«Ամերիկյան արվեստում պակասում է սիրտը»

Էրիկ Խաչիկյանն ամերիկահայ կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները «New York Timeգs»-ը որակել է` որպես յուրօրինակ եւ հաճելի երաժշտություն: Նրա ստեղծագործությունները հնչում են մի շարք ամերիկյան ֆիլմերում եւ հեռուստանախագծերում, ինչպես, օրինակ, «X նախագիծ», «50/50», «Ըմբիշը», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմերը: Բացի այդ, Էրիկը երաժշտություն է գրում նաեւ միջազգային գովազդային քարոզարշավների համար: Նրա ստեղծագործությունները կատարել են Լոս Անջելեսի` ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի` փոփ, Բալթիմորի` սիմֆոնիկ եւ Բոստոնի փոփ նվագախմբերը: Էրիկին հանդիպեցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, որտեղ ամերիկացի կինոռեժիսոր Ռենդի Բելի հետ համատեղ ներկայացրել էր «Ուղեւորություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմը:

– Ես երաժշտություն եմ գրում, եւ այդպես նաեւ աշխատում եմ գումար: Իսկ ֆիլմը, որ ներկայացրել էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, իմ առաջին ֆիլմն էր, որը սկսվեց` որպես երաժշտության մի կտոր: Այդ երաժշտությունը գրեցի 2004թ., երբ մահացավ իմ տատիկը: Տատիկիս թոռների մեջ ամենափոքրն եմ, եւ նաեւ միակ թոռը, որ զբաղվում է արվեստով: Իսկ մյուս թոռները բժիշկներ են կամ գործարարներ: Սկզբից իմ ընտանիքի անդամները մտահոգվում էին, թե ինչպես կվաստակեմ իմ գումարը, եւ ինձ խորհուրդ էին տալիս բժիշկ դառնալ: Բայց երբ սկսեցի տարբեր մրցանակներ ստանալ երաժշտության ասպարեզում, ընտանիքս աստիճանաբար հարմարվեց իմ ընտրությանը: Տատիկս միշտ ասում էր հորս, որ պետք է թույլ տա, որ ես զբաղվեմ երաժշտությամբ: Շատ մտերիմ էի տատիկիս հետ, եւ ֆիլմն այն երեւակայական ճամփորդությունն էր, որ նվիրված էր տատիկիս հիշատակին: Եվ ընկերներիցս մեկը` ֆիլմի համառեժիսորներից Ռենդի Բելին, լսելով իմ գրած երաժշտությունը` Ամասիայի մասին, առաջարկեց ֆիլմ նկարահանել: 2006թ. մենք ուղեւորվեցինք Թուրքիա: Տատիկս Ամասիայից էր, եւ այնքան շատ պատմություններ էր պատմում Ամասիայի մասին:

– Ֆիլմի հերոսուհիներից մեկի` Հելենի մասին է խոսքը, այո՞:

– Այո՛, տատիկիս անունը Հելեն էր: Նա շատ փոքր էր` ընդամենը մի քանի ամսական, երբ տեղափոխվեցին Ամասիայից: Տատիկս միայն իր լուսանկարներով էր տեսել իր ծննդավայրը: Չնայած շատ էր ցանկանում գնալ Ամասիա, բայց միեւնույն ժամանակ` վախ կար նրա մեջ, թե ինչպես կարող էր վերադառնալ Թուրքիա: Իրականում շատ ճնշող զգացողություններ ունեի Թուրքիայում: Ինքս շատ կապված զգացի Ամասիայի հետ, որտեղ ապրող մարդիկ ինձ հիշեցնում էին իմ տատիկի եւ հայերի մասին: Իմ ամբողջ կյանքում ատելություն էի զգում թուրք ժողովրդի նկատմամբ, բայց, լինելով Թուրքիայում, հասկացա, որ այնտեղ ապրող մարդկանցից շատերն ուզում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվել անցյալում: Երբեք չեմ մտածել, որ ֆիլմ կնկարեմ, եւ իմ տատիկի պատմությունը կարող է հետաքրքրել նաեւ այլ մարդկանց: Ֆիլմը մոնտաժելու ժամանակ հասկացա, որ դա այն պատմությունն է, որ պետք է իմանան մարդիկ:

Իմ տատիկը երաժիշտ էր: Նա եւ՛ երգում էր, եւ՛ դաշնամուր էր նվագում: Նրա մյուս թոռներն էլ ունեին երաժշտական տաղանդ, բայց գնացին այլ ուղղություններով: Պապիկս սովորեցրել էր մեր տան շանը հայերեն այբուբենը երգել: Ճիշտ է, ես չեմ տեսել դա, բայց լսել եմ այդ մասին: Մանկությունից հետաքրքրվել եմ երաժշտությամբ, բայց միայն ավագ դպրոցի տարիներին «սկսել» լուրջ վերաբերվել երաժշտություն գրելուն: Իմ կիրքը երաժշտություն գրելն է դասական համերգների համար: Ես ոգեշնչվում եմ հատկապես հայկական երաժշտությամբ:

– Իսկ քո գործարար բարեկամներն ինչքանո՞վ օգնեցին քեզ այդ ասպարեզում հաջողություններ ունենալու համար:

– (Ծիծաղում է.- Մ.Մ.): Այդքան էլ շատ չեն օգնել: Ես արդեն ապացուցել էի իմ հորը, որ կարող եմ ստեղագործել եւ աշխատել գումար: Նրանք թույլ տվեցին ինձ, որ ես զբաղվեմ իմ սիրած գործով: Ամերիկայի հայկական համայնքն ու հայկական ցանցն օգնեցին ինձ: Ընդհանրապես, աշխարհի բոլոր հայերն էլ օգնում են ինձ: Այսօր իմ ընտանիքը շատ է հպարտանում ինձնով եւ նաեւ աջակցում է ինձ: Թերեւս, նրանք պետք է սպասեին, որ ես մեծանամ-հասունանամ եւ կայանամ երաժշտական ոլորտում: Նրանք նաեւ հասկացան, որ երաժշտությամբ զբաղվելը շատ լավ է ստացվում ինձ մոտ, եւ, որ այլեւս անիմաստ է բժիշկ կամ գործարար դառնալն ինձ համար: Երաժշտության մեջ գնահատում եմ պարզությունը: Ես հակված եմ վերլուծել ամեն բան` դիտարկելով դա տարբեր տեսանկյուններից: Երբեմն պարզ հարցը բարդացնում եմ, բայց նույնիսկ այդ ժամանակ հասկանում եմ, որ պարզ պատասխանը լավագույնն է: Եվ դա օգնեց ինձ վստահել ինքս ինձ, իմ սրտի ձայնին: Իմ տատիկը միշտ ոգեշնչում էր լսել հայկական երաժշտություն, եւ անգամ գովազդի համար երաժշտություն գրելիս` այն ինձ ուղղորդում էր: Առաջին ֆիլմը, որի համար երաժշտություն գրեցի, «Կազանովա» ֆիլմն էր: Վերջերս աշխատեցի «X նախագիծ», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմերի համար, եւ, բացի դա, ամերիկյան NBC հեռուստաընկերության` «Ռիվենջ» հեռուստաշոուի համար: Ես երաժշտություն եմ գրում նաեւ կոմերցիոն գովազդների համար: Իհարկե, դա անում եմ միայն իմ ապրուստը հոգալու համար: Գովազդի համար երաժշտություն գրելը գումար է բերում, եւ ոչ ավելին: Եթե չաշխատեի այդ գովազդների համար, ապա չէի կարողանա նկարահանել «Ուղեւորություն Ամասիա» ֆիլմը, որի նկարահանումները տեւել են 4 տարի: Ճիշտ է, այդ կրեատիվ միտքը շատ քիչ է այդ գովազդներում, բայց դա նաեւ ինձ օգնեց ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ:

– Ի՞նչն է պակասում Ձեզ, այսպես ասած` ամերիկյան արվեստում:

– Սիրտն է պակասում: Ամերիկայում կան հրաշալի արվեստագետներ, բայց ամերիկյան հիմնական գաղափարախոսությունն առաջ գնալն ու մեծ գումար աշխատելն է: Շատ հաճախ առիթ չես ունենում հետ նայել, եւ ստիպված միայն առաջ ես գնում:

– Այսինքն` արվեստը դիտարկվում է` որպես բիզնեսի ձեւ՞:

– Ժամանակին հայտնի կոմպոզիտորները եւս աշխատել են գումար վաստակելու համար: Օրինակ, Բախը երաժշտություն էր գրում եկեղեցու համար, որպեսզի գումար աշխատի: Դա նույնպես բիզնես է: Չնայած հիմա մենք գլուխգործոց ենք համարում նրա գործերը, բայց ժամանակին նա ստեղծագործում էր ուղղակի գումար աշխատելու համար: Նույնը նաեւ իմ պարագայում է, եւ ստիպված ես նաեւ կոմերցիոն գործ անել մանր-մունր խնդիրները լուծելու համար: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ինքս դա անում եմ նաեւ սրտանց:

– Այսօր շատերը խոսում են արվեստում առկա ճգնաժամի մասին: Ինքդ համամի՞տ ես այդ տեսակետին:

– Ամերիկայում հակվածություն կա ամեն ինչ շտապեցնելու: Այսինքն` ամեն ինչ անել արագ եւ աշխատել գումար: Երբեմն դա աշխատող տարբերակ է, բայց պետք չէ անընդհատ մտածել գումար աշխատելու մասին: Դժբախտաբար, հաճախ չեն գնահատվում եւ չեն ճանաչվում տաղանդավոր մարդկանց գործերը: Դրան հակառակ` պատահում է, երբ ինչ-որ անիմաստ բան մեծ ճանաչում ու գնահատական է ստանում: Ամերիկայում արվեստի զարգացման միտումները գնում են երկու ճանապարհով` ոճը եւ ժանրը: Բոլորին հետաքրքրում է, թե ինչ երաժշտություն ես ստեղծում: Ամերիկայում կա հակվածություն` սովորեցնել կոնկրետ ոճային բաներ, ինչն իրականում վատ չէ: Բայց մյուս կողմից` դա սովորեցնում է մասնագիտանալ, լավ որակավորում ստանալ մեկ ուղղության մեջ: Դա շատ գովազդային է:

– Իսկ այսօր դասական երաժշտությունն ընկալման խնդի՞ր ունի: Օրինակ, Դուք` որպես կոմպոզիտոր, ունե՞ք լսարանի խնդիր:

– Այո՛, կան անհանգստություններ, բայց, երբ երաժշտությունը բխում է քո սրտից, ապա մարդիկ կհասկանան դա: Երբ հաճախ կենտրոնանում ես մեկ տեսակի երաժշտության վրա, ենթադրենք, ուզում ես լավ ռեփեր դառնալ, դա ինչ-որ չափով ազդում է հանդիսատեսի ընկալման վրա: Դա օտարացնում է նրանց: Երբ սովորում ես, թե ինչպե՞ս է ստեղծվում այդ երաժշտական ստեղծագործությունը, սկսում ես աշխատել հանդիսատեսի հետ: Տվյալ դեպքում կարեւոր չէ այն, թե ի՞նչ տեսակի երաժշտություն ես գրում, այլ այն, թե ի՞նչ է զգում հանդիսատեսը:

– Ի դեպ, Էրիկ, հոլիվուդյան ֆիլմարտադրություն գնալով` ազգանունը փոխելու խնդիր չունեցա՞ք:

– Ես միշտ հպարտացել եմ իմ հայ լինելով, իմ ազգանվամբ: Իմ, այսպես ասած` միջին անունը Վազգեն է, որի համար շա՜տ հպարտ եմ: Իմ ազգանունն ինձ դարձնում է յուրահատուկ: Այդպես գոնե Ամերիկայում ինձ զգում եմ յուրահատուկ: Չնայած իմ ազգանունը Խաչիկյան է, բայց ամերիկացիների մոտ այն դարձել է Հաչիկյան` հնչյունային արտասանությունն ավելի դյուրին դարձնելու համար: Չնայած դրան, նշեմ, որ մի քանի մարդիկ ինձ ասացին, որ ազգանունս բարդ է եւ նաեւ շատ երկար, բայցեւ դա անկարեւոր էր ինձ համար, որովհետեւ ես հպարտանում եմ իմ ազգանվամբ:

Ես, արդեն 4 անգամ, գալիս եմ Հայաստան, բայց, ցավոք, դեռ չեմ կարողանում խոսել հայերեն: Կարծում եմ` հաջորդ անգամ մենք կզրուցենք ոչ թե անգլերեն, այլ` հայերեն: Առաջին անգամ Հայաստան եկել էի իմ ընտանիքի հետ: Այդ ժամանակ մենք գնացինք նաեւ Ղարաբաղ:

– Իսկ ո՞րն է, այսպես ասած, Ձեր պատկերացրած հետագա ճամփորդությունը արվեստում:

– Ես շատ կուզեի գնալ Վան եւ Մուշ, որտեղ իմ պապերն են ծնվել: Չեմ կարծում, թե ֆիլմ կնկարեմ այդ մասին, բայց մեծ ցանկություն ունեմ ձայնագրել այն երաժշտությունը, որ հնչում է այդ գյուղերում: Կոմիտասը մեծ ոգեշնչում է ինձ համար, եւ ուզում եմ շարունակել այն, ինչ նա սկսել է:

– Մտադրություն կա՞ համերգներ ունենալ Հայաստանում:

– Շատ կցանկանայի համերգներ ունենալ Հայաստանում, բայց դեռ որեւէ հրավեր չեմ ստացել այստեղ: Ես շատ եմ ճամփորդել, եղել եմ շատ երկրներում, սիրում եմ նաեւ ԱՄՆ-ը, բայց իմ սիրտը Հայաստանում է:

– Այսինքն` մի օր կհաստատվե՞ք Հայաստանում:

– Այո՛, մի օր կտեղափոխվեմ Հայաստան: Չեմ կարող ասել, թե երբ, բայց, կարծում եմ` հնարավոր տարբերակ է (ժպտում է.- Մ.Մ.):