Հայկական կրթություն վիրտուալ միջավայրում՝ ամենուր եւ ցանկացած ժամի

Այժմ տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հատել ժամանակի եւ տարածության բոլոր սահմանները:

Տեխնոլոգիաների բերած այս հնարավորությունները լայնորեն կիրառվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանում, որի նպատակը աշխարհի հայության համար հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելն է: Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր սփյուռքում հայկական դպրոցներ հաճախելու հնարավորություն ունեն դրսում ապրող հայերի միայն 5%-ը, ուստի դրսում հայկական կրթության պակաս կա: «Վիրտուալ համալսարանն օգնում է հայապահպանությանը, քանի որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ այսօր համացանցի շնորհիվ կարող են մասնակցել համալսարանի դասերին»,- ասաց Ե. Զորյանը: Այժմ համալսարանում ուսուցումն իրականացվում է երեք բաժիններում` հայոց լեզու, հայոց պատմություն եւ հայկական մշակույթ: «Տեխնոլոգիական զարգացումը մեզ հնարավորություն է տալիս վիրտուալ կրթություն իրականացնել, ինչը նշանակում է, որ ուսանողն այլեւս կարիք չունի դպրոց գնալ` դեմ առ դեմ իր դասախոսին հանդիպելու. հեռաուսուցման շնորհիվ մենք հայեցի դաստիարակություն կամ հայկական կրթություն ենք տալիս ամեն տեղ»,- ասաց Ե. Զորյանը: Նրա խոսքով` ՀԲԸՄ-ն սփյուռքում գոյություն ունեցող հայկական կրթության ամենամեծ ինստիտուտն է, որը 20-ից ավելի ամենօրյա դպրոցներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Վիրտուալ համալսարանի կայացման գործում մեծ նշանակություն են ունեցել ՀԲԸՄ-ի կրթական փորձառությունը եւ ֆինանսական աջակցությունը: Բացի այդ, համալսարանական ուսուցման բովանդակության ստեղծման գործում մեծ դեր են ունեցել հայաստանյան տարբեր բուհերի մասնագետները, իսկ վիրտուալ համալսարան ստեղծելու գաղափարի իրականացման համար ուսումնասիրվել են աշխարհում գոյություն ունեցող վիրտուալ համալսարանների օրինակներ եւ հեռաուսուցման տարբեր ծրագրեր:

Հայկական վիրտուալ համալսարանում ուսուցումն իրականացվում է տարբեր լեզուներով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Վերջին մի քանի ամիսներին համալսարանում մշակված նոր ծրագրի շնորհիվ համալսարանում հայերեն կարելի է սովորել նաեւ թուրքերեն լեզվով: «Թուրքիայի մեջ ապրող իսկական կամ իսլամացած հայերն այլ լեզուների կողքին այսօր հնարավորություն ունեն հայերեն սովորել նաեւ թուրքերենով»,- ասաց Ե. Զորյանը: Թուրքերենով հայերեն սովորողների թիվը դեռեւս շատ չէ, սակայն, ինչպես նշեց Ե. Զորյանը` հետաքրքիր է այն, թե ովքեր են սովորողները. «Ոմանք հայեր են, իսկ ոմանք էլ` թուրքեր, որոնք հետաքրքրված են հայերենով եւ ուզում են մոտիկից ծանոթանալ մեզ ու մեր լեզվին»,- ասաց նա` հավելելով, թե թուրքերենով համալսարանում դասավանդում են միայն հայոց լեզվի բաժնում, իսկ սեպտեմբերից համալսարանում կսկսվի նաեւ Հայոց պատմության դասավանդումը:

Հայկական վիրտուալ համալսարանն ուսանողներ ունի շուրջ 50 երկրներից, սակայն ամենաշատ ուսանողներն ԱՄՆ-ից են (մոտ 25%), որին հաջորդում է Վրաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, այնուհետեւ` Հայաստանը, Կանադան, Ուրուգվայը, Արգենտինան եւ այլն: Ամենաքիչ ուսանողները Թուրքիայից են: «Կան ուսանողներ նաեւ այնպիսի երկրներից, որտեղ հայեր չկան կամ շատ քիչ են, օրինակ, Աֆրիկայի մի փոքրիկ կղզուց` Ռեյինյոն կղզուց, չորս աշակերտ ունենք Շանհայից, որոնցից ընդամենը մեկն է հայ, իսկ մյուսները հայերի տիկիններ են, ամուսնացել են հայի հետ եւ սկսել են հայերեն սովորել»,- ասաց Ե. Զորյանը` նկատելով, թե համալսարանի ուսանողների աշխարհագրությունը տարեցտարի ավելանում է:

Ուսուցումը վճարովի է, սակայն…

Համալսարանում ուսուցումը վճարովի է, յուրաքանչյուր կուրսի արժեքը (կուրսերը եռամսյա են) կազմում է մոտ 200 դոլար: «Համալսարանի ծախսերի մոտ 5%-ն է գոյանում ուսուցման վճարներից, մնացած 95%-ը գոյանում է հովանավորներից»,- ասաց Ե. Զորյանը` նշելով, թե համալսարանում ուսուցման վճարը սիմվոլիկ է: Նրա տեղեկացմամբ` բազմաթիվ ուսանողներ կրթաթոշակ են ստանում` որպես նյութական օգնություն, որը «փակում» է ուսուցման ծախսը: Այն հատկապես սոցիալապես անապահով` քիչ կամ ընդհանրապես եկամուտներ չունեցող անձանց է վերաբերում: Իսկ նրանք, ովքեր ունեն միջին եկամուտ, մուծում են ուսուցման վճարի մոտ 50%-ը: Այս ամենից բացի, համալսարանում անվճար սովորելու եւս մեկ հնարավորություն կա. գերազանց գնահատականներ ունենալու դեպքում ուսուցման վերջում նրանց ուսման վճարը վերադարձվում է:

Այժմ Հայկական վիրտուալ համալսարանի ամենակարեւոր խնդիրը մարդկանց հասանելի լինելն է եւ նրանց այս համալսարանի մասին տեղեկացնելը: Ե. Զորյանի խոսքով` համալսարանում վիրտուալ «ճամփորդություններ» են կատարում` վիրտուալ այցելելով Մատենադարան կամ Ցեղասպանության թանգարան: «Մեր նպատակն է` ոչ միայն հային հասնել, այլեւ տեղեկացնել նրանց, ովքեր կիսով չափ կամ մեկ քառորդով են հայ` իրենց հայ լինելու մասին, եւ նրանց ներգրավել մեր կրթական գործընթացներում: Այսինքն` նպաստել հայապահպանության գործին»,- ասաց Ե. Զորյանը: Նրա խոսքով` առաջիկայում վիրտուալ համալսարանում հնարավոր կլինի սովորել նաեւ մոբայլ գործիքներով եւ շարժական սարքերի միջոցով: Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի արդեն աշնանը` հոկտեմբեր ամսից, ուսանողները կարողանան օգտվել նաեւ այս հնարավորությունից:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ