«Կաթը վաճառում ենք, բայց կաթի ամբողջ սերը մնում է մեզ»

– «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, 2002-ից սկսած ի՞նչ ենթակառուցվածքներ է ստեղծել` տեխնոլոգիաների կատարելագործումը խթանելու համար:

– Հիմնադրամն ընդհանրապես հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործակալություն: Այն ամենամեծ ձեռնարկությունն է, որն իր հետ բերել է ոչ միայն մշակույթ, այլ նաեւ կոնկրետ արդյունք է ունեցել ոլորտի զարգացման հարցում: Աշխատանքի ամենակարեւոր ուղղություններն են` կադրերի պատրաստում, միջազգային շուկաների ներթափանցում, աջակցություն տեղական կազմակերպություններին, արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանում եւ ինկուբատորների ձեւավորում, նաեւ պետության եւ մասնավոր հատվածի բիզնես միջավայրի աջակցություն: Ոլորտում այսօր աշխատում է ավելի քան 7000 մասնագետ, ավելի քան 350 կազմակերպություն` միջինը ապահովելով 25 տոկոս աճ: Նման բան Հայաստանի տնտեսության մեջ շատ քիչ է՝ հաշվելի քանակությամբ ոլորտներում: Տարեկան միջինը վերապատրաստում ենք` 1000, վերջին տարիներին` մինչեւ 2000 կադր: Փորձում ենք օգնել մասնագետին մտնել դաշտ: Մոտեցումները շատ տարբեր են եղել 2002-ից մինչեւ 2012թ.: Մենք ունենք հայ-հնդկական ուսումնական կենտրոն, որի միջոցով հայ մասնագետները վերապատրաստվում են լավագույն հնդկական կենտրոններում, եւ հնդիկ մասնագետները դասավանդում են վերջին տեխնոլոգիաներով: Համագործակցում ենք այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Nokia-ն, Cisco-ն: Cisco-ի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն դասընթացներն են անցկացվում Հայաստանում: Nokia-ի լաբորատորիան, լինելով ԱՊՀ-ում միակը, մոբայլ լուծումների կադրեր պատրաստում է Հայաստանում: Ուզում եմ շեշտադրել, որ, բացի նոր տեխնոլոգիաներ բերելն ու դասընթացներ անցկացնելը, մենք նաեւ փորձել ենք մշակութային փոփոխություն անել: 2004թ. առաջինը մենք ենք Գյումրիում Հայ օգնության ֆոնդի հետ հիմնադրել տեղեկատվական կենտրոն: Մասնագետները աստիճանաբար սկսեցին դաշտ մուտք գործել, ինչը նաեւ հիմք հանդիսացավ հետո Գյումրիի տեխնոպարկի համար: Ներկայում մշակվել է եւ կհայտարարվի շատ մեծ ծրագիր` Ազգային ինժեներական լաբորատորիան: Այսինքն` ՏՏ-ից բացի, Ճարտարագիտական համալսարանում կբացվի հսկա մի կոմպլեքս, որն ուղղակիորեն կօգնի ոչ միայն բուհին, այլ նաեւ մասնավոր հատվածին: Դասընթացներ կանցկացվեն 39 ճարտարագիտական ուղղություններով` վերջին տեխնոլոգիաների վրա: Սրանք նշանակալի քայլերն են կրթության ոլորտում:

– Իսկ ի՞նչ է արվել հայկական ձեռնարկությունները համաշխարհային շուկայում մրցունակ դարձնելու եւ օտարերկրյա ներդրողներին ներգրավելու ուղղությամբ:

– Արտասահմանյան վաճառքի եւ դաշտի աջակցության համար առաջին անգամ Հայաստանում կիրառվեց դրսի ներկայացուցչությունների մոդելը: Առաջին երկու ներկայացուցչություններն ունեցանք Ավստրիայում եւ Կանադայում, որոնց վաճառքի ծավալները հասան 1 մլն-ի: Երկուսն էլ խթանեցին, որ այսօր Հայաստանում ստեղծված են հայ-կանադական եւ հայ-ավստրիական կազմակերպություններ: Նրանք ոչ միայն պատվերներ բերեցին Հայաստան, այլեւ՝ ներդրումներ: Հիմա այդ հաջողության հիման վրա ՀՀ կառավարության հետ համատեղ մտածում ենք Սիլիկոնյան հովտում նմանատիպ համագործակցություն սկսել: Այսինքն՝ այդ շուկան բացել ՀՀ-ի համար եւ հայկականը՝ այնտեղի համար: Սա փորձ է, որ հայկական կազմակերպությունները մուտք գործեն շուկա: Մենք առաջինը տարածաշրջանում CMMI եւ ITMAC սերտիֆիկացում անցկացրեցինք` ուշադրություն դարձնելով կազմակերպության ընդհանուր գործընթացների կառավարմանը: Այսօր արդեն ունենք մասնագետ, ով տարածաշրջանի մյուս երկրներում օգնում է նման բան անել: Սա նաեւ մշակութային քաղաքականության հետաքրքիր փորձ է: Կարեւոր եմ համարում բաժնեմասային ներդրումները: Այսինքն՝ տեխնոլոգիաները վարկային միջոցներով չեն կարող զարգանալ: Պետք է բաժնետեր դառնալ որոշակի գումարով, հետո դուրս գալ: Այսինքն՝ դրանք վենչուրային հիմնադրամներն են կամ, այսպես կոչված, բաժնեմասային ներդրումային հիմնադրամները: Առաջին փորձն արվեց մեր հիմնադրամի կողմից, այդ ժամանակ նման մշակույթ ընդհանրապես երկրում չկար, եւ շատերին հասկանալի չէր: Այժմ կառավարությունը քննարկում է` ստեղծել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամը: Եվ որպեսզի մեր նորաստեղծ կազմակերպությունները կարողանան զարգանալ, նրանք պետք է ֆինանսական ռեսուրսներ ունենան, իսկ դրա միակ տարբերակն աշխարհում արտասահմանյան ուղղակի ներդրումներն են: Կարողացել ենք Հայաստան բերել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, իսկ 10 տարի առաջ նրանք չէին էլ ուզում այդ մասին լսել: Այսինքն՝ Հայաստանը չէր դիտարկվում այն երկրների շարքում, որտեղ կարող է ինովացիա զարգանալ: Այն ճանաչվել է աշխարհի 10 լավագույն ինովացիոն կենտրոններից մեկը: Ավելին՝ մոբայլ լուծումների մասով՝ աշխարհի 2-րդ ինովացիոն կենտրոնը: Կարողացել ենք բերել Նոկիայի տարածաշրջանային ամբողջ լաբորատորիան, որը, բացի կրթությունից, ունի նորաստեղծ կազմակերպությունների աջակցության բաղադրիչ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հաղթել է մրցույթը՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի հետ պայքարում: Մեկ շաբաթ առաջ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ Հայաստանը աջակցի, որպեսզի այդ լաբորատորիայի գրասենյակներ բացվեն Վրաստանում եւ Մոլդովայում, որպեսզի կարողանանք այնտեղից պատվերներ բերել Հայաստան: Եթե գումարայինով նշեմ, ուղղակի ներդրումներն ավելին են, քան 10 մլն դոլարը, բայց ես չէի ուզենա դա կանխիկի վերածել, որովհետեւ, ես համարում եմ, որ դրա արժեքային մասը 100 անգամ ավելի է: Դրանից բացի, շատ ակտիվորեն կարողացանք դաշտում շարժում ստեղծել, որպեսզի երիտասարդները հասկանան, որ ՏՏ ոլորտն այս երկրում կարեւոր է: Այժմ կառավարությունը մեզ հետ համատեղ աշխատանք է տանում, որպեսզի անցնենք դրամաշնորհների համաֆինանսավորման: Այսինքն` մշակութային աներեւակայելի շարժ է տեղի ունեցել, որտեղ բավականին մասնակցություն ունենք: Կարողացել ենք հասնել նրան, որ ՏՏ ոլորտը դարձել է տնտեսության այն ճյուղերից, որն ունի մոտավորապես 9 տարվա աճի վիճակագրություն, ինչը չունի այլ ոլորտ: Մի քանի այլ կազմակերպություններ եւս Հայաստանում բացել են իրենց տարածաշրջանային հետազոտական կենտրոնները: 10 տարվա ընթացքում կարողացանք պատվեր ստացող ու հետ ուղարկող երկրից` դառնալ արտադրանք ստեղծող եւ հետազոտական աշխատանք կատարող երկիր: Մեր աշխատուժը համեմատության մեջ թանկ է եւ որակյալ: Այստեղ տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունները ստանում են լուծում եւ որակյալ աշխատանք: Դա մեր ամենակարեւոր հաջողություններից մեկն եմ համարում: Անուղղակիորեն մտանք նաեւ մի շարք ծրագրերի մեջ, օրինակ՝ էլեկտրոնային առողջապահության, կրթության, կառավարության հետ հայեցակարգերի մշակման, եւ այլն: Այսինքն՝ իրական գործունեության դաշտը բավականին մեծ է: Իսկ մեր մասնագետներն այսօր պահանջված են աշխարհի մակարդակով:

– «Հայկական ծրագրերի» տնօրենը հրապարակել էր, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությունն արդյունավետ չէ: Ի՞նչ հիմք ունի այդ հայտարարությունը:

– Շատ ուրախալի էր, որ վերջին հոդվածը տպագրվեց, վերջապես հասկացա՝ ինչի մասին է խոսքը: Այդ մարդու հետ ընդհանրապես առնչություն չենք ունեցել: Պարզվեց, որ նրա իրական դժգոհությունը վերաբերում է ոչ թե «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը, այլ Բագրատ Ենգիբարյան անձին, ով 10 տարի առաջ աշխատում էր` որպես ԾԻԳ-ի տնօրեն: Շատ ուրախ եմ, որ այդ հոդվածը լույս տեսավ: Անհեթեթություն եմ համարում դրան անդրադառնալը, քանի որ ԾԻԳ-ի տնօրեններն ընդամենը տեխնիկական աշխատողներ են, եւ փոխնախարարներ ու նախարարներ են այդ ամենը կառավարում: Իսկ ՀԲ-ի տենդերներն ամենաթափանցիկն են, քանի որ մի հոգի չի այն նայում, շատ լուրջ վերահսկողություն կա. ստուգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը, ապա՝ նախագահի վերահսկողական ծառայությունը: Եթե 10 տարվա ընթացքում մի բան դուրս եկած լիներ` կլիներ: Բագրատ Ենգիբարյանն ընդամենը ԾԻԳ-ի տնօրենն էր, ով տեխնիկական գործընթացներն էր ղեկավարում: Դրա համար այդ ամենը լուրջ չեմ համարում: Իսկ կազմակերպությունը շատ եմ հարգում:

– Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ըստ Վիճակագրական ծառայության տվյալների` ոլորտի աճը ոչ թե 30 տոկոս է, այլ՝ 10:

– Եթե մի մարդ աշխատում է ոլորտում, պետք է ուրախանա այդ թվերով: Կարելի է հասկանալ՝ այդ թիվն ինչքանով է իրատեսական, կամ՝ ոչ: Ամեն տարի մանրամասն աշխատանքներ են կատարվում Վիճակագրական վարչության հետ, սակայն այն չի կարող տալ ամբողջ ոլորտի պատկերը: Հիմնական պատկերն է տալիս: Իսկ մանրամասն անում են ճյուղային նախարարությունները՝ տարբեր հետազոտությունների միջոցով: Արդեն 2 տարի բանակցություններ են ընթանում, որպեսզի ստեղծվեն ոլորտային ռեգիստրներ, որ վիճակագրությունը չանի դա: Ճյուղային նախարարությունները տան թվերը: Իսկ այդ թվերը օբյեկտիվ պատճառներով չեն համընկնում, որովհետեւ Վիճվարչությունն օրենքով է առաջնորդվում, մենք հետազոտություն ենք անում: Անհրաժեշտ է օրենքը բերել հետազոտության դաշտ, ինչի լուծումներն աշխարհում կան: Վերջին 2 տարիների ընթացքում Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, ինչն իրականում բարդ է: Պետք է օրենքներում էլ փոփոխություն անել: Եթե ընդամենը մեր թիվը տանք, վիճակագրությունը չի հրապարակի, կասի՝ օրենքը փոխեք, որպեսզի ես վստահ լինեմ, որ իմ համակարգով է արված: Մենք լավ համագործակցում ենք Վիճվարչության հետ, նրանք են օգնում մեթոդոլոգիաների հետ կապված: Բայց իրականում ոլորտի աճն ավելի շատ է: Տեսեք, թե ինչ է կատարվում հեռահաղորդակցության ոլորտում: Տեսե՞լ եք, որ աշխարհում 4Գ լինի, կամ մարդիկ ունենան 3 հատ համար, մոտավորապես միայն այդ աճը թվերը փակում է: Եթե միջին աշխատավարձով հաշվեք, որն արդեն 1000 դոլարն անցել է, եւ բազմապատկեք աշխատողների քանակով, թիվը վաղուց կանցնեք:

– Ոլորտը կարգավորող նախարարության անհրաժեշտություն կա՞:

– Չեմ կարծում, որ նախարարություն պետք է: Չգիտեմ` ինչո՞ւ նման հարց բարձրացվեց: Այստեղ խոսքը համակարգման եւ Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ լիազորություններ տալու մասին էր: Ես կարծում եմ, որ նոր նախարարության անհրաժեշտություն բացարձակապես չկա: Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունում փոփոխություններ եղան, արդեն 2 փոխնախարար է դրանով զբաղվում: Միակ հարցը, որը կարծես լուծվում է երկրում, այն է, թե ինչպես ինովացիան եւ ՏՏ-ն բերել մեկ դաշտ, որովհետեւ ՏՏ-ն խթանում է ինովացիան, բացի այդ՝ ՏՏ-ն օրինակ է մյուս ոլորտներում ինովացիայի համար: Այսինքն` ինչպես միատեղել, որ միմյանցից «վարակվեն»: Առանձին-առանձին «վիրուսը» կարող է չտարածվել: Այսօրվա պայմաններում չեմ հասկանում նոր նախարարության դերը: Եթե այն լինի, ուրեմն պետք է այդ նախարարության հայեցակարգը հասկանալ՝ ի՞նչը բերել, որտե՞ղ: Լավ կլիներ հեռահաղորդակցությունն ու ՏՏ-ն մի տեղում լինեին, բայց դա այլ հարց է: Իսկ նոր բան սարքելը, չեմ կարծում` իրատեսական է, քանի որ պետք է հասկանալ, թե այդ գործառույթներն ինչպես պետք է իրար օգնեն, ոչ թե խանգարեն: Անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել, հաջողությունը տարածել ամենուրեք, բայց դա չի նշանակում` նախարարություն ստեղծել: Չգիտես ինչու՝ «համակարգել» ասվածը մեր երկրում նշանակում է` ամեն ինչ բերել մի տեղ:

– Իսկ ազատ տնտեսական գոտու ապահովումը որքանո՞վ կնպաստի ոլորտի զարգացմանը:

– Ազատ տնտեսական գոտին այլ ոլորտների համար է լավ: ՏՏ-ում պետք է խթանող մեխանիզմներ ապահովել: Դա կարող է լինել հարկերից ազատման ձեւով, համաֆինանսավորմամբ: Մեր պետությունն ասում է՝ հարկերից չեմ ազատում, բայց մտնում եմ այսպիսի ծրագրով՝ օգնում եմ անցկացնել գաղափարների մրցույթ, դրամաշնորհներ եմ համաֆինանսավորում: Ամենակարեւորն այն է, որ 2008թ. պետությունը շատ ճիշտ ռազմավարություն ընտրեց ՏՏ-ի համար: Դրա արդյունքում է, որ համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ հաջող կերպով գործակցում ենք: Հիմա երկրի ընդհանուր մոտեցման տարբերակը նաեւ այլ երկրներ են փորձում կիրառել: Ղազախստանը Հայաստանից հազարապատիկ ավելի շատ գումար է ծախսում, բայց նույն արդյունքը չի ստանում: Մոտեցումների հարց է:

– Կադրերի արտահոսքը չի՞ ազդում տարածաշրջանում մեր դերի նվազմանը:

– Հետաքրքիր հետազոտություն է կատարվել Կրթության նախարարության պատվերով, ըստ որի` այդքան շատ չեն գնում, բայց եթե գնում են, կարելի է դա հաջողության վերածել եւ ուղեղների արտահոսքից ստանալ ներհոսք: Դա հնդիկների, հրեաների, իռլանդացիների, սինգապուրցիների ամենամեծ մոդելն է: Այսինքն` դու մի մարդ կորցնելով՝ մուտք ես գործում այդ կազմակերպություն ու այն աշխատեցնում քո երկրի համար: Բնական է՝ արտահոսք չի կարող չլինել, որովհետեւ համաշխարհային մակարդակի մասնագետներին չես կարող պահել: Գնում են ամենավերեւ հասած մարդիկ, որ աշխարհի մակարդակով են մրցունակ: Նույնը կատարվում է նաեւ այլ երկրներում: Խնդիրն այն է, թե ինչպես կապ ստեղծել այդ օտարերկրյա կազմակերպությունների հետ: Ես այդ մոդելի կողմնակիցն եմ: Մեր պարագայում դա արդյունավետ կարող է լինել՝ հաշվի առնելով Սփյուռքի գործոնը: Հետաքրքիր վիճակագրություն կա, որ ՏՏ ոլորտի կազմակերպությունների 90 տոկոսում սփյուռքահայի գործոն կա, որոնց մեծ մասը նոր գնացած հայերն են: Մեծ մասը հետո ուզում է Հայաստանում բիզնես սկսել: Պատկերացրեք՝ մի մարդու գնալով՝ քանի՞ աշխատատեղ է ստեղծվում այստեղ: Մեր երկիրն ունի 2 անհամեմատելի առավելություն՝ լուրջ մարդկային ներուժ եւ Սփյուռք: Մնացած ամեն ինչը մյուս երկրները կարող են սարքել: Մերը պետք է լինի արագ, համեմատական առավելություններն օգտագործվեն եւ նորարարական մոտեցումներ արվեն: Պետք է ոչ թե թվեր համեմատել, այլ աճ ապահովել, ոչ թե վախենալ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է:

– Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է մեր դերը տարածաշրջանում:

– Ադրբեջանն ու Վրաստանը հորիզոնում չեն երեւում, եւ չենք կարող համեմատել 350 կազմակերպությունը 10-ի հետ: Դաշտում ուժեղ են ռուսներն ու ուկրաինացիները, բայց Հայաստանը մի հետաքրքիր դիրք ունի՝ մեր մասնագետները ոչ թե լավ պատվերներ են կատարում, այլ լուծում են շատ բարդ խնդիրներ: Մեր կազմակերպություններին դիմում են անգամ ԱՄՆ-ից: Կարող ես ամեն ինչի մասնագետ գտնել: Ցավոք սրտի, գնալով պակասում է նրանց թիվը: ՏՏ-ում հաջողել ենք, եթե ինժեներական ոլորտում էլ կարողանանք առաջ գնալ, բարձր տեխնոլոգիաների մյուս ոլորտները հետեւից կգան: Երկիրը աշխարհին տալիս է արժեք եւ ստանում է շատ լուրջ հավելյալ արժեք: Այսինքն՝ կաթը վաճառում ենք, բայց կաթի ամբողջ սերը մնում է մեզ: Իսկ հնդիկները դույլերով կաթ են վաճառում, սեր չունեն. պետք է շատ վաճառեն, որ փող աշխատեն: