Թուրքիայի նոր խաղադրույքը

Թուրքիայի եւ Սիրիայի, ավելի ճիշտ` Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջեւ հարաբերությունները հասել են ծայրաստիճան լարվածության:

Ինչպես հայտնի է, հունիսի 22-ին Մալաթիա գավառի «Էրխաչ» ավիաբազայից թռիչք կատարած «Ֆանտոմ» տիպի թուրքական հետախուզական ինքնաթիռը մեկուկես ժամ անց անհետացել էր թուրքական ռադարների էկրաններից Սիրիայի հետ սահմանին` Միջերկրական ծովի տարածքում, որից հետո Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ սիրիական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը ինքնաթիռ են ոչնչացրել իր տարածքային ջրերում, քանի որ այն խախտել էր Սիրիայի օդային սահմանը: Հունիսի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ թուրքական ինքնաթիռը ոչնչացվել է առանց զգուշացման, միջազգային օդային տարածքում` հավելելով, որ Թուրքիան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կանոնադրության 4-րդ հոդվածին, որի համաձայն` ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է խորհրդակցություն հրավիրեն, եթե անդամ-պետություններից մեկը ենթարկվել է հարձակման կամ վտանգի: Գրելով այս մասին` ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը նկատում է, որ Դավութօղլուն չի մեջբերել նույն պայմանագրի «ավելի զորեղ 5-րդ հոդվածը, ըստ որի` անդամ-պետության վրա հարձակումը համարվում է հարձակում ամբողջ ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա եւ պարտավորեցնում է համարժեք պատասխան ձեռնարկել»: Հունիսի 25-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը պաշտոնական հայտարարության մեջ նշեց, որ «միջադեպը պատերազմի պատճառ չի դառնա, սակայն անպատիժ էլ չի մնա»: Այս միջադեպի վերաբերյալ հետաքրքիր կարծիքներ են հայտնել ռազմական փորձագետները: Օրինակ, ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն չի բացառել, որ թուրքական կործանիչի նպատակը կարող էր լինել Սիրիայի ՀՕՊ համակարգերի հետախուզումը եւ սիրիացիներին սադրանքի հրահրելը: Նմանատիպ կարծիք է հայտնել նաեւ մեկ այլ ռազմական փորձագետ` Սայիդ Ամինովը:

Հունիսի 26-ին, Թուրքիայի պահանջով Բրյուսելում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստը, որի նպատակը թուրքական ինքնաթիռի ոչնչացման միջադեպի քննարկումն էր: 28 անդամ-պետությունների դեսպանների մակարդակով տեղի ունեցած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարածեցին հայտարարություն, որում դատապարտվում էր Սիրիայի արարքը: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի ուշ մամուլի ասուլիսում ասաց. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին եւ ուսումնասիրում զարգացումները` ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան սահմանին»: Սակայն Ռասմուսենը նաեւ նշեց, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել ՆԱՏՕ-ի կանոնադրության վերոհիշյալ 5-րդ կետով առաջնորդվելու հարցը, այսինքն` ՆԱՏՕ-ն չի քննարկել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների կիրառման հարցը: Իսկ «ՀԼԸ վՏՉՏրՑՌ» գործակալությունը, մեջբերելով մերձավորարեւելյան հարցերի փորձագետ Ա.Շումիլինի կարծիքը, գրում է, որ այս նիստը «ՆԱՏՕ-ի մինիմալ ռեակցիան էր կատարվածին` երկու երկրների միջեւ լարվածությունը թուլացնելու եւ միաժամանակ Թուրքիային զսպելու նպատակով»:

Թուրք-սիրիական հարաբերություններում անկումը, որը Մոսկվայի «Մերձավոր Արեւելքի ինստիտուտի»` Սիրիայի հարցերով մասնագիտացող փորձագետ Յուրի Շչեգլովինն անվանում է «սառը պատերազմ երկու երկրների միջեւ», սկսվեց արաբական աշխարհում հեղափոխական շարժումների առաջացումից հետո` 2011թ. գարնանը, երբ «արաբական գարնան» ալիքը հասավ նաեւ Սիրիա: Հետաքրքիր է, որ ռուս վերլուծաբանը Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների սրումը պայմանավորում է «Թուրքիայի` իսլամական աշխարհում առաջատար աշխարհաքաղաքական ուժ դառնալու ձգտումով»: Այս կարծիքի հետ կարելի է համաձայնվել` ավելացնելով նաեւ այն, որ, այսպես կոչված, «արաբական գարնան» ժամանակ սկսված հեղափոխական շարժումների հետեւանքով Մերձավոր Արեւելքում ստեղծվեց աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակ, որից փորձեց օգուտներ քաղել Թուրքիան` փոփոխությունների ենթարկելով իր արտաքին քաղաքականությունը: Թուրքիան սկսեց իր տարածքը տրամադրել հազարավոր սիրիացի փախստականների եւ սիրիական ընդդիմության ռազմական թեւի` այսպես կոչված, «Սիրիական ազատագրական բանակի» մարտիկների մարզման ճամբարների ստեղծման համար: Թուրքիայից է հիմնականում կատարվում զենքի եւ զինամթերքի տեղափոխումը Սիրիայի տարածք: Սիրիական ընդդիմության քաղաքական թեւը` «Սիրիայի ազգային խորհուրդը», ստեղծվել է Ստամբուլում 2011 թ. օգոստոսին, որից հետո խորհրդի նիստերը պարբերաբար կայանում են Թուրքիայում: Երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները նույնպես լուրջ անկում են ապրել. ս.թ. ապրիլին սիրիական պաշտոնական «Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ` ըստ թուրք լրագրող Էմին Չուլաշանի հրապարակած տվյալների` «2011թ. համեմատ` թուրքական ապրանքների արտահանումը դեպի Սիրիա նվազել է 6 անգամ` 1.7 միլիարդ դոլարից նվազելով մինչեւ 336 միլիոնի»:

Պետք է ասել, որ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ նմանատիպ լարված իրավիճակ ստեղծվել է նաեւ անցյալում: Թուրք-սիրիական հարաբերությունները 20-րդ դարի ընթացքում ունեցել են եւ՛ վերելքներ, եւ՛, հատկապես, անկումներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` «սառը պատերազմի» տարիներին, Թուրքիան եւ Սիրիան գտնվում էին միանգամայն հակադիր բեւեռներում. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր եւ ԱՄՆ-ի դաշնակիցը, իսկ Սիրիան հովանավորվում էր ԽՍՀՄ-ի կողմից: 1980-90-ական թթ. Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերություններում գոյություն ունեին երեք լուրջ հիմնախնդիրներ` ջրային պաշարների բաշխման հիմնահարցը, քրդական հիմնախնդիրը (Սիրիան ԽՍՀՄ աջակցությամբ ապաստան էր տվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ու նրա մարտիկներին եւ սատարում էր Թուրքիայում քրդական շարժմանը), ինչպես նաեւ պատմական Սիրիայի մաս կազմած Ալեքսանդրետի սանջակի` ներկայումս Թուրքիայի կազմում գտնվող Հաթայ շրջանի հիմնահարցը (ի դեպ, Սիրիայում հակակառավարական ապստամբության ծագումից հետո տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ ապաստան ստացան հենց Հաթայում ստեղծված ճամբարներում): Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ լարվածությունն իր գագաթնակետին հասավ 1998թ. աշնանը, երբ Թուրքիան, զորքեր կենտրոնացնելով Սիրիայի հետ սահմանին, վերջինիս սպառնաց ռազմական ներխուժմամբ, սակայն, ի վերջո, ռազմական բախումից հաջողվեց խուսափել, քանի որ Թուրքիան Սիրիային պարտադրեց Ադանայի համաձայնագիրը, ըստ որի՝ Սիրիան պարտավորվեց այլեւս չաջակցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը եւ վտարել իր տարածքից Օջալանին: Այս համաձայնագրի կնքումից եւ հատկապես Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո թուրք-սիրիական հարաբերություններն աստիճանաբար սկսեցին վերելք ապրել: Թուրքիան, հիմնվելով իր վարչապետ Էրդողանի այն ժամանակ դեռեւս խորհրդական Ահմեդ Դավութօղլուի` այսպես կոչված, «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության վրա, սկսեց լայնորեն զարգացնել քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում Սիրիայի հետ հարաբերությունները, որոնք արդեն 2010թ. հասան իրենց բարձրակետին: Սակայն 2011թ. դեպքերից հետո Թուրքիայի ղեկավարությունը, շատ արագ մոռանալով Ասադների ընտանիքի հետ եղբայրական հարաբերությունների մասին եւ հասկանալով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, փոխեց իր սկզբնական չեզոք դիրքորոշումը սիրիական հարցի նկատմամբ` «խաղադրույք» կատարելով իր երկարամյա բարեկամ Ասադի հակառակորդների` սիրիական ապստամբների վրա: Փորձագետ Շչեգլովինն այս մասին գրում է, որ Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում անհաջողություն կրելուց հետո «Թուրքիան արդեն մշակել է իր նոր մարտավարությունը «արաբական գարնան» արդյունքում իսլամական աշխարհում գերիշխող դիրք ստանալու համար», չնայած որ «նա այս առումով պարտվել է իր հիմնական հակառակորդներ Կատարին, Սաուդյան Արաբիային, ինչպես նաեւ` Լիբիային եւ Եգիպտոսին, սակայն պատրաստվում է վճռական մարտի` շեշտը դնելով արաբական երկրներում (Թունիսում, Եգիպտոսում կամ Լիբիայում «հեղափոխություններից» հետո) իշխանության եկած չափավոր սուննիական իսլամիստների հետ դաշինքի վրա»: «Հաղթանակած արաբական դեմոկրատիաներին» առաջարկվում է «զարգացման թուրքական սխեման, որն, անշուշտ, հրապուրիչ է իր տնտեսական հաջողություններով, դեմոկրատական իստիտուտների առկայությամբ… Պատահական չէ, որ նույն Թունիսում («իշխանության եկած».- Ա.Ս.) «ան-Նահդա» կուսակցությունը հայտարարեց հենց «զարգացման թուրքական մոդելին» հետեւելու մասին»,- գրում է նա: Պետք է ասել, որ, այսպես ասած, «չափավոր իսլամական դեմոկրատիան», որը ժամանակին արժանացել է Արեւմուտքի հավանությանը եւ կիրառվում է Թուրքիայում Էրդողանի իշխանության կողմից, բավական վաղ մշակված ամերիկյան մոդել է, որը Թուրքիան, որպես Արեւմուտքի գլխավոր «խոսնակը» Մերձավոր Արեւելքում, փորձում է հրամցնել իսլամական աշխարհին` ըստ էության, իրականացնելով Արեւմուտքի` մերձավորարեւելյան երկրներում իսլամական արմատականության հաստատումից խուսափելու եւ նաեւ` արեւմտյան դեմոկրատական արժեքները հաստատելու նպատակը:

Անկարայի այս քայլը եւս մեկ անգամ հաստատեց, որ Թուրքիան անկեղծ չէ իր հարեւանների հետ ճիշտ այնպես, ինչպես ընդամենը մի քանի տարի առաջ ցանկանում էր «զրո խնդիր ունենալ» հարեւանների հետ կամ պատրաստակամություն էր հայտնում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` իրական նպատակ ունենալով հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ եւ միջամտել Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին, այլ ոչ թե կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ:

Թուրք-սիրիական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Մերձավոր Արեւելքում վերջինիս վարած քաղաքականության տեսանկյունից եւ կարող են անմիջական ազդեցություն ունենալ ոչ պակաս կարեւորություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունների եւ Սիրիայում գտնվող հայ համայնքի կացության վրա, թեեւ Հայաստանը դեռեւս փորձում է չեզոքություն պահպանել Սիրիայի հարցում:

Իսկ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ռազմական բախման հավանականության մասին պետք է նշել, որ այն քիչ հավանական է, ինչքան էլ որ լարվածությունը երկու երկրների միջեւ կտրուկ մեծացել է: Ինչպես արդեն նշվեց վերեւում, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ռազմական բախման վտանգ եղել է նաեւ անցյալում, սակայն եւ՛ պատերազմով սպառնացողի, եւ՛ խաղաղություն պարտադրողի դերում եղել է Թուրքիան, սակայն վերջինս գործը երբեք չի հասցրել պատերազմի: Վերլուծաբանները նույնպես կարծում են, որ պատերազմը քիչ հավանական է: Օրինակ, գերմանական «deutsche welle» լրատվականի թղթակից եւ Մերձավոր Արեւելքի փորձագետ Փիթեր Ֆիլիպը նույն «deutsche welle»-ին տված հարցազրույցում քիչ հավանական է համարել երկու երկրների միջեւ պատերազմը, քանի որ «այն կարող է ապակայունացնել երկու երկրների մոտ 900 կիլոմետրանոց սահմանին հարող թուրքական շրջանները»: Իսկ Յ.Շչեգլովինը պատերազմի բացառման հիմնական պատճառներից է համարում այն, որ «Թուրքիան, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները, առանց ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի ընդունման` բացահայտ պատերազմ չի սկսի Սիրիայի դեմ», ինչպես նաեւ այն, որ պատերազմը «կվերաբացի (վերոհիշյալ.- Ա.Ս.) Ալեքսանդրետի վիճելի տարածքների հին հարցը, իսկ այդ դեպքում Սիրիայի բնակչության մեծամասնությունը դուրս կգա ոչ թե Բաշար ալ-Ասադի վարչակարգի, այլ Թուրքիայի դեմ»:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ