Քանի սաղ ենք, ռուսներին պարտք ենք

«Հայաստանի Հանրապետության` որպես զարգացող երկրի, տնտեսական զարգացման թե՛ միջինժամկետ եւ թե՛ երկարաժամկետ առկա սցենարները ենթադրում են բյուջեի դեֆիցիտ, որը, բնականաբար, ֆինանսավորվում է ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին: Կառավարության կողմից հաստատված պարտքի ռազմավարության ներքո նշված դեֆիցիտի ֆինանսավորման ուղղությամբ անընդհատ իրականացվում են աշխատանքներ, մշտապես տարվում են բանակցություններ բոլոր հնարավոր բազմակողմ եւ երկկողմ դոնորների հետ, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրելով ամենաշահավետ պայմաններով առաջարկները, այդ թվում` որոշ վարկեր առավել արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորելու տարբերակները»:

Սա մի հատված էր ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին ուղղված պատասխանից։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր ռուսական գազի գնի հնարավոր բարձրացմանն ու Ռուսաստանից եւս 1 մլրդ դոլար պարտք վերցնելու թեմաներին: Կոնկրետ արտաքին պարտքի մասին Օսկանյանը գրել էր։

«Ռուսաստանից նոր պարտք ներգրավելու մասին

Նախ ասեմ, որ այն պնդումները, որ իբր Հայաստանի պետական պարտքը կառավարելի է եւ հեռու է վտանգավոր սահմանագծից, եւ որ մենք դեռ տեղ ունենք այն ավելացնելու, իրականությանը այդքան էլ չեն համապատասխանում: Այսօր Հայաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտ 43 տոկոսը: Սա Հայաստանի համար հսկայական թիվ է եւ տնտեսության համար լուրջ պրոբլեմ` մի քանի պատճառներով.

1. Հայաստանի պետպարտքի 86 տոկոսը արտաքին պարտք է եւ միայն 14 տոկոսն է ներքին պարտք` ազգային արժույթով վերցված: Հայաստանի արտարժութային պարտքը կազմում է 4 մլրդ դոլար: Եթե սրան ավելացնենք Ռուսաստանից ներգրավվելիք 1 մլրդ դոլարը, ապա պետական պարտքը արդեն կկազմի ՀՆԱ-ի ավելի քան 55 տոկոսը: Սա մեզ համար հսկայական թիվ է եւ լուրջ մարտահրավեր տնտեսությանը:

2. Հայաստանին հատկացված վարկերն արտոնյալ վարկեր չեն: Դրանք լողացող տոկոսադրույքով վարկեր են եւ բավական մոտ են LIBOR+3 առեւտրային վարկերի տոկոսադրույքներին:

3. Հայաստանի պետբյուջեի փոքրությունը նկատի ունենալով` 2013-ից մոտ 400 մլն դոլարով պարտքի սպասարկումը արդեն լրջագույն բեռ է բյուջեի համար եւ լուրջ խոչընդոտ տնտեսության զարգացման համար:

4. Օրեցօր հայկական դրամը արժեզրկվում է, մինչդեռ արտաքին պարտքի սպասարկումը արտարժույթով է: Դա նշանակում է, որ օրեցօր ավելանում է նաեւ պարտքի սպասարկման բեռը:

5. Արտաքին պարտքի օգտագործումը Հայաստանի տնտեսության մեջ նախորդ չորս տարիներին արդյունավետ չի եղել: Չի օգտագործվել տնտեսության այն հատվածներում, որոնք մի կողմից` կնպաստեին տնտեսական աճին եւ դիվերսիֆիկացիային, մյուս կողմից` մուտքեր կապահովեին պետբյուջե` նպաստելով պետական պարտքի սպասարկման բեռի թեթեւացմանը:

Ես կարծում եմ, որ նախքան որեւէ նոր պարտք վերցնելը, կառավարությունը պարզապես պարտավոր է հաշվետու լինել հասարակության առջեւ` ցույց տալով, թե իր գործունեության չորս տարիների ընթացքում գրեթե եռապատկված պետական պարտքի յուրաքանչյուր լուման ուր է գնացել եւ ինչ արդյունավետությամբ է ծախսվել: Կարծում եմ նաեւ, որ Ազգային ժողովը սեպտեմբերին պետք է բարձրացնի այս հարցը»:

Անկախ Վ. Օսկանյանի կամ նրա քաղաքական հայացքների նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ նշված պնդումների հետ չհամաձայնելը դժվար է, իսկ հակափաստարկներ բերելը` ավելի, քան դժվար։ Ֆինանսների նախարարությունը, սակայն, փորձել է հակադարձել։ Սակայն, ըստ էության, չի պատասխանել Վարդան Օսկանյանին։ Ոչ վարկերի պայմանների մասին են խոսել, ոչ հերքել են Ռուսաստանից վարկ վերցնելու հավանականությունը։ Ֆիննախի մասնագետների կոմպետենտությանը չենք կասկածում։ Սակայն խնդիրն այն է, որ պատասխանելու բան, ըստ երեւույթին, չկա։ Օրինակ՝ եթե նշվում է, որ դրամի փոխարժեքի սրընթաց անկումը մի քանի տոկոսային կետով ավելացնում է արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը. դրան ինչպե՞ս կարելի է հակադարձել։

Մեկ այլ օրինակ՝ Օսկանյանը նշել էր, որ վարկերը արտոնյալ չեն, դրանք լողացող տոկոսադրույքով վարկեր են եւ բավական մոտ են LIBOR+3 առեւտրային վարկերի տոկոսադրույքներին: Ինչին ի պատասխան` հնչում է ոչինչ չասող այս տեքստը. «Բանակցությունները չեն տարվում այս կամ այն գումարի չափով, այլ քննարկվում են կոնկրետ ծրագրերով եւ ուղղություններով, որոնք համահունչ են երկրի զարգացման պահանջներին եւ դոնորների նախապատվություններին: Հայաստանում ամեն տարի քննարկվող արտաքին վարկերի` գործող եւ մոտակա տարիներին նախատեսվող ծավալները վերջերս տատանվում են շուրջ մեկ մլրդ դոլարի շուրջ, որից ամեն տարի իրացվում է դրա 25-50 տոկոսը: Պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնելու այս կամ այն երկիրը կամ կառույցը, հարկ է քննարկել դրա ընդհանուր չափը, պայմանները եւ ուղղությունները, ինչն էլ արվում է ամեն տարի` պետական բյուջեի քննարկումների ժամանակ»։

Ուրիշ բան, եթե Ֆիննախը մի մանրամասն տեղեկանք հրապարակեր՝ նշելով, թե որ աղբյուրից որքան գումար են վերցրել եւ վերցնելու եւ ինչ պայմաններով։ Իսկ այսպիսի տեքստից տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե Ֆիննախն է պատասխանել Օսկանյանին, այլ Օսկանյանը` ֆիննախին։ Միջոցների արդյունավետ օգտագործման մասին, բնականաբար, ոչ մի խոսք չկա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ ՖՆ-ի այն պնդմանը, թե «պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնելու այս կամ այն երկիրը», ապա այստեղ կարելի է երկար ու անվերջ բանավիճել։ Ռուսաստանի տրամադրած 500 միլիոն դոլար վարկի եւ դրա կոշտ պայմանների մասին բազմիցս է գրվել։ Ընդ որում, բանավիճել կարելի է ոչ միայն տնտեսական դաշտում, այլեւ՝ քաղաքական, քանի որ խոշոր միջպետական վարկի տրամադրումը, թերեւս, ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան տնտեսական։

Սակայն նման «մանր» հարցերը մեր իշխանությունների համար էական նշանակություն ունեն։ Կարեւորը, ինչպես երեւում է թե՛ կառավարության ծրագրից, թե՛ ՖՆ այս տեքստից, «պարտքով փող» ճարելն է։ Վերցնելու հարցում՝ միշտ պատրաստ ենք։