara Warkes Darzi, UK, surgeon), Ջորջ Դոքմեջյանը (George Deukmejian, USA, politician), Պատրիկ Դեւեջյանը (Patrick Devedjian, France, politician), Ալյոնա Դոլետսկայան (Alyona Doletskaya, Russia, journalist), Արմեն Ջիգարխանյանը (Armen Dzhigarkhanyan, Russia, actor), Ատոմ Էգոյանը (Atom Egoyan, Canada, film director), Էդուարդո Էռնեկյանը (Eduardo Eurnekian, Argentina, entrepreneur), Լարրի Գագոսյանը (Larry Gagosian, USA, art dealer), Ջիվան Գասպարյանը (Jivan Gasparyan, Armenia, musician), Մարկ Կիրակոսը (Mark Geragos, USA, lawyer), Արա Գյուլերը (Ara Guler, Turkey, photographer), Գարիկ Իսրաելյանը (Garik Israelyan, Canary Islands, astrophysicist), Աննա Կասյանը (Anna Kasyan, France, singer), Քըրք Քըրքորյանը (Kirk Kerkorian, USA, entrepreneur), Քեն Խաչիկյանը (Ken Khachigian, USA, politician), Ֆրենսիս Կուրկջյանը (Francis Kurkdjian, France, perfumer), Միշել Լեգրանը (Michel Legrand, France, composer), Դարոն Մալաքյանը (Daron Malakian, USA, musician), Լուիզ Սիմոն-Մանուկյանը (Louise Manoogian Simone, USA, entrepreneur), Գարիկ Մարտիրոսյանը (Garik Martirosyan, Russia, showman), Ալեն Միքլին (Alain Mikli, France, designer), Միշել Մոսսեսսյանը (Michel Mossessian, UK, architect), Ստաս Նամինը (Stas Namin, Russia, record producer), Քիմ Նազարյանը (Kim Nazarian, USA, singer), Հասմիկ Պապյանը (Hasmik Papian, Austria, singer), Արտավազդ Փելեշյանը (Artavazd Peleshyan, Armenia, film director), Միխայիլ Պիոտրովսկին (Mikhail Piotrovsky, Russia, scientist), Միխայիլ Պողոսյանը (Mikhail Pogosyan, Russia, scientist), Ալեն Պրոստը (Alain Prost, France, racing driver), Սոս Սարգսյանը (Sos Sargsyan, Armenia, actor), Կարեն Շահնազարովը (Karen Shakhnazarov, Russia, film director), Մարգարիտա Սիմոնյանը (Margarita Simonyan, Russia, journalist), Սերժ Թանգյանը (Serj Tankian, USA, musician), Ավետիս Թեւանյանը (Avadis Tevanian, USA, software engineer), Ավո Ուվեզյանը (Avo Uvezian, Dominican Republic, musician), Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanian, Russia, investment banker), Դավիթ Յանը (David Yang, Russia, entrepreneur): Ըստ մեր տեղեկությունների` նշված 50 հայերի անվանական տակառներ են լինելու, որոնք պահպանվելու են: