Թռար վերեւ, իջար ցած

Եթե Հայաստանի տնտեսական կյանքում ոչ մի այլ իրադարձություն տեղի չունենա, ապա դոլարի փոխարժեքի տատանումները միայն իրենք իրենցով վերլուծությունների առատ նյութ կարող են հանդիսանալ։ Սրընթաց վերելքից հետո ամերիկյան արժույթը վերջին շաբաթվա ընթացքում նույնպիսի տեմպերով սկսեց անկում ապրել։

Հուլիսի 9-ից սկսած դոլարի միջին փոխարժեքը (ըստ ԿԲ-ի) 418.64 դրամից իջավ մինչեւ 411 դրամ։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում փոխարժեքը երկու շաբաթվա ընթացքում կհասնի նախընտրական` ապրիլի միջին ցուցանիշին՝ 391 դրամի։ Դժվար է միանշանակ ասել, թե որն է այս տատանումների պատճառը։ Դրամի արժեզրկման դեպքում հիմնականում նշվում էր ընտրությունների գործոնը։ Այսինքն՝ Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ծավալը շեշտակի մեծացել էր՝ հանգեցնելով դրամի ավելցուկի եւ արժեզրկման։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ից մինչեւ հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան արժույթի վաճառքի գինը 391 դրամից հասավ 420 դրամի։ Որոշակի շեղումներով` փոխարժեքը հիմնականում պահպանվեց այդ նիշի շրջակայքում մինչեւ հուլիսի 7-ը։ Դրամի արժեզրկման պատճառների թվում շատերը նշում էին նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը դեռ ամիսներ առաջ կոչ էր արել, որ դրամը պետք է սահուն արժեզրկվի՝ տեղական արտադրողին եւ արտահանողին ի նպաստ։ Ընդ որում, արդեն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ԿԲ-ն իրավիճակը չի վերահսկում, եւ փոխարժեքը կարող է փլուզվել։ Անգամ Վարդան Օսկանյանը բոլորովին վերջերս իր ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել է դրամի արժեզրկմանն ու դրա բացասական ազդեցությանը արտաքին պարտքի սպասարկման վրա։ Սակայն շատերի համար անսպասելի սկսած հակառակ պրոցեսը՝ դրամի արժեւորումը, արդեն բավականին դժվար է բացատրել։ Փոխարենը՝ սկսեցին հարցին ավելի գլոբալ նայել՝ ընդհանուր տատանումների տեսանկյունից։ Օրինակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դոլարի փոխարժեքի տատանումները Հայաստանում շարունակվելու են, քանի որ փոխարժեքի վրա ուղղակիորեն ազդում են արտաքին գործընթացները։ Նա առանձնացրել էր եւս երկու գործոն՝ Հայաստանի՝ ներկրող երկիր լինելու հանգամանքը եւ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը։ «Հայաստանը ներկրող տնտեսությամբ երկիր է եւ, հետեւաբար, գների յուրաքանչյուր տատանում ազդում է ներկրողների որոշման վրա, եւ նրանք ձեւավորում են կամ մեծ առաջարկ, կամ պահանջարկ: Հենց դրանով էլ պայմանավորված են դոլարի փոխարժեքի կոշտ տատանումները Հայաստանում»,- ասել էր նա։ Ինչ վերաբերում է երրորդ գործոնին, ապա, Ա. Մինասյանի կարծիքով, երկրում արհեստականորեն իջեցվել է դրամով արտահայտված գումարային բազան, ինչը դոլարի պահանջարկի աճի է հանգեցնում, հատկապես վերջին օրերին: Թե ինչ փոփոխություններ կկրի փոխարժեքը առաջիկայում, ՀՅԴ պատգամավորը պայմանավորել էր պետության կողմից ձեռնարկվող միջոցներով, եւ խոշոր ներկրողների վարքագծով։ Ի տարբերություն Մինասյանի, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը կանխատեսում է ոչ թե տատանում, այլ դրամի արժեզրկում։ Դեռ մայիսի կեսերին Բագրատյանն ասում էր, որ մինչեւ տարվա վերջ տեղի կունենա դրամի փոքրիկ սահուն անկում, պրոցեսները չեն գահավիժի, քանի որ տրանսֆերտների աճ կա։ Բացի այդ, ըստ Բագրատյանի, փոխարժեքը փոփոխվում է, քանի որ երկրի վճարման հաշվեկշիռը վատն է՝ մենք ավելի շատ ենք դոլարով վճարում, քան մեզ են վճարում, «երկրից կապիտալը փախչում է»։ «Նաեւ լուրջ ազդեցություն ունեցան ընտրակաշառքները, որոնք բաժանվել են ժողովրդին, որովհետեւ Կենտրոնական բանկն այդ շրջանում դրամի էմիսիան ավելացրեց: Ի վերջո, տնտեսությունում աճ չկա, իրական արտահանում չկա, չնայած անընդհատ տարփողող արտահանման աճին»,- ասել էր նախկին վարչապետը։

Վերջին մի քանի օրերը ոչ աշխատանքային էին։ Ֆոնդային բորսան իր աշխատանքը կսկսի այսօրվանից, եւ կտեսնենք, թե փոխարժեքն այս շաբաթը ինչ «տրամադրությամբ» է սկսում։ Ինչ վերաբերում է նախորդ ժամանակահատվածի վիճակագրությանը, ապա, չնայած փոխարժեքային տատանումներին՝ արտարժույթի շուկայում բավականին աշխույժ առեւտուր է ընթացել։ Այսպես, ԿԲ տեղեկատվության համաձայն, հուլիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 186,198,564 ԱՄՆ դոլար` 415.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 205,002,517 ԱՄՆ դոլար` 417.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 27,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունը երեւան է հանում նաեւ դրամի արժեզրկման արդյունքում վարկավորման միտումների փոփոխությունները։ Հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում (երբ դոլարի միջին փոխարժեքը 418 դրամի շրջակայքում էր) բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ (շուրջ 125 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 79.3 մլն ԱՄՆ դոլար: Փաստորեն, դրամային վարկերի շաբաթական միջին ծավալը կազմել է 62.5 մլն դոլար, ինչը զիջում է մայիսի ցուցանիշներին (շաբաթական 70 մլն դոլար)։ Սա ցույց է տալիս, որ առեւտրային բանկերը սկսել են նախապատվությունը տալ դոլարային վարկերին։ Այս պարագայում, չկողմնորոշված մնում են միայն շարքային քաղաքացիները, որոնք ավելի են խճճվում՝ ի՞նչ արտարժույթով պահել իրենց համեստ խնայողությունները։