«Շորն ու Շորշորը» դարձավ «Ոսկե ծիրան-2012-ի» այցեքարտը

Այս տարի «Ոսկե ծիրանը» մեկնարկեց հայկական առաջին կատակերգությամբ` Համո Բեկնազարյանի «Շորն ու Շորշորը» ֆիլմով: Ի սկզբանե ասված էր, որ հենց այդ ֆիլմն է ընտրվել` նշանավորելու Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը: «Ոսկե ծիրանը», նույն առիթով, հատուկ մի ամբողջ նոր ծրագիր է սահմանել` «Գիրքը եւ կինոն», որի շրջանակներում աշխարհահռչակ գրական գործերի մի քանի հաջող էկրանավորումներ են ցուցադրվում այս օրերին: «Շորն ու Շորշորի» հիմքում հայ երգիծաբան ու լրագրող Մուշեղ Բագրատունու համանուն պատմվածքն է:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հանդիսավարը` ֆրանսահայ արվեստագետ Ժերար Փափազյանը, համր ֆիլմի ցուցադրումը փորձեց կապել ժամանակակից կինոմիտման հետ` ասելով, որ «կինոն շատ խոսք չի սիրում, իսկ առանց բառերի ֆիլմի համար նույնիսկ կարող են «Օսկար» տալ»` նկատի ունենալով այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին արժանացած «Արտիստը» ֆիլմը:

Միջազգային փառատոնի տասնյակ արտասահմանցի հյուրերի առաջ ներկայացնելով 1926թ.-ի ֆիլմ` գեղեցիկ կերպով գովազդվեց հայկական կինոյի հարուստ պատմությունը: Գուցե ակամա, բայց կարեւոր էր նաեւ ընտրված «աղերսը», որը «մերը» պետք է կապեր «նրանցին»: Խոսքն անիմացիոն Չարլի Չապլինի մասին է, որը «Ոսկե ծիրանի» բացման տեսանյութերում չարաճճի ձեւով փառատոնի պաստառներն է փակցնում: Այնուհետեւ կինոյի ամենալեգենդար բեղերով մարդուն փոխարինում են մեր բեղերով մարդիկ` ի դեպ, նրա ժամանակակիցները ու ինչ-որ տեղ` նաեւ փառքակիցները` ի դեմս «Շորն ու Շորշորի» գլխավոր դերակատարներ Համբարձում Խաչանյանի եւ Արամ Ամիրբեկյանի:

«Ոսկե ծիրանի» բացմանը կենցաղային կատակերգություն համարվող համր «Շորն ու Շորշորի» ցուցադրությունը առավել քան հնչեղ էր` բառի բուն իմաստով. ֆիլմը ցուցադրվեց կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի երաժշտական ձեւավորմամբ:

Երաժշտական երկը ստեղծվել է «Ոսկե ծիրանի» պատվերով` հատուկ այս` ընդամենը մեկ, ցուցադրության համար: Կոմպոզիտորի խոսքով` ինքն աշխատանքն իրականացրել է 3 շաբաթների ընթացքում: Ըստ կոմպոզիտորի` իր աշխատանքում մեծ տեղ է վերապահված իմպրովիզին: Իմպրովիզը հենց այն է, ինչը բնութագրական էր Բեկնազարյանի աշխատաոճի համար` 9 տասնամյակ առաջ: Հայտնի է, որ Բեկնազարյանը «Շորն ու Շորշորի» սցենարը գրել է 1 գիշերում, նկարահանել ու մոնտաժել 11 օրում, իսկ նկարահանման հրապարակում թե ռեժիսորը, թե դերասանները բազմաթիվ իմպրովիզներ են թույլ տվել իրենց` դրանով հանդերձ, ստեղծելով մի հասարակ թեմայով, բայց իր պարզության մեջ հանճարեղ ֆիլմ, որն իրավամբ հայկական համր կինոյի գոհարներից է: