Անասնապահական մթերքները թանկանալո՞ւ են

Լոռու մարզում այս տարի մշակվել է գյուղատնտեսական հողերի ընդամենը 35 տոկոսը: «Հետքին» այս մասին ասել է մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ըստ նրա, ամենացածր տոկոսն արձանագրվել է Տաշիրի տարածաշրջանում, որտեղ 12.000 հա վարելահողից օգտագործվում է ընդամենը 2300 հա: «Մենք գիտենք դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները»,- ասել էր մարզպետը: Մարզում անասնակերի պակաս կա. շուկայում դաշտից բերված 1 հակ խոտի գինը 1400 դրամ է: Արդյունքում բազմաթիվ գյուղացիներ սկսել են մորթել իրենց խոշոր եղջերավոր անասունները եւ միսը վաճառել համեմատաբար էժան գներով: «Մսավաճառներն Օձունում գյուղացիներից տավարի միսը գնում են կգ-ն 2000 դրամով: Մեկ ամիս առաջ նրանք գնում էին 2600 դրամով»,- ասել է օձունցի Եզեկ Աղվանյանը: Ըստ գյուղապետ Արսեն Տիտանյանի, Օձունում այս տարվա խոտը նախորդ տարվա հնձածի կեսն է կազմում: Գյուղում 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, սակայն ձմռանը դրանց անկում կգրանցվի: Խոշոր եղջերավորների անկում են կանխատեսում նաեւ այլ գյուղերում, ինչի պատճառով մարզում անասնապահական մթերքների թանկացում լինի: