«Բջջային դրամապանակը» հասանելի է հայերին

iPhone եւ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված «Իդրամ» հավելվածը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել ամբողջ աշխարհում լայն տարածում գտած «բջջային դրամապանակի» ծառայություններից եւ տարաբնույթ գործարքներ իրականացնել հեռախոսով: Սա մեկն էր այն նորամուծություններից, որ հուլիսի 18-ին ներկայացվեց «Իդրամ» ընկերության շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում թողարկվող առաջին էլեկտրոնային փողերին: Հիշեցնենք, որ 2012թ. մարտի 6-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ընկերությունը ստացել է էլեկտրոնային փողեր թողարկելու եւ սպասարկելու բացառիկ թույլտվություն: «Հայաստանում առաջին անգամ ներդրվող էլեկտրոնային փողերի համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում գործարքներ իրականացնել ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ` օգտագործելով միայն ինտերնետին միացված համակարգիչը կամ հեռախոսը»,- ասաց «Իդրամ» ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը: Նրա խոսքով` վճարումներն էլեկտրոնային փողերով իրականացնելու ժամանակ հաճախորդները խնայում են ժամանակը եւ ավելացնում իրենց «ապրելաժամանակը»: Հայկական էլեկտրոնային փողը` Իդրամը, համարժեք է 1 դրամին, եւ էլեկտրոնային առեւտուր իրականացնելիս մարդիկ չեն կորցնում եւ ոչ մի դրամ: Գ. Ստեփանյանի խոսքով` գրանցվելով «Իդրամ» համակարգում, հաճախորդները հնարավորություն են ստանում իրենց կոմունալ վճարումները էլեկտրոնային եղանակով կատարել, դրամական փոխանցումներ անել, մարել հարկերն ու տուրքերը, էլեկտրոնային առեւտուր կատարել եւ օգտվել համակարգի ընձեռած բազմաթիվ այլ հնարավորություններից: «Իդրամի» նորամուծություններից մեկն էլ այն էր, որ համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են հեռախոսով ավիատոմսեր պատվիրել, եւ, ստանալով պատվերի համարը` վճարումները կատարել իրենց հարմար` վճարային տերմինալներով, բանկերում, էլեկտրոնային եղանակներով եւ այլն: Ընկերության տնօրենը նշեց նաեւ, որ ընկերության ծառայությունների եւ հաճախորդների ավելացմանը զուգահեռ` ընկերությունն անընդհատ ներդրումներ է իրականացնելու դրանց անվտանգությունը երաշխավորելու եւ պատշաճ սպասարկում իրականացնելու համար: Նշենք, որ «Իդրամ» ընկիերությունը Հայաստանում գործում է 2004թ.-ից: Համակարգում այսօր գրանցված է շուրջ 40-50 հազ. հաճախորդ: 2012թ. հունիսից ընկերության հաճախորդները կարող են անվճար ստանալ իրենց հաշիվներին կից «Իդրամ» MasterCard միջազգային վճարային քարտեր` առանց սպասարկման վճարների, որոնք հնարավորություն են տալիս ծախսելու կամ կանխիկացնելու էլեկտրոնային դրամն ամբողջ աշխարհում: