Լավագույն «Ծիրանները»

Հուլիսի 8-ին Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարին, նախորդ փառատոների նման, «հարուստ» չէ ոչ ֆիլմերի եւ ոչ էլ հյուրերի առումով:

Ասում են` դա պայմանավորված է նրանով, որ կազմակերպիչներն իրենց ուժերը խնայում են հաջորդ տարի` հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրանը» մեծ շուքով տոնելու համար: Այնուամենայնիվ, տարեցտարի զգացվում է փոքր դրական տեղաշարժ այն տեսանկյունից, որ երեւանյան հանդիսատեսը սկսում է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել փառատոնի ֆիլմերի նկատմամբ (չնայած այն հանգամանքին, որ այս տարի փառատոնի շրջանակներում ֆիլմերի տոմսի գինը հասել է 500 դրամի` նախորդ տարիների 300 դրամի փոխարեն):

Անդրադառնալով միջազգային խաղարկային մրցույթի ֆիլմերին` նշենք մեկ հետաքրքրական փաստի մասին. այս տարի զգալի է կին ռեժիսորների մասնակցությունը փառատոնում:

Էստոնացի Կատրին Լաուրի «Գերեզմանապահի դուստրը» սոցիալական դրամա է` դժվար պայմաններում ապրող ընտանիքի մասին: Ընտանիքը մի կերպ պահող հոր, հարբեցող մոր եւ հիվանդ քրոջ կողքին դեռահաս Լուցիայի չձեւավորված ներաշխարհը փոթորկումների մեջ է: Ֆիլմը դիտարժան է, սակայն այսօր համաշխարհային կինոյում սոցիալական թեմաներով գործերի նկատմամբ հանդիսատեսն ավելի խստապահանջ է, քան երբեւէ: Միայն ֆիլմի հետաքրքրությունը դրա արժեքը բարձրացնել չի կարող: Պետք է հեղինակը կարողանա ուրույն ձեւով իր հետքը թողնել, իսկ Կատրին Լաուրն այս հարցում բավական մեղմ է գտնվել:

Ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շյոլերն այս տարի «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ներկայացել է իր «Իշխանավորը» ժապավենով: Ռեժիսորին հաջողվել է մանրակրկիտ ձեւով ներկայացնել պետական պաշտոնյայի կյանքը քաղաքական «կեղտոտ» եւ բարդ աշխարհում: Թեմա, որը, որքան էլ արդիական է աշխարհի տարբեր անկյուններում, այնքան էլ փակ է ու մռայլ: Հետեւաբար, ցանկացած կինոգործիչ երբ փորձ է կատարում արտահայտիչ ձեւով անդրադառնալ քաղաքական գայլային կյանքին, արժանի է հարգանքի:

Ի՞նչ կինոփառատոն` առանց իրանական ֆիլմերի: Սա արդեն իրողություն է, քանզի վերջին շրջանում իրանցի ռեժիսորներն արդեն ապացուցել են, որ իրենց կայուն տեղն ունեն համաշխարհային կինոյում` չնայած այն հանգամանքին, որ իրենց սցենարները գրաքննվում են, եւ իրենք բավական սահմանափակումներ ունեն ստեղծագործելու հարցում: Անցյալ տարի իրանցի Ասգար Ֆարհադիի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմի համաշխարհային փայլուն տրիումֆից հետո իրանցի ռեժիսորներին բավական դժվար է նոր թափ հավաքելը, սակայն նրանք փորձում են դա անել: Այս տարի «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է հայտնվել Ահմադ Ռեզա Մոթամեդիի «Ալցհայմեր» ժապավենը, որը 20 տարի շարունակ հուսահատորեն ամուսնուն փնտրած մի կնոջ պատմություն է:

Հայկական ծագումով թուրք ռեժիսոր Օզջան Ալփերը, ում «Աշուն» հիասքանչ դրաման 2009թ. «Ոսկե ծիրան» փառատոնում արժանացավ FIPRESCI եւ Ժյուրիի հատուկ մրցանակներին, այս տարի Երեւան է ժամանել «Ապագան ձգվում է հավերժ» դրամայով: Այս ֆիլմը, որը բոլոր նախադրյալներն ունի «Ոսկե ծիրանին» արժանանալու, իր գեղեցկությամբ չի զիջում ռեժիսորի նախորդ աշխատանքին: Սա գեղարվեստական մի գործ է` համեմված գեղանկարչությամբ, երաժշտությամբ, պոեզիայով, հոգեբանությամբ եւ պատմությամբ:

«Ոսկե ծիրանի» պատմության մեջ լեհական ֆիլմերն աչքի են ընկնում իրենց խորությամբ, բայց միեւնույն ժամանակ` տաղտկալիությամբ: Այս անգամ, ցավոք, Վիլհելմ եւ Անկա Սասնալ ամուսինների «Հեռվից սիրուն է երեւում» դրամայում երկրորդ հատկությունը գերակշռում էր: Ֆիլմը պատմում է լեհական գյուղի կյանքի մասին, մասնավորապես` մի երիտասարդի, ով ապրում է հիվանդ մոր կողքին, գումար է վաստակում մետաղյա ջարդոն հավաքելով եւ մտադիր է ամուսնանալ, սակայն մի օր անհետանում է: Հետագա սյուժետային դանդաղ զարգացումները զուգորդվում են մարդկային էության «կեղտոտ» կողմերի պատկերմամբ:

Մեկ այլ եվրոպական երկիր` Չեխիան, «Ոսկե ծիրանին» ներկայացել է Բոհդան Սլամայի «Չորս արեւ» ժապավենով: Ֆիլմը պատմում է աշխատանքը կորցրած մի տղամարդու, նրա քայքայվող ընտանիքի եւ դեռահաս որդու հոգեվիճակի մասին: «Չորս արեւն» անդրադառնում է այնպիսի համամարդկային բարդ մեխանիզմի, ինչպիսին ընտանիքն է: Խորհել է տալիս յուրաքանչյուր երեխայի ճակատագրի վրա ծնողների խրթին եւ մեծ ազդեցության շուրջ:

Գաղափարական առումով նման ֆիլմ է ներկայացրել նաեւ ֆրանսուհի Ուրսուլա Մայերը: Նրա «Քույրը» դրաման պատմում է լեռնադահուկային հանգստավայրում բնակվող աղջկա եւ նրա եղբոր մասին, ով անազնիվ միջոցներով փորձում է գումար վաստակել քրոջն օգնելու համար: Սակայն տղայի անբիծ մանկությունը դրանով վերջնականապես ապականվում է:

Այսպիսով, փորձենք մեր ուժերով կազմել «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթի` մինչեւ այժմ ցուցադրված ժապավենների լավագույն եռյակը. 1. «Ապագան ձգվում է հավերժ», Օզջան Ալփեր, Թուրքիա, 2. «Իշխանավորը», Պիեռ Շյոլեր, Ֆրանսիա, 3. «Չորս արեւ», Բոհդան Սլամա, Չեխիա:

Առաջիկա օրերին կցուցադրվեն նաեւ միջազգային խաղարկային մրցույթի մյուս 5 ժապավենները, որոնց շարքում է նաեւ Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» դրաման:

ԹՈՄՍՈՆ