Քանդակի միջազգային սիմպոզիում՝ Շուշիում

Հուլիսի 13-ին Շուշիում տեղի է ունենալու «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը, որի հիմնադիր-նախագահը Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է:

Այս տարի, բացի քարի վրա աշխատանքներից, ստեղծվելու են գեղանկարներ, որմնանկարներ: Անցկացվելու են վարպետության, դիզայնի դասընթացներ: Իսկ սիմպոզիումին մասնակցելու են` Հայաստանից` երկու, Արցախից` երեք արվեստագետներ, Ճապոնիայից` մեկ կին քանդակագործ, Բելգիայից` մեկ նկարիչ-քանդակագործ, իսկ Իտալիայից կլինի 8 մասնակից: «Ես ինքս Երեւանից եմ, բայց 12 տարի է` ապրում եմ Ֆլորենցիայում, որտեղ ունեմ շատ լավ բարեկամներ, որոնցից երեքն իրենց ցանկությամբ, արդեն երկրորդ տարին է` մասնակցում են Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումին: Դա շատ ուրախալի է, քանի որ նրանք Արցախում գտան այն, ինչ չկար Իտալիայում: Դա սիմպոզիումի կարեւոր մասերից մեկն է, որ արվեստագետները տեսնեն, ծանոթանան մշակույթի մարդկանց հետ: Եվ քանի որ պրոֆեսորներից մի քանիսը ցանկություն հայտնեցին վերադառնալ, նշանակում է` սիմպոզիումը հաջողվեց»,- ասում է Վիգեն Ավետիսը: Ըստ նրա` սիմպիոզումի երկրորդ կարեւոր խնդիրը վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ինչը նրանք ներկայացնում են արվեստի լեզվով: «Մենք շատ ժամանակ ենք արդեն վատնել: 15 տարի առաջ Արցախի ճանաչումը պետք է եզրափակվեր: Ժամանակը շատ արագ է գնում, մանավանդ, մեր ժամանակներում ժամանակի արագությունը եռապատկվել է: Հետեւաբար, մենք պետք է եռապատիկ ավելի աշխատենք, որպեսզի հնարավորինս արդյունավետ լինի ամեն մի հայի աշխատանքը` թե՛ դրսում, թե՛ ներսում: Նա իրավունք չունի ժամանակ կորցնել: Փաստը մնում է փաստ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Մենք ունենք հրադադար, այլ ոչ թե զինադադար: Ամեն վայրկյան պետք է ավելացնենք մեր աջակիցների թիվը, քանի որ միջազգային հանրությունն ունի մեծ ուժ, որն ամենածանր պայմաններում կարող է կանգնեցնել նույնիսկ պատերազմական գործողությունները»,- ասաց քանդակագործը: Նրա փոխանցմամբ` Շուշին եւս ժամանակ է կորցրել` տարիներ շարունակ մնալով ադրբեջանական լծի տակ, եւ այսօր խնդիր է նաեւ ադրբեջանցիների թողած էներգետիկան մաքրելը, ինչպես նաեւ` քաղաքի դեմքը փոխելը: Ընդ որում` այս տարի քանդակագործների հետ Շուշի է մեկնելու նաեւ իտալացի ճարտարապետ, ով զբաղվելու է քաղաքի ուրբանիստական աշխատանքներով: Քանդակագործը նաեւ նշեց, որ անկախ ադրբեջանական կողմի ակտիվ սպառնալիքներից, միեւնույն է` Արցախը շարունակելու է ծաղկել նաեւ արվեստի ճանապարհով: «Անցյալ տարի ադրբեջանական կողմից ճնշումներ եղան, որոնց ոչ միայն ես, այլեւ իմ ընկերները պատրաստ էինք: Երբ սիմպոզիումի մասնակիցների անունները տեղադրեցինք համացանցում, ժամեր անց սիմպոզիումի գեղարվեստական ղեկավարին` Ֆրանչեսկո Գալոյին հեռախոսազանգ եկավ Ադրբեջանի դեսպանատնից` բացատրելով, որ շատ վտանգավոր է գտնվել Արցախում: Ի պատասխան դրա` Ֆ. Գալոն ասաց, որ հաջորդ անգամ դատի կտա դեսպանատանը, քանի որ այն խանգարում է իր անկախությանը: Ադրբեջանական կողմից նամակ ստացավ նաեւ Իտալիայի կենտրոնական հեռուստատեսությունը, ինչը շատ աբսուրդ էր, քանի որ սիմպոզիումի մասին ֆիլմը դեռ պատրաստ չէր, եւ դեռ չէին դիմել այդ հեռուստատեսությանը` ցուցադրելու համար: Իսկ նամակում գրում էին, որ հանկարծ չցուցադրեն ֆիլմը: Ծիծաղելի քայլեր են անում` չհասկանալով, որ ծիծաղելի քայլերով գեղեցկացնում են մեր առաքելությունը: Իսկ քանի որ այս տարի մասնակիցների անունները դեռ չեն տեղադրվել համացանցում, նրանք լուռ են: Հուսով եմ` շատ երկար կլռեն, կամ կգովեն մեզ»,- ասաց Վիգեն Ավետիսը:

Իսկ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ջուզեպե Դել Դեբբիոն, ով նախորդ տարի եւս մասնակցում էր սիմպոզիումին, նշեց, որ Արցախն իրեն հիշեցնում է իր մանկության բույրը: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի սպառնալիքներին կամ ահազանգերին, իտալացի պրոֆեսորը նշեց. «Ադրբեջանում պետք է հասկանան, որ մենք աշխատում եւ ստեղծագործում ենք խաղաղության համար: Դա մեր գերնպատակն է: Պատերազմից տուժում են հատկապես աղքատ մարդիկ: Պետք է աշխատել խաղաղության համար»: Ջ. Դել Դեբբիոյի խոսքով` նախորդ տարի ինքը ստեղծագործական մեծ ներշնչանք է ստացել Արցախում: «Ափսոս, շատ երիտասարդ չեմ, եւ շատ կցանկանայի ավելի հաճախ գալ Հայաստան: 40 տարի է` դասավանդում եմ, շփվում եմ երիտասարդների հետ, եւ հենց ճանաչելով, ընկերանալով Վիգենի հետ` Հայաստանը բացահայտեցի ինձ համար»,- նկատեց իտալացի պրոֆեսորը` հավելելով, թե մեծ երազանք ունի, որպեսզի իտալական Լուկա քաղաքն ու հայկական Շուշին դառնան քույր քաղաքներ, քանի որ երկուսն էլ ունեն որոշակի ընդհանրություններ: «Անցյալ տարի սիմպոզիումին մի քանդակ եմ արել` գրկախառնված կին եւ տղամարդ, իսկ այս տարի կցանկանայի մի հրեշտակ ստեղծել, որը ձեռքերում նուռ կունենա: Դրա իրագործումը բավական բարդ է: Անցյալ տարի շատ կարեւոր ու գեղեցիկ էր հայերի եւ իտալացիների շփումը: Չնայած կար լեզվի խնդիր, բայց շատ լավ հասկանում էինք իրար: Սիրո մթնոլորտում ստեղծվում էին գործեր` մի բան, որ գտա Հայաստանում: Ամեն ինչ անկեղծ էր»,- նշեց Ջ.Դել Դեբբիոն: Իսկ նախորդ սիմպոզիումի աշխատանքն արդեն տեղադրվել է Շուշիի Կենտրոնական բանկի հարեւանությամբ: Այս տարի եւս սիմպոզիումի թեման ազատ է լինելու: Ընդ որում` հետաքրքիր է, որ այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը, մեղմ ասած` անտարբերություն է ցուցաբերում միջազգային սիմպոզիումի նկատմամբ, փոխարենը` սիմպոզիումի անցկացմանն աջակցել են Երեւանի քաղաքապետարանն ու ԼՂՀ մշակույթի նախարարությունը: