«Մարդկությունը գտնվում է բարդ իրավիճակում»,- ասում է իրանցի կինոռեժիսոր Ահմադ Ռեզա Մոթամեդին

Ա. Ռեզա Մոթամեդին առաջին անգամ է եկել Հայաստան: Նրա «Ալցհայմեր» խաղարկային ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Կինոռեժիսորի խոսքով` առողջական խնդիրների պատճառով հեռավոր երկրներ գնալու հրավերները սովորաբար մերժում է, բայց, քանի որ Հայաստանը շատ մոտ է գտնվում Պարսկաստանին, եւ բացի այդ, Սերգեյ Փարաջանովի արվեստի նկատմամբ մեծ սեր ունի, ընդունեց փառատոնին մասնակցելու առաջարկը: Նրա հետ մեր զրույցը սկսեցինք իրանական ֆիլմարտադրության ներկա վիճակից: Զրույցի սկզբում փորձեցի լուսանկարել նրան` չնկատելով, որ լուսանկարչական սարքի օբյեկտիվը չէի բացել: Սկսեցինք ծիծաղել, երբ կինոռեժիսորը փիլիսոփայորեն մոտեցավ նշյալ իրավիճակին.

– Սովորել եմ նաեւ փիլիսոփայություն (Ա. Ռեզա Մոթամեդին արեւմտյան փիլիսոփայության եւ արվեստի փիլիսոփայության գծով գիտությունների թեկնածու է.- Մ.Մ.): Պարսիկ բանաստեղծ Մոլարդին ասել է. «Մենք ոչնչություն ենք, որ թվում ենք էություն»: Եթե Ձեր լուսանկարչական սարքի օբյեկտիվն այդպես էլ ծածկված մնար, ապա կերեւար մեր ոչնչությունը: Նախքան հեղափոխությունը` մինչ 1978թ., Պարսկաստանում ֆիլմարտադրությունն ավելի շուկայական էր: Կային մի քանի կինոռեժիսորներ, ովքեր ինտելեկտուալ ֆիլմեր էին ստեղծում, իսկ ընդհանրապես ֆիլմերը մեծամասամբ կրում էին կոմերցիոն բնույթ: Հեղափոխությունից հետո ամեն ինչ փոխվեց նաեւ ֆիլմարտադրության ոլորտում: Առաջ եկան սահմանափակումներ, որոնք ինչ-որ չափով օգնեցին նաեւ կինոարվեստին: Հանդես եկան մարդիկ, ովքեր փորձեցին փորփրել կինոյի էությունը: Հեղափոխությունից առաջ հռչակ էին ձեռք բերում ոչ թե կինոռեժիսորները, այլ դերասանները: Դա նման է այսօրվա ժամանակակից ֆիլմերին: Հեղափոխությունից հետո ֆիլմարտադրությունից վերացան ամերիկյան ֆիլմերին հատուկ կոպտությունը, վայրագությունը եւ սեռական կյանքի արտացոլումը, որոնք չէին համընկնում պետական, կրոնական համակարգին: Այդ երկու թեմաներով սյուժեներն արգելված են պարսկական ֆիլմերում: Դրանք չէին համընկնում կրոնական սկզբունքներին: Եվ ֆիլմերը սկսել են նկարահանվել այլ ուղղություններով: Միեւնույն ժամանակ նշեմ, որ հիշյալ արգելանքը պատճառ դարձավ, որ մի շարք պարսիկ կինոռեժիսորներ եւ դերասաններ հեռանան երկրից:

– Այսինքն` հեղափոխությունը նաեւ սահմանափակումնե՞ր դրեց ստեղծագործողի առջեւ:

– Իմ նշած արգելված թեմաները ոչ թե սահմանափակում էին կիոռեժիսորներին, այլ այն, որ մարդիկ սովորել էին այդ սյուժեներով ֆիլմեր դիտելուն: Այն ֆինանսական բյուջեն, որ տրվում էր նման ֆիլմերի նկարահանման համար, սկսեց հատկացվել կրոնական թեմաներով ֆիլմերին: Այն ժամանակ հեղինակային, ավելի ինտելեկտուալ ֆիլմերին տեղ չէր տրվում: Սակայն հեղափոխությունից հետո առաջ եկան ինտելեկտուալ ֆիլմերը, եւ կինոթատրոններն ավելի շատ տեղ էին հատկացնում այդ ֆիլմերին: Իսկ Պարսկաստանի Մշակույթի նախարարությունը մանրամասն կարդում էր կրոնական թեմաներով ֆիլմերի սցենարները:

– Եվ Ձեզ չի՞ սահմանափակում այդ գրաքննությունը:

– Այսօր ֆիլմերի սցենարների ստուգում չի կատարվում: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Այժմ Մշակույթի նախարարությունը ֆիլմ նկարահանելու իրավունք տալիս է, որտեղ եւս առկա է գրաքննություն: Ամեն դեպքում գրաքննությունն այն աստիճան խիստ չէ, ինչպես նախկինում: Այսօր Իրանում տարբեր տեսակի ֆիլմեր կան: Ֆիլմերի մի տեսակը պետական հովանավորչություն ունի, եւ հիմնականում պատվերով է նկարահանվում: Ընդ որում` այս տեսակի ֆիլմերի սյուժեները կրում են կրոնական բնույթ, ինչպես, ասենք, մարգարեի կյանքը, եւ այլն: Կան նաեւ կոմերցիոն ֆիլմեր, որոնք ավելի ժամանցային են: Եվ կա ֆիլմերի անկախ տեսակ, որի ներկայացուցիչն եմ համարում նաեւ ինձ: Այս տեսակի ֆիլմերում առկա են տարբեր մոտեցումներ: Սակայն, մյուս կողմից` այդ ֆիլմերն ունեն սահմանափակումներ, քանի որ նկարահանվում են անկախ մտածելակերպով մարդիկ: Կինոռեժիսորներից ոմանք Իրանի իրականությունը ներկայացնում են շատ մութ գույներով, ոմանք` երկու կողմերն էլ դիտարկում են, իսկ կինոռեժիսորներ էլ կան, ովքեր ներկայացնում են միայն դրական կողմերը: Անկախ ֆիլմերի ստեղծումը բավական դժվար է, քանի որ այն կապված է ֆինանսական միջոցների հետ, իսկ դրանք գտնելն այդքան էլ հեշտ չէ:

– Ի՞նչը Ձեզ չի բավականացնում իրանական կինեմատոգրաֆիայում:

– Ընդհանրապես, Ձեր հարցերին պատասխանում եմ երկու ձեւով` թե՛ որպես քննադատ, դրսից հետազոտող, թե՛ որպես կինոռեժիսոր: Ամեն դեպքում պետք է ամեն ինչին դրական մոտենանք: Այսօրվա մտավորականը պետք է լավատես լինի ապագայի նկատմամբ: Մյուս կողմից` իրավիճակը դիտարկելով` որպես կինոռեժիսոր, կան բաներ, որոնք ինձ նեղացնում են, անհանգստացնում են: Օրինակ, ֆիլմերի ֆինանսավորման հարցն է անհանգստացնում: Չնայած դրան, միշտ էլ սահմանափակումներ եղել են արվեստի մեջ, եւ այն արվեստագետները կամ կինոռեժիսորները, ովքեր ասում են, թե ֆիլմեր չեն նկարահանում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, ապա նրանց արվեստագետ կամ կինոռեժիսոր լինելը դրվում է հարցականի տակ:

– Ըստ Ձեզ` մարդկությունն ո՞ւր է գնում: Մտավորականներից շատերը նշում են, որ աշխարհում գաղափարական ճգնաժամ է ստեղծվել:

– Մարդկությունը գտնվում է բարդ իրավիճակում: Փիլիսոփաները, մտավորականները պետք է նոր փիլիսոփայություն ստեղծեն, որպեսզի դուրս գանք այդ ճգնաժամից: Բայց կարծում եմ` ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն աշխարհի մարդակենտրոն լինելն է: Այսօր մարդը դարձել է կենտրոն: Նախկինում դա այդպես չէր: Մարդը բնության մասնիկն էր: Եթե այսօր կարողանանք դուրս գալ այդ մարդակենտրոնությունից, ամեն ինչ չդիտարկենք միայն մարդկային հայացքներով, մարդը շարունակի մնալ բնության մասնիկ, եւ աշխարհն ընկալվի իր ամբողջականությամբ, ապա կհաղթահարենք այդ ճգնաժամը:

– Այսինքն` մարդիկ հեռացել են Աստծո՞ւց:

– Այո՛: Մենք մոռանում ենք մեր ակունքները, այսինքն` Աստծուն, որի մեջ սերն այնքան շատ է: Կարծում եմ` սերն այնքան շատ է եղել Աստծո մեջ, որ նա ստեղծեց աշխարհը:

– Ձեր ֆիլմը` «Ալցհայմերը», մարդկային մոռացության մասին է: Ըստ Ձեզ` ի՞նչն ենք մոռանում այսօր:

– Ճիշտ եք նկատել: Ֆիլմի հերոսը, որ հիվանդ է, մոռացություն է գտել, բայց իրականում նրան շրջապատող մարդիկ են հայտնվել խորը մոռացության մեջ: Նրանք մոռացել են իրենց ով լինելը, մարդկության էությունը: Ֆիլմը պատմում է հենց այդ մասին: Այսինքն` ֆիլմը ոչ թե մոռացությամբ հիվանդացած մարդու մասին է, այլ մարդկության հիվանդության, որ մոռացել է Երկիրը:

– Իսկ դեղատոմս առաջարկո՞ւմ եք:

– Ֆիլմը լավատեսությամբ չի ավարտվում, որովհետեւ ֆիլմում պատկերված կինը, որ ամենաճիշտն էր տեսնում, ֆիլմի վերջում գնում է հոգեբուժարան:

– Ելք չե՞ք տեսնում:

– Փիլիսոփայի կամ մտավորականի պարտականությունը պատասխան տալը չէ, այլ հարցադրումներ անելը: Եթե մարդկությունը կարողանա ճիշտ հարցադրում անել, ուրեմն` մոտենում է պատասխանին (ժպտում է.- Մ.Մ.):