Տուգանքներն առոչինչ են ճանաչվել

Հայաստանում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները սկսվել են Երեւանից: 2012թ. հունվարի 16-ից մայրաքաղաքի տարբեր փողոցների (հիմնականում` բանուկ) խաչմերուկներում սկսել են տեղադրվել տեսախցիկներ եւ արագաչափեր:

Ըստ ՀՀ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ)` 2012թ. հուլիսի դրությամբ արձանագրվել է ավելի քան 300.000 խախտում, որոնց կեսից ավելի քիչ խախտումների դեպքում է կայացվել վարչական ակտ: Նշենք, որ օրենքով սահմանված տուգանքների նվազագույն չափն է` 3000, իսկ առավելագույն չափը` 300.000 դրամը: Ուստի կարելի է ենթադրել, թե քանի միլիոն դրամ է գանձվել: Օրերս հայտնի է դարձել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ ՃՈ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը մայիսի 19-ից մինչեւ 29-ը ընկած ժամանակահատվածում տեսանելի չի եղել: Ուստի, ՃՈ պետի 2012թ. հուլիսի 9-ի N 17/4-17110 որոշմամբ` այդ ժամանակահատվածում Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 2181 գործերով կայացված վարչական ակտերը (որոշումները) ճանաչվել են անվավեր: Պարզելու համար, թե ի՞նչն է եղել տեսախցիկների եւ արագաչափերի թույլ տրված սխալի պատճառը, զրուցեցինք ՃՈ խախտումների արձանագրման կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանի հետ, ով մեզ ներկայացրեց հետեւյալը. «Փողոցը գերծանրաբեռնված է` այստեղ կա դպրոց, մյուս կողմում` բնակելի զանգված է, փոքր-ինչ ներքեւ` զբոսայգի, եւ գիտենք, որ այստեղ միշտ պատահարներ, վրաերթեր են գրանցվել, ուստի սահմանափակող ճանապարհային նշանը տեղադրվել է այս նկատառումով: Ապրիլի 20-ից այն տեղադրվել է եւ եղել ուշադրության կենտրոնում: Այն մեկ անգամ վնասել են, մեկ անգամ էլ` գողացել: Ս.թ. մայիսի 19-ին փողոցում տեղի ունեցած ծառահատման պատճառով միայն աջ եզրային գոտուց տեսանելիությունը վատ է եղել, եւ վարորդները կարող էին չտեսնել 40 կմ/ժ արագությունը գերազանցելու արգելքը, սակայն` միայն այդ օրը եւ միայն աջ եզրային գոտուց, քանի որ նշանը տեսանելի է անգամ 150-200 մետրից: Նոր տեղադրված արագաչափը վատ տեսանելիության պատճառով մայիսի 19-ին արձանագրել է 60կմ/ժ` 40կմ/ժ-ի փոխարեն: Սակայն մեր փորձագետները եկել են այն եզրահանգման, որ նշանը կարող էր տեսանելի չլինել ոչ միայն մայիսի 19-ին, այլ 4-5 օր: Ես ձեզ սա ասում եմ` որպես երթեւեկության մասնագետ: Ուստի որոշեցինք կիսել մարդկանց հուզումները եւ ամբողջ 10 օրվա վարչական ակտերը առոչինչ ճանաչել: Աղմուկը, որ այս կապակցությամբ բարձրացրեց «Աքիլլես» կազմակերպությունը` լիովին անհիմն էր եւ ստահոդ: Սակայն աղմուկն արդեն դուրս էր եկել, եւ որոշեցինք առոչինչ ճանաչել թվով մոտ 2200 ակտեր: Ահա եւ ամբողջ պատմությունը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ ըստ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի` «Աքիլլեսին» բողոքներով դիմող վարորդների ահազանգերը շատացել են, մոտ 30 դիմում միայն Ռուբինյանց փողոցին են վերաբերում: Այդ հատվածում Ճանապարհային ոստիկանությունը փոխել է թույլատրելի արագության չափը, իսկ նոր նշանը տեղադրել վարորդներին ոչ տեսանելի վայրում»:

Այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ վճարել են անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները, դրանք հետ ստանալու համար կարող են համապատասխան դիմում ներկայացնել ՃՈ վարչական մաս (ք. Երեւան, Ծովակալ Իսակովի 9)` դիմումին կցելով որոշման պատճենը կամ դիմումի մեջ նշելով որոշման համարը:

Ըստ Է. Հովհաննիսյանի` օրվա ընթացքում մայրաքաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը արձանագրում են ավելի քան 1500 խախտում. «Ֆիքսված խախտումների համար վճարվող գումարը, եթե յուրաքանչյուրը միջինը 8000 դրամով հաշվենք, օրական կկազմի մոտ 35 հազար դոլար: Սա բիզնես է, համագործակցություն պետական մարմինների հետ. ՃՈ-ն, միայն մի կնիք դնելով, խոշոր գումարներ է վաստակում»,- հայտարարել էր Է. Հովհաննիսյանը: Նրա խոսքով` հունիսի 2-ից ուժի մեջ մտած երթեւեկության նոր կանոնների հաստատումը շուրջ 70% բարձրացված տուգանքների միջոցով գումարներ հավաքագրելուն է միտված: Է. Հովհաննիսյանը նշել էր նաեւ, որ այդ տուգանքները ոչ թե մուտքագրվում են պետբյուջե, այլ` ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: Հիշեցնենք, որ տեսախցիկների եւ արագաչափերի ներկրումն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը: Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմի» հետ 25 տարվա պայմանագիր է կնքել: Ըստ այդ գործարքի` քաղաքացիներից ստացված տուգանքների 70%-ը պետք է տրվի ընկերությանը` ներդրված գումարը կարճ ժամանակամիջոցում հետ ստանալու նպատակով: Այն դեպքում, երբ համակարգը կարող էր տեղադրել Ոստիկանությունը եւ ոչ թե` մասնավոր մի ընկերություն: