Հայաստանը` աշխատուժ արտահանող երկիր

Այսօր շատ-շատերն են խոսում Հայաստանից արտագաղթելու մասին: Կյանքը թանկացել է, մարդիկ աշխատանք չունեն: Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, անպատժելիությունը նույնիսկ աշխատանքով ապահովված, միջին բարեկեցություն ունեցող մարդկանց են ստիպում մտածել երկրից հեռանալու մասին: Հատկապես ծանր վիճակում է գտնվում մարզերի բնակչությունը: Հողի մշակումը` գյուղատնտեսությամբ զբաղվելը, դարձել է անշնորհակալ, ոչ եկամտաբեր աշխատանք: Մարդիկ ոչ միայն օգուտներ չեն ունենում, այլեւ մեծ վնասներ են կրում: ՌԴ-ի կողմից նախաձեռնված «Հայրենակիցներ»` Ռուսաստանի հեռավոր մարզերի զարգացմանն ուղղված ծրագրից բացի, այսօր, պարզվում է, նաեւ որոշ խոշոր գործարարներ են Հայաստանից աշխատուժ տեղափոխում: Այդ ծրագրերում ընդգրկվում են հատկապես մարզերի բնակիչները: Մեր տեղեկություններով, որոշ հայ գործարարներ (նաեւ` ռուսաստանաբնակ) ՌԴ հեռավոր մարզերում շինարարական մեծ աշխատանքներ են նախաձեռնել, այդ թվում` գազատար խողովակների թաղանթապատման հետ կապված, եւ այդ աշխատանքների կազմակերպման համար աշխատուժ են տեղափոխում Ռուսաստան: Մեզ հետ զրույցում այդ ծրագրի շրջանակներում ՌԴ մեկնող քաղաքացիներից մեկը պատմեց, որ ամսական ստանում են 1200 դոլարին համարժեք աշխատավարձ: Ավելին, նշվեց, որ աշխատանքների կազմակերպման համար ՀՀ-ից մոտ 13.000 բանվորական աշխատուժ պետք է տեղափոխվի:

Վերջին 20 տարիների ընթացքում հայերի արտագաղթի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել: Տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից մի շարք ուսումնասիրություններ են կատարվել: Ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակի` 2009թ. մարդկային զարգացման «Միգրացիա եւ մարդկային զարգացում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» ծրագրի` 1991 թվականից Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն 300 հազար մարդ: Արտագաղթողների բուն նպատակն աշխատանք գտնելն էր: Նմանատիպ ուսումնասիրություն կատարել էր նաեւ «Գելափ» կազմակերպությունը: Կատարված ուսումնասիրությունների համաձայն` ՀՀ-ում աշխատունակ մարդկանց միայն 25 %-ն ունի մշտական աշխատանք: Նույն ուսումնասիրությունը բացահայտել է, որ մարդկանց մոտ մեկ երրորդը շահագրգռված է աշխատանք փնտրել արտասահմանում: Ռուսաստանը Հայաստանից մեկնողների համար հիմնական վայրն է: Չնայած այն բանին, որ Ռուսաստանում աշխատող հայերի թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, «Գելափի» ուսումնասիրությունից պարզվել է, որ հայկական ընտանիքներից 31%-ի առնվազն մեկ անդամ աշխատում է Ռուսաստանում: Մեզ հետ զրույցում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկն ասաց, որ Ռուսաստան մեկնելը շահավետ է նրանով, որ նախ հարեւան երկիր է, եւ հետո շատ ժամանակ չի պահանջվում լեզվին լավ տիրապետելու համար: «Իսկ եթե գիտես լեզուն, կարողանում ես աշխատել` հաստատ աշխատանք կգտնվի»,- ասաց զրուցակիցս: Ռուսաստանում աշխատանք փնտրողների եւ մշտական բնակության մեկնողների քանակն ընդլայնվեց հատկապես «Հայրենակիցներ» ծրագրի մեկնարկից հետո, որը նախաձեռնեցին Ռուսաստանի իշխանությունները` ՌԴ հեռավոր շրջանները վերաբնակեցնելու ծրագրի շրջանակներում: Ըստ ծրագրի` հայերին տրամադրվում է կացարան, աշխատանք, նպաստ, աշխատավարձ: Թեպետ նշվում էր, որ ծրագիրը պետք է ավարտվի 2012թ., այնուամենայնիվ, այն շարունակվում է: Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր հասցեներում տեղակայված գրասենյակներում, որոնց ընթացքում ներկայացվում են պայմանները, առաջարկվող աշխատանքները եւ այլն: Հավաքներ են իրականացվում նաեւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Մանուշյան 72 հասցեում: Մեր այցելության պահին գրասենյակում խորհրդակցություն էր ընթանում: Դռնապանը մեզ ներս չթողեց` պատճառաբանելով, որ առանց նախնական պայմանավորվածության` չի թույլատրվում մասնակցել: Նույնիսկ թույլ չտրվեց զրուցել իր հերթին սպասող աղջիկներից մեկի հետ: Տեղի բնակիչների հավաստմամբ, Մանուշյան 72 հասցեում հաճախ է մարդկանց բազմություն հավաքվում, բոլորը գալիս են առաջարկվող պայմաններին ծանոթանալու, անձամբ հավաստիանալու, որ ծրագրի միջոցով մեկնելու դեպքում աշխատանքն ու կացարանը ապահովված կլինի:

«Զվարթնոց» օդանավակայանում փորձեցինք զրուցել Ռուսաստանի հեռավոր շրջաններ աշխատանքի եւ մշտական բնակության մեկնող մեր հայրենակիցների հետ: ՌԴ մեկնողներից շատերի ծանրոցներից, ուղեբեռներից կարելի էր ենթադրել, որ երկրից անժամկետ են հեռանում: Մեզ հետ զրույցում մեկնողներից մեկն ասաց. «Որքան հնարավոր է` երկար եմ մնալու, հետ վերադառնալու պատճառ չունեմ»: Նման կերպ խոսում էին թե երիտասարդները, թե հասուն տղամարդիկ: Ընդ որում, ոմանք տեղափոխվում էին ընտանիքներով: ՌԴ հեռավոր մարզեր մեկնողների մեծամասնությունը մարզերի բնակիչներ էին: Ոմանք աշխատանքը գտել էին ծանոթների միջոցով, մի մասը` աշխատանքի տեղավորման գործակալությունների: Աշխատանքի տեղավորման գործակալություններ մեր կատարած այցելությունների եւ հեռախոսային զրույցների ընթացքում պարզեցինք, որ ցանկության եւ հնարավորության դեպքում ամենուր հնարավոր է աշխատանք գտնել: Մարդիկ այդ գործակալություններին են տալիս իրենց հետաքրքրող աշխատանքների ցանկը, գրանցում են տվյալները, եւ գործակալությունը կարճ ժամանակահատվածում ՌԴ հեռավոր մարզերում համապատասխան աշխատատեղ է գտնում: Գործակալություններից մեկում նույնիսկ նշեցին, որ ցանկության դեպքում նաեւ կարող եմ մեկնել ամուսնուս եւ ընտանիքիս այլ անդամների հետ: «Մեզ ասեք, թե ինչ աշխատանք կարող եք անել, տվյալները թողեք` կկապվենք ձեր հետ»,- ասաց գործակալության աշխատակցուհին:

Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ