«Դրսի շուկաներում մեզ չեն սիրում»,- ասում է «Ռոյալ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Գագիկ Հակոբյանը

– Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ Հայաստանը 2011 թվականի ընթացքում 143 տոննա սուրճ, սուրճի թեփ եւ սուրճի փոխարկիչ է արտահանել` 532մլն դոլար ընդհանուր արժեքով: Միաժամանակ, պաշտոնական տվյալներով` գումարը 100 անգամ փոքր է։ Այդուհանդերձ, Դուք` որպես սուրճարտադրող խոշոր ձեռնարկության ղեկավար, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Դա ուղղակի ոչ ճիշտ տեղեկատվություն է: Ես չեմ կարող ասել, թե ինչու է այդ լրագրողը նման թիվ գրել՝ 143 տոննա, եթե միայն մեր ընկերությունն անցած տարվա ընթացքում արտահանել է 516 տոննա սուրճ: Ինչպե՞ս է կարող նման թվաբանություն տպել: Եվ վերջապես, չի կարող 143 տոննա սուրճն ունենալ 532 մլն ընդհանուր արժեք: Անտրամաբանական է, սակայն ես, որպես սուրճարտադրող եւ սուրճարտահանող ընկերության տնօրեն, չեմ ցանկանում խորանալ ոչ գիտակ լրագրողների սխալ մեկնաբանություններում։ Եվ եւս մեկ բան` ի՞նչ է նշանակում` սուրճի թեփ արտահանող ընկերություն: Դա այն մնացորդն է, որն իրականում համարվում է թափոն: Վերամշակումից հետո այդ աղբը ուղղակի տանում ենք եւ նետում աղբաման: Դա ո՞վ պետք է գնի: Մենք որպես ի՞նչ արտահանենք սուրճի թեփը, եւ ինչի՞ համար այն պետք է օգտագործվի: Նման բան էլ չի կարող լինել:

– Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված սուրճի ծավալները որքա՞ն են կազմել:

– 2012 թվականի առաջին կիսամյակում արդեն իսկ արտահանել ենք 254 տոննա:

– Շատերի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս Հայաստանը կարող է լինել սուրճ արտահանող երկիր:

– Մենք ներկրում ենք սուրճի կանաչ հատիկները, այն վերամշակում, աղում, փաթեթավորում եւ արտահանում ենք: Ըստ էության, մշակված եւ արդեն իսկ փաթեթավորման ենթակա սուրճը ներկրելը ավելի թանկ է եւ ինքնին ծախսատար: Դեռեւս նման տեսակի սուրճ չենք ներկրում: Չնայած, նախատեսում ենք Կոլումբիայից մշակված լուծվող սուրճ ներկրել եւ արտահանել: Հայաստանում նման գնով եւ նման տեսակի սուրճ, կարծում եմ, չի սպառվի:

– Ո՞ր երկրներից եք ներկրում այն եւ ո՞ւր եք արտահանում փաթեթավորված սուրճը:

– Ընդհանուր առմամբ, տարեկան Հայաստան է ներկրվում 11.000 տոննա սուրճ, որից 1200-1300 տոննան մենք ենք ներկրում: Հիմնականում ներկրում ենք Վիետնամից, Կոլումբիայից, Ինդոնեզիայից եւ Բրազիլիայից: Արտահանումը հիմնականում տեղի է ունենում դեպի Վրաստան եւ Ռուսաստան: Դժվար է աշխատել միջազգային շուկաների հետ: Իրականում սուրճն առաջարկում ենք ցածր գնով, որպեսզի կարողանանք մտնել շուկա: Չի կարելի ասել, թե խոչընդոտներ են ստեղծում, ուղղակի չեն սիրում մեզ: Մեծ գումարների հետ է կապված միջազգային շուկա մուտք գործելը: Հարկավոր է գտնել մարդիկ, որոնք կկարողանան առաջարկել մեր ապրանքը, հարկավոր է մեծ գումարներ ծախսել՝ միջազգային ստանդարտներով գովազդային հոլովակ ունենալու համար: Պետք է իրենց առաջարկել այնպիսի արտադրանք, որ իրենք են սիրում ու օգտագործում: Իրոք բարդ է:

– «Ռոյալ Արմենիայի» արտադրանքը կեղծո՞ւմ են:

– Իհարկե: Ամեն ինչն են կեղծում: Բարդ է հետեւել հայերի հնարամտությանը: Ամեն կերպ միջոցներ են կիրառում, որ կարողանան կեղծել: Մենք առաջ ունեինք բրազիլական սեղմած փաթեթավորմամբ սուրճի տեսակ, որի ամբողջ կեղծման գործընթացը ես անձամբ եմ տեսել: Սուրճը լցնում էին, սարքերի միջոցով սեղմում ու վաճառում: Փորձեցինք նրանց դեմն առնել ու ձեռք բերեցինք սարքավորումներ, որի միջոցով փաթեթավորումը փակում էին «զիփ փականի» միջոցով, ինչը կեղծել անհնարին է: Ներկայումս էլ շինարարություն է ընթանում, պատրաստում ենք վերազինել գործարանը նոր տեխնիկայով: Ըստ էության, այստեղ երբեմն խնդիրը լինում է ջրի մեջ: Մասնավորապես, ջուրը մտնելով համադրության մեջ՝ սուրճին հաղորդում է լրիվ այլ բաղադրություն ու համ: Դա էլ կարող է ստեղծել տպավորություն, որ մեր սուրճը կեղծ է եղել: Կեղծարարության դեմ պայքարում ենք նաեւ մեկ այլ տարբերակով` փաթեթավորման թուղթը պատվիրելով Հունաստանից: Հիմա էլ արդեն որոշել ենք փոխարինել մեր հին տեսակի փաթեթավորումը նորով` նոր դիզայնով եւ նոր ոճով:

– Դեպքեր են լինում, երբ սրճարաններում են կեղծում սուրճը, բերելով նշված ապրանքանիշի անունով բաժակի մեջ լրիվ այլ ապրանքանիշի սուրճ: Նման դեպքերը ինչպե՞ս եք բացառում։

– Ես մեր սուրճը կարողանում եմ տարբերել: Հաճախ ինքս եմ գնում սրճարան, պատվիրում մեր սուրճից, ու եթե մեր բաժակի մեջ ինձ մատուցում են ուրիշ սուրճ, կամ հրաժարվում ենք համագործակցությունից, կամ էլ երբեմն դեպքեր են լինում, երբ մենեջերին են հանում աշխատանքից` անբարեխիղճ աշխատանքի արդյունքում:

– Ովքե՞ր են Ձեր մրցակիցները հայաստանյան շուկայում:

Փաթեթավորված սուրճի դեպքում մրցակիցներ չունենք: Ասեմ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուրս գանք միջազգային շուկա: Իսկ նման ընկերություններն այնքան չնչին տոկոս են կազմում, որ չեն կարող մրցակից համարվել։

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ