Իշառվույտ՝ մեղրատու բուժարարը

Բույսի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Հռոմեական բանակի բժիշկ Պեդանիոս Դիոսկորիդիսը նկարագրել է բույսն իր «De Materia Medica» տեղեկատուի մեջ, որում ամփոփվել են Ք.Հ. 1-ին դարում հայտնի մոտ 500 դեղաբույսեր։

Հայտնի բժիշկ եւ դեղագործ Հալենը (131-210թթ.) իշառվույտի պատրաստուկներով բուժել է գլադիատորների վերքերը։

Ավիցենան այն աստիճան բարձր է գնահատել բույսի բուժիչ հատկությունները, որ անվանել է այն «Արքայական ծաղկեպսակ»։

Աքլալմելիքի (իշառվույտ) բուժիչ հատկությունները նկարագրել է նաեւ Ա. Ամասիացին. «Եթե թարմ իշառվույտը տրորելով հյութը հանեն եւ քսեն ցավոտ աչքին, ցավը կանցնի։ Իսկ եթե դրա հյութը խառնեն բակլայի ալյուրի եւ վարդի յուղի հետ ու դնեն կնոջ քարացած կրծքի վրա, ապա կօգնի։ Այս բույսն օգտակար է ամեն տեսակի ուռուցքների դեպքում։ Դրա թարմ հյութը անցկացնում է պեպենները, օգնում է ականջի ուռուցքի դեպքում։

Եթե առվույտը մանրացնեն եւ ձվի դեղնուցի հետ խառնելով սպեղանի պատրաստեն` կօգնի ֆլեգմոնի (ենթամաշկային շարակցական շերտի բորբոքում) դեպքում։

Ընդունման չափաբաժինը 6 գրամ է։

Առվույտի մի տեսակ էլ կա, որ աճում է լեռներում։ Այն հասնում է մի արմնկաչափ բարձրության, տերեւները շատ երկար են, իսկ ցողունը սնամեջ է ու ամուր։ Որսորդները առվույտի սերմերը լցնում են որսի մսի վրա, որպեսզի միսը չփչանա։ Այս բույսն առատացնում է մեզը, դաշտան է առաջացնում, հեռացնում է գազերը, բացում է լյարդի խցանումները, մաքրում թոքերը։ Օգնում է նաեւ սրտխփոցների, ասթմայի, հազի եւ ջրգողության դեպքում»։

Իշառվույտը հրաշալի մեղրատու է, դրանից ստացված մեղրը դասվում է առավել բարձր որակ ունեցողների շարքին։ Այն ունի բաց սաթի կամ սպիտակ գույն, հաճելի նուրբ բուրմունք, որը հիշեցնում է վանիլինը։ Մեղուները վերցնում են ծաղկահյութը եւ փոշին թե սպիտակ եւ թե դեղին ծաղիկներ ունեցող իշառվույտից։ Մեղրը պարունակում է մոտ 40 տոկոս մրգաշաքար եւ 37 տոկոս խաղողաշաքար։

Իր բարձր սննդային արժեքի եւ բուժիչ հատկությունների շնորհիվ` ունի բարձր պահանջարկ։

ԱՄՆ-ում վաճառվող մեղրի 50-70 տոկոսն իշառվույտի է։ Մշակովի 1 հա տարածքից ստացվում է` մինչեւ 800 կգ, իսկ վայրի բնության մեջ աճող իշառվույտից` առնվազն 200 կգ մեղր։

Խորհուրդ է տրվում շնչառական օրգանների հիվանդությունների, մրսածության, անքնության, գլխացավի, երակների վարիկոզ լայնացման, թութքի, ռեւմատիզմի, հիպերտիրեոզի, հիպերտոնիայի դեպքում, լավացնում է սրտի աշխատանքը։

Իշառվույտի ենթատեսակները մոտ տասն են, առավել ուսումնասիրված է բժշկականը` MELILOTUS officinalis տեսակը, որն օգտագործվում է գիտական բժշկությունում։ Պատկանում է բակլազգիների` FABACEAE ընտանիքին։

Երկշաքիլավոր երկամյա բույս է, տարածված Եվրասիայի տաք շրջաններում, հաճախ է հանդիպում ՀՀ ցածրադիր եւ նախալեռնային գոտիներում։ Որպես մոլախոտ` աճում է չոր եւ ամայի վայրերում, առուների ափերին, ճանապարհների երկայնքով, դաշտերի շուրջ, երբեմն աղբոտում է մշակովի ցանքերը, տնկարկները։ Ունի խորը գնացող առանցքային ուղղահայաց ճյուղավորվող արմատ։ Լայն ճյուղավորված ցողունը մեկն է, մինչեւ 0,7-2 մ բարձրությամբ։

Ներքեւի տերեւները ձվաձեւ են, վերինները` նշտարաձեւ երկար, բարդ` եռակի կտրտված ատամնաեզր, ունեն մախաթանման մերձտերեւիկներ։ Մանր դեղին ծաղիկներն աճում են պարզ արտահայտված զույգերով, որոնցից յուրաքանչյուրը նման է թիթեռնիկի, բոլորը միասին կազմում են հասկանման խիտ երկարավուն ողկույզներ, որոնք ծածկում են բույսի վերգետնյա մասը։ Ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղը միասերմ (երբեմն` երկսերմ) ունդ է, թույլ կետավորված, դեղին կամ կապույտ։ Եթե բույսը երկրորդ տարում չի հասցնում սերմ տալ, ապա ձմեռում եւ հանդես է գալիս` որպես բազմամյա։

Հայաստանի բնական պայմաններում, խոնավ մարգագետիններում, անտառակներում հանդիպում է իշառվույտ սպիտակը (M.Album), երբեմն` մեկընդմեջ դեղինի հետ։ Ունի բուժիչ հատկություններ, մեղրատու բույս է` Melilotus=մեղր տվող։ Սակայն փորձառու ժողովրդական բուժարարները գիտեն, որ սպիտակ իշառվույտը պետք է հավաքել եւ պահել դեղինից առանձին։

Դեղին իշառվույտ բժշկականը պարունակում է ոչ մեծ քանակությամբ եթերային յուղ, օրգանական թթուններ, մոտ 4 տոկոս ճարպանման նյութեր, 17 տոկոս սպիտակուց, 25 տոկոս թաղանթանյութ, ֆլավոններ, C եւ E վիտամիններ, քոլին, խեժ եւ դաբաղանյութեր, կումարին։

Հակացուցված է երիկամների հիվանդություն ունեցող անձանց, հղիներին, դիաթեզի, հեմոֆիլիայի դեպքում։

Հեմոֆիլիան ուղղորդվում է հաճախակի արյունահոսությամբ, կրում է ժառանգական բնույթ. պատճառն արյան մեջ հակահեմոֆիլինային գլոբուլինի պակասն է, որի պատճառով երկարաձգվում է արյան մակարդելիության ժամանակը։

Չափաբաժինների չարաշահումը կառաջացնի գլխացավ, արյունահոսություն եւ զեղում, սրտխառնոց, փսխում, կարող է զգալիորեն վնասել լյարդին։ Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք իշառվույտի պատրաստուկի ընդունումը։ Սպիտակ իշառվույտը կարելի է կիրառել միայն փորձառու մասնագետի հսկողությամբ։

Գիտական բժշկությունն օգտագործում է ստենոկարդիայի (սեղմող ցավեր սրտի շրջանում), սրտասնույց անոթների թրոմբոզի բուժման համար։

Իշառվույտում պարունակվող կումարինը ունի արտահայտված վենոտրոպ հատկություն, այն լավացնում է արյան շրջանառությունը որովայնում, նաեւ ուղեղի եւ վերջույթների մատակարարումը արյունով։

Խորհուրդ է տրվում թութքի բուժման համար, նվազեցնում է սկսվող վարիկոզին բնորոշ ծանրության զգացումը ոտքերում եւ այտուցները, նպաստում է մարսողությանը։

Ժողովրդական բժշկությունը կիրառում է քրոնիկ բրոնխիտի, սուր վիրուսային հիվանդությունների, հիպերտոնիայի եւ միգրենի հետեւանքով առաջացած գլխացավը նվազեցնելու համար, կլիմակտերիկ նեւրոզի, մելանքոլիայի, նեւրասթենիայի, որովայնի շրջանում եւ միզապարկի ցավերի, ցավոտ դաշտանի եւ պարբերության խախտման դեպքում։

Լայն է իշառվույտ բժշկականի (դեղին) պատրաստուկների կիրառումը` որպես արտաքին փափկեցնող, ցավամոքիչ միջոց։ Պատրաստում են չիբանը բուժող սպեղանի, նույն նպատակով օգտագործում են բուսայուղի մեջ եփած խոտը, եռջրում խաշած ծաղիկները։ Թուրմով լվանում են թարախային վերքերը, բորբոքված կրծքագեղձերը։ Լոգանքներն օգտակար են հոդատապի, ռեւմատիզմի բուժման շրջանում, կիրառվում են գինեկոլոգիայում։

– Բարձրացնում է ճառագայթային թերապիայի հետեւանքով նվազած լեյկոցիտների քանակը։

– Նպաստում է կալցիումի եւ, որպես հետեւանք, նաեւ երկաթի յուրացմանը (Ca-ն եւ F-ը անտագոնիստ միկրոտարրեր են), ինչի հետեւանքով օգտակար է օստեոպարոզի դեպքում։

– Պաշտպանում եւ վերականգնում է երակների, անոթների պատերի ներքին թաղանթները, ոչ միայն կանխարգելում թրոմբների առաջացումն, այլեւ ի զորու է քայքայել դրանք։

– Կանխարգելում է ֆիբրինի թանձրուկների գոյացումը։ Հայտնի է, որ դրանց վրա առաջացնում են ուռուցքածին բջիջներ։ Այսպիսով հեղուկացնելով արյունը` իշառվույտը նվազեցնում է մետաստազների տարածման հավանականությունը։

– Ժամանակակից ստեղծագործ խոհարարները մեծ դեր են տալիս ոչ սովորական սննդակարգին` «cuisine sauvage», որում ավելի լայն կիրառում ունեն մի շարք` մոլախոտ համարվող բույսեր։ Օրինակ, շվեյցարական հայտնի լեռնային Վիլլար առողջարանի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Ժոէլ Քվենտինն օգտագործում է իշառվույտի չորացրած վերգետնյա մասը սոուսի պատրաստման համար։

Սոուս. 60 գ չորացրած տերեւը եւ ծաղիկը 10 րոպե թրմեք 200 մլ բանջարեղենային արգանակի մեջ (գազար, բադրիջան, պղպեղ, դդմիկ, այլ), ավելացրեք 250 մլ սերուցք, եփեք թույլ կրակի վրա, մինչեւ մնա հեղուկի կեսը, համեմեք ըստ ճաշակի (պղպեղ, աղ, այլ), հարեք բլենդերի մեջ։ Մատուցեք թարմ, տաք վիճակում` նախօրոք տաքացրեք ջրային բաղնիքի վրա։

Որպես համեմունք, իշառվույտն ավելացնում են արգանակի, աղցանի, կոմպոտի մեջ։

Որպես բուրումնավետ հավելված` իշառվույտն օգտագործվում է օղու, լիկյորի, ծխախոտի, օծանելիքի արտադրությունում։ Կենցաղում կիրառում են ցեցի դեմ։

Թուրմ.

– 15-20 գ չոր խոտը 4 ժամ թրմեք փակ ապակե տարայում, 300 մլ նախօրոք եռացրած սառը ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` անքնության, գլխացավի, քրոնիկ բրոնխիտի, հիպերտոնիայի, նյարդային անհանգստության, առատ դաշտանի դեպքում։

– 30-40 գ հումքը 2-3 րոպե եփեք 300 մլ եռացող ջրում, 30 րոպե թրմեք տաք տեղում։ Օգտագործեք թրջոցի կամ լոգանքի համար, ռեւմատիզմի, կորյակների, չիբանի բուժման համար։

Եփուկ.10 գ հումքը 30 րոպե եփեք (թույլ կրակ) 200 մլ ջրում։ Երբ գոլանա` քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` բրոնխիտի, մրսածության, անքնության, լյարդի եւ երիկամների հիվանդությունների բուժման շրջանում։

Քսուք.
50-60 գ թարմ ծաղիկը տրորեք, խառնեք 3 ճ/գ կարագի հետ։ Քսեք չիբանին, թարախային ուռուցքներին։

Ոգեթուրմ.
Մանրացրեք իշառվույտի տերեւը եւ ծաղիկները, անցկացրեք բարակ մաղով, առանձնացրեք փոշին։ Հումքի 3 ճ/գ-ն 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 20-30-ական կաթիլ, օրը 3 անգամ` լեյկոպենիայի, ստենոկարդիայի, սրտի թրոմբոզի, նեւրոզի, վերոգրյալ այլ հիվանդությունների դեպքում։

Կոմպոտ. Փոշին լցրեք փակվող պարկիկի մեջ եւ իջեցրեք կոմպոտի մեջ (2թ/գ` 1 լ ջրին), հետո պարկիկը հեռացրեք։ Չոր փոշով համեմեք ուտեստները։

Վարիկոզ. Կա կարծիք, որ այս հիվանդության բուժման ընթացքում իշառվույտը ոչ պակաս օգտակար է, քան ձիակասկենին` դրա հիման վրա պատրաստված էսքուզանը կամ այլ դեղամիջոցները։ Բուժում է երակների բորբոքումը, իջեցնում այտուցվածությունը, զուգահեռաբար ունի վերքամոքիչ ազդեցություն, ինչը շատ կարեւոր է սրունքի խոցային հիվանդության բուժման համար։

Իշառվույտն օգտակար է երակների անբավարար աշխատանքի, թրոմբոֆլեբիտի եւ հատկապես լիմֆոստազների բուժման ընթացքում։ Բացի այն, որ հեղուկացնում է արյունը եւ կանխում լերդացումը, բարձրացնում է երակների տոնուսը։

Հիվանդության սկսվող եւ միջին ծանրության ընթացքը կանխելու համար` պատրաստեք ծաղիկների թուրմ.

– 1 թ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Հիվանդագին ընթացքի դեպքում. 2ճ/գ խոտը թրմեք 200 մլ եռջրով, հեղուկ թուրմով դրեք գոլ թրջոցներ, իսկ մնացած մզված խոտը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ եւ դրեք ցավոտ մասին։

Քարեր լեղապարկում. Մանրացրեք, խառնեք 2 ճ/գ վաղենակի, 1 ճ/գ տերեփուկի եւ 1 թ/գ իշառվույտի ծաղիկներ, 1-ական թ/գ խատուտիկի արմատ եւ եղինջի խոտ։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 1 լ եռջրում, ավելացրեք 5 թ/գ շաքարավազ։ Քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 4-5 անգամ` սնվելուց առաջ։

Մաստոպատիա. Մանրացրեք, խառնեք ծիծեռնախոտի, իշառվույտի եւ սրոհունդի խոտերը, կռատուկի արմատը (1։1։2։2)։ Հումքի 1 ճ/գ-ն կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4 անգամ։ Շարունակեք 1-2 ամիս։ Միաժամանակ նույն չափաբաժինը եփեք այնքան, մինչեւ մնա հեղուկի կեսը, եւ դրեք թրջոցներ (2-4 ժամ` օրը 1 անգամ)։ Նախօրոք մաշկը մշակեք սոխի հյութի ջրային լուծույթով (1։1)։

Իշառվույտը օգտագործելիս եւ հավաքելիս եղեք շատ զգույշ, խորհրդակցեք բժշկի եւ տարածքին ծանոթ մարդկանց հետ։

Խոնավ պայմաններում կարող է առաջանալ նեխում, այդ դեպքում ավելանում է դիկումարոլի քանակը, որի օգտագործման պայմաններն այլ են։

Առավել զգույշ պետք է վերաբերվել սպիտակ իշառվույտի հետ։