Ծնողը պետք է զրուցի երեխայի հետ

Հասարակության շրջանում հոգեբանական խնդիրներն օր օրի ավելանում են: Մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում նույնիսկ ամենասովորական հարաբերություններում: Ավելանում է դեռահասների կատարած հանցագործությունների թիվը:

Ոմանց կարծիքով` այդ ամենը տարրական կենսական, կենցաղային պայմաններ չունենալու հետեւանք է: Նույնիսկ դեռահաս աղջիկներն են առօրյա հարաբերություններում ագրեսիվ պահվածք դրսեւորում, միմյանց նկատմամբ անհանդուրժող դառնում: Հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը հաստատեց այն կարծիքը, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց թիվը մեր հասարակության մեջ աճել է: Աճել է նաեւ հոգեբանների մոտ խորհրդակցելու գնացող ծնողների եւ երեխաների թիվը: Մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է անի ծնողը երեխային ավելորդ սթրեսներից զերծ պահելու եւ հասարակությանը վայել զավակ կրթելու համար, հոգեբանը պատասխանեց. «Երեխայի ծնունդից պետք է սկսել դաստիարակությունը: Մանկավարժական պրակտիկան դա է ցույց տվել: Ցավոք սրտի, մեր հասարակությունը այդ դաստիարակությունը ճիշտ ուղղությամբ չի տանում: Ծնողներից շատ քչերն են, որ պատկերացնում են` ինչ է պետք իրենց երեխային: Ծնողը հաճախ պետք է զրուցի իր երեխայի հետ: Պետք է ամեն ինչ, ինչ որ կատարվում է շրջապատում` բացատրի, քննարկի իր երեխայի հետ»: Երեխաները փոքր տարիքում չեն գիտակցում` ի՞նչ է իրենց հետ կատարվում: Տեսնում եւ ընկալում են այն, ինչ շրջապատն է տալիս` մտածելով, որ դա է ճիշտը: «Վերջերս աշխատում էի մի երեխայի հետ, ում տարիքին այնքան էլ բնորոշ չէ դեպրեսիան, եւ ես զարմացա նրա մոտ նման ախտանիշեր հայտնաբերելով: Հարցրեցի, թե ինչո՞ւ է տխուր: Երեխան պատասխանեց` պատկերացնո՞ւմ եք` ինչ դաժան բան է, երբ կինդ քեզ դավաճանում է: Դա ութ տարեկան տղա երեխայի մտածելու թեմա՞ է: Երբ ես հարցրեցի, թե որտեղից է նրա մոտ այդ նստվածքը, պարզվեց` հեռուստասերիալներից: Երեխան առավոտից երեկո սերիալ է նայում: Ծնողն էլ բացատրելու, հասկացնելու, քննարկելու փոխարեն` բարկանում է, թե երեխան դասերն ինչու չի անում»,- պատմեց հոգեբանը: Ըստ Սիրանույշ Անդրեասյանի` ծնողի աջակից ֆունկցիան վերացել է: Բոլորը, չգիտես ինչու, մտածում են, որ երեխան ծնված օրվանից գիտի, թե ինչ պետք է անել: Ծնողների խնդիրը` երեխային երեւույթները բացատրելն ու ներկայացնելն է: Հոգեբանին հարցրեցինք վերջերս համացանցում տարածված այն տեսանյութի մասին, որում դպրոցական աղջիկները միմյանց ծեծում եւ հայհոյում են: «Դրանք այն ընտանիքների երեխաներն են, որտեղ կնոջ դաստիարակությունը դրված է սերիալների վրա: Նրանք իրենց երեխաների հետ չեն զրուցում, չեն շփվում: Շատերը նույնիսկ չեն պատկերացնում` ինչ ասել իրենց երեխաներին: Մտածում են, որ երեխան դեռ փոքր է, չի հասկանում: Երեք տարեկանն արդեն սեռադերային իդենտիֆիկացիայի տարիք է հանդիսանում: Այս տարիքում երեխան սկսում է իրեն առանձնացնել մորից: Սա երեխայի կյանքի առաջին ճգնաժամային փուլն է հանդիսանում, որին մարդիկ նայում են մատների արանքով, բայց որը հետո եւ դեռահասության, եւ մարդու հասունության շրջանում լուրջ խնդիրների է հանգեցնում»,- մեկնաբանեց հոգեբանը: Ծնող-երեխա բարդ հարաբերություններին ավելանում է ինտերնետից ստացվող տեղեկատվությունը: Երեխան օգտվում է համացանցից, հեռուստացույցից` տարատեսակ ինֆորմացիա որսալով: Երեխան չգիտի` ինչպե՞ս վարվել այդ հսկայածավալ տեղեկատվության հետ, ո՞րն է լավը, ո՞րը` վատը: Ծնողներից շատ-շատերը նույնիսկ չեն անհանգստանում, որ իրենց երեխաները համակարգչի առջեւ ժամեր են անցկացնում: Հոգեբանը պնդում է, որ համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ երկար ժամանակ նստող երեխան քիչ է խոսում, նրա մոտ խոսքի մշակույթը չի զարգանում: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ ծնողները պարզապես արգելում են երեխային տեխնիկայի առջեւ երկար ժամանակ անցկացնել` առանց բացատրելու, թե որն է արգելքի պատճառը: «Մրցակցություն կա լրատվամիջոցի եւ ընտանիքի միջեւ, թե ո՞վ պետք է առավել մեծ ազդեցություն ունենա: Սակայն հեռուստատեսությունն ունի շատ մեծ առավելություն, այն զգայական է եւ ավելի մեծ ազդեցություն ունի, ինչի արդյունքում երբեմն ընտանիքը, փողոցը կամ դպրոցը չեն կարողանում դերակատարում ունենալ: Ըստ որոշ ուսումնասիրությունների` հեռուստացույց դիտելը պատանու համար ուղիղ համեմատական է դպրոցում լավ չսովորելու, քրեական կենսագրություն ունենալու հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը: Մեր այն հարցին, թե արդյոք համացանցից ու հեռուստացույցից ստացված տեղեկատվությամբ երեխան կարո՞ղ է դաստիարակվել, Վահրամ Միրաքյանը պատասխանեց. «Սրանք անընդհատ փոփոխվող երեւույթներ են: Վաղը կարող է ուրիշ իրականություն լինել այդ ոլորտում: Այն, անշուշտ, մեծ դերակատարում ունի: Համացանցն ու հեռուստատեսությունը դառնում են մի հսկայական դաշտ, մնում է հասկանալ, թե ով` ինչպես կօգտագործի այդ ինֆորմացիան: Ազդեցության տեսանկյունից կա թե՛ լավը, թե՛ վատը: Դա արդեն ընտանիքի, հասարակության կողմնորոշման խնդիր է»: Խնդիրներից եւ հետագա բարդություններից խուսափելու համար զրուցակիցներս ծնողներին առաջարկեցին ավելի հաճախ զրուցել իրենց երեխաների հետ: Զրույցի ընթացքում պարզաբանված եւ քննարկված հարցերը ճիշտ լուծում կստանան եւ հետագայում չեն քայքայի երեխաների` առանց այն էլ փխրուն հոգիները: Համացանցն ու տեղեկատվական այլ աղբյուրները չեն կարող երեխաներին կրթել: Անընդհատ փոփոխվող տեղեկությունները երեխաների մոտ կարող են հանգեցնել չկողմնորոշվելու խնդրի: Երեխայի ուղեղում կտիրի խառնաշփոթ, եւ երեխան անգիտակցաբար կընտրի այն ինֆորմացիան, որն առավել հասու կլինի իր ուղեղին` չհասկանալով ինֆորմացիայի կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ