Սիրիահայերը կնախընտրեն Եվրոպան

«Ալ-Ջազիրան» հայտնում է, որ երեկ Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «տոտալ պատերազմի» մասին` մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողությունը վերցնելու նպատակով: Ականատեսների վկայությամբ, քաղաքի բազմաթիվ մասերում ծանր մարտեր են ընթանում, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ անկանոն զինված խմբավորումները հարձակումներ են գործում Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիրների դիրքերի վրա: Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Սիրիայի Ազգային հետախուզության պետ, գեներալ Հասան Տուրկմանին: Այլ տեղեկություններով, զոհվել է նաեւ նույն կառույցի Հետաքննությունների վարչության պետ Հաֆեզ Մախլուֆը: Հերթական խոշոր պայթյունի հետեւանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան: Լուրջ վնասվածքներից ավելի ուշ մահացել են նաեւ Ռաջիհայի տեղակալ, նախագահ Ասադի փեսա Ասեֆ Շաուքաթն ու ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, հայտնում է «Ալ-Ջազիրան»: Որոշ տեղեկություններով, պայթյունն իրականացրել է նախագահ Ասադի անվտանգության աշխատակիցներից մեկը, ով պատասխանատու է եղել նրա մերձավորների անվտանգության համար: Երկրի անվտանգության ուժերի անանուն մի աղբյուր հայտնել է, որ նա մուտք է գործել շենք ու պայթուցիկը տեղադրել բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության սենյակում: Արդեն Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆերաջը: Վերջին տեղեկություններով, մայրաքաղաքում եւս միանգամից 5 պայթյուն է որոտացել բանակային այն դիվիզիայի տեղակայման վայրի մոտ, որի հրամանատարը նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահերն է:

«Սիրիայում այս պահին միայն հայերի վիճակը չէ, որ վատ է, բնական է, որ բոլորն էլ լավ չեն, սակայն ամեն կես ժամը մեկ մենք տեղեկանում ենք մեր հայկական բնակավայրերում տիրող վիճակի մասին, եւ փառք Աստծո, որ վերջին մի քանի օրերի բախումների հետեւանքով ազգությամբ հայ ոչ մի մարդ չի զոհվել»,- ասում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Մեր հարցին, թե արդյո՞ք հարկ եղած դեպքում հնարավոր կլինի Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած հայերին տեղափոխել Հայաստան եւ ապահովել անհրաժեշտ պայմաններով, Բալայանը պատասխանեց. «Մենք այս պահին չունենք միջոցներ, 48 հատ ինքնաթիռ կամ բնակավայրի հարց լուծելու հնարավորություն, իսկ տարհանման հարց ընդհանրապես չի էլ քննարկվել, եթե մարդիկ վերադառնում են, անգամ այդ դեպքում չպետք է սպասել, որ նրանք բոլորը կմնան հայրենիքում: Նրանք ավելի շատ կնախընտրեն ապրել Եվրոպայում կամ այլուր, քանի որ հիմնականում ապահովված են, եւ խնդիրն ուղղակի նրանց կյանքի անվտանգության մեջ է: Մենք անընդմեջ կապի մեջ ենք Սիրիայի հայկական ներկայացուցչությունների հետ, եւ տեղեկանում ենք իրադրության մասին, այս պահին տխուր լուրեր չեն եկել դեռ»:

Ս. ԽԱԼԱԹՅԱՆ