Արձագանքել է

ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մեր նախորդ հրապարակմանը, որի համաձայն պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Տեղեկացրել էինք, որ այդ փաթեթների` հատկապես ամառային հանգստի հետ կապված արտոնությունները տրամադրելու դիմաց, որոշ հիմնարկներում, այդ թվում` դպրոցներում, ղեկավարները «վերաբերմունք» են պահանջում: Տ. Սարգսյանը երեկ հանձնարարել է ծառայողական քննություն սկսել, պարզելու չարաշահումների վերաբերյալ հրապարակումների իսկությունը:

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն կա, որ որոշ հիմնարկներում չարաշահում են եւ մեր պետական ծառայողներից սոցիալական փաթեթից օգտվելու դիմաց պահանջում են որոշակի վարձատրություն: Քանի որ սա պիլոտային ծրագիր է, անհրաժեշտ է անմիջապես արձագանքել, եւ ես հանձնարարում եմ ֆինանսների նախարարին եւ կրթության եւ գիտության նախարարին, որպեսզի հրապարակումներում զետեղված տեղեկատվությունը դարձնեն քննարկման առարկա եւ ծառայողական քննություն սկսեն»,- ասել է նա: Իհարկե, ողջունելի է կառավարության արձագանքը, սակայն հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, դժվար չէ կռահել, թե իրենց ղեկավարների կողմից ինչ ճակատագրի կարժանանան այն շարքային քաղաքացիները, որոնց տվյալների հիման վրա ծառայողական քննություն կսկսվի: