«Հանրությունը չպիտի փորձի գրաքննիչի գործառույթ ստանձնել»

– Վերջերս մտավորականները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին` հեռուստաեթերը կարգավորող մարմին ստեղծելու խնդրով: Ի՞նչ եք կարծում` նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա՞:

– Ծանոթ եմ նամակին: Էականն այն է, որ հանրությունն անհրաժեշտ է համարում հեռուստանյութի բովանդակության կարգավորում ձեւավորել: Ծայրահեղ նուրբ հարց է, որովհետեւ որեւէ դեպքում, նույնիսկ բոլոր քաղաքացիական կառույցների միջոցով հանրությունը չպիտի փորձի գրաքննիչի գործառույթ ստանձնել, քանի որ բոլորս հասկանում ենք, որ ստեղծագործության ոլորտում` թե՛ վարչական մարմինների, թե՛ որեւէ կառույցի, եւ նաեւ` հանրության կողմից գրաքննություն մտցնելը կարող է լուրջ ծայրահեղ վտանգների բերել: Բայց մյուս կողմից` կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի իր ընտանիք մուտք գործող հեռուստատեսային բովանդակությունը վերահսկել, որովհետեւ դրա հետ առնչվում է իր երեխան, ընտանիքի տարեց անդամը: Այդուհանդերձ, հանրությունը լիովին իրավունք ունի հեռուստաընկերությունից պահանջել` իր ընտանիքում չխոսել այս թեմայից կամ չդրսեւորել խոսքային կամ բարոյական այս կամ այն վարքագիծը: Կարծես թե բախում, հակասություն կա` ինչպես կարգավորել: Մի կողմից` մենք ասում ենք, որ որեւէ մեկը, որեւէ հանրույթ` անհատից մինչեւ հզոր հանրություն, իրավունք չունեն գրաքննության, մյուս կողմից` ասում ենք, որ, այդուհանդերձ, իրավունք ունի: Ո՞րն է այստեղ լուծումը: Կան մեխանիզմներ, եւ կարծում եմ, որ այդ մեխանիզմները կարող են գործուն լինել, որովհետեւ նախ հիշենք` ինչով է տարբերվում գրաքննությունը հանրային սահմանափակումից կամ արգելքից: Գրաքննությունն այն դեպքն է, երբ ստեղծագործողն իր «չի կարելիներին» ծանոթանում է ստեղծագործությունն ավարտելուց հետո միայն: Ինչ-որ մեկն ընթերցում է, ծանոթանում, ասում` դուրս չեկավ այսքանը: Բայց այն մեխանիզմը, երբ նախապես կարգավորում է մտցվում «չի կարելիների» տեսքով, օրինակ` այն, ինչ օրենքում է նախատեսված, չափորոշիչներն են` չի կարելի սա անել, սա ցուցադրել եւ այլն: Սա, ըստ էության, ես երբեւէ գրաքննություն չեմ համարում, որովհետեւ նույն ձեւով պիտի մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի սահմանափակում համարենք փողոցի լուսաֆորը, չէ՞: Հաշվի առնելով, որ հեռուստաընկերություններն օգտագործում են հանրային ռեսուրս, ունեն հանրային պարտավորություններ եւ ունեն պարտավորություն հարմարվելու հանրության պահանջին` կարող են ստեղծել մեխանիզմներ եւ ասել, որ` ես չեմ ուզում, որ հանրային ռեսուրսն օգտագործելով` իմ բնակարանում այս հեռուստածրագրով իմ երեխայի մոտ քարոզվի սա կամ դրսեւորվի այս վարքագիծը: Գիտեմ, որ Հանրային խորհրդում լուրջ աշխատանք են տանում, մտավորականության հետ համատեղ փորձում են վերջնական մեխանիզմներ գտնել: Մեր հանձնաժողովը եւս մասնակցում է քննարկումներին եւ, անկեղծ ասած, որպես քաղաքացի եւ նաեւ հեռուստադիտող, լիովին համամիտ եմ խնդրի կարգավորման անհրաժեշտության հետ, ուղղակի մենք պիտի հիշենք, որ վարչական մոդելն ըստ էության մի մոդել է, բայց հանրային կարգավորման իմաստով, այս պահին այդ անհրաժեշտությունը կա: Եվ ես կողմ եմ, որ քաղաքացիական մեխանիզմներով հնարավոր լինի գտնել հանրային կարգավորման որեւէ օպտիմալ սխեմա եւ մյուս կողմից` նաեւ չթողնել հանրության խոսքը` որպես ձայն բարբառոյ անապատի: Իսկ մյուս կողմից` պիտի գործնական լծակներ գտնել, որ երբ հանրությունը որեւէ ձեւով փորձի արտահայտել իր տեսակետը, պահանջը այս կամ այն ծրագրի վերաբերյալ, դրանք հնարավոր լինի բերել նաեւ գործնական կատարման փուլ հեռուստաընկերությունների համար: Եթե անհրաժեշտություն առաջանա, կարծում եմ, որ պետք չէ խորշել, եւ պետք է գնալ նաեւ օրենսդրական փոփոխությունների: Կարծում եմ` օրենսդրությունը նրա համար է, որ սպասարկի հանրության շահերը:

– Իսկ գործող օրենսդրությունը որքանո՞վ է սպասարկում հանրության շահերը:

– Մեր օրենքի ամբողջ կառուցվածքը հետեւյալն է. եթե նայեք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքը եւ բոլոր այն հարակից օրենքները, որոնք պիտի կարգավորեին ոլորտը, կտեսնեք, որ մեր օրենսդրական կատեգորիկ մոտեցումը եղել է խմբագրական բացարձակ անձեռնմխելիությունը: Այսինքն` ո՛չ պետական մարմինները, եւ ո՛չ նույնիսկ հանրությունը, բովանդակության վրա ներազդելու մեխանիզմներ չի ունեցել: Հիմա այս պահին խնդիրն, իրոք, շատ բարդ է, եւ մենք պիտի զերծ մնանք աշխարհում հայտնի օրենսդրական ծայրահեղություններից: Մի դեպքում` վարչական մարմնի հայեցողական լիազորություն են տալիս` իր ճաշակով, քիմքով որոշել կարելի-չի կարելին, որին ես ինքս դեմ եմ: Մյուս կողմից` փորձում են քաղաքացիական այլ մոդելով, ոչ վարչական միջոցներով նորից ակտիվ ներթափանցել ստեղծագործության ոլորտ, բայց գրաքննության փուլում: Կարծում եմ` ունենալով աշխարհի փորձը, տեղյակ լինելով դրանց իրականացման դրական կամ բացասական կողմերին` պիտի փորձենք ավելի կատարյալ մի մոդելի հասնել:

– Սակայն օրենդրության մեջ որոշ սահմանափակումներ ունենք: Որքանո՞վ են դրանք կիրառվում:

– Մենք ունենք չափորոշիչներ, որոնք, ըստ էության, չեն կարգավորելու այսօրվա բարձրացված խնդիրը, որը բովանդակային որակին առնչվող հարց է: Մեր չափորոշիչները նման են լուսաֆորի կարմիր լույսին. չի կարելի այս ժամից այս ժամը սա ցուցադրել: Դրանք շատ կոպիտ, չոր ֆիլտրներ են` ինչ չի կարելի: Բայց եթե հիշեք մեր օրենսդրության մեջ եղած չափորոշիչների ամբողջ այդ թվարկումը, կտեսնեք, որ դրանց ապահովման պարագայում այդուհանդերձ երբեւէ մենք հաղորդման որակական չափանիշներ չենք կարողանալու փոխել:

– Այսինքն` մեր օրենսդրությունը լիարժեք չէ՞:

– Օրենսդրությունը երբեք եւ երբեւէ չի կարող տեսականորեն լիարժեք լինել եւ նման նպատակ չունի: Ամեն անգամ, երբ հանրությունն ունենում է խնդիրներ, հոգսեր, որոշում է ստեղծել իրավական մեխանիզմներ դրանց կարգավորման համար: Երեկ լավն էր, որովհետեւ երեկ մեր տեսած խնդիրները կարգավորում էր: Ունենք նոր պահանջներ, խնդիրներ, ուրեմն հիմա դրանք պետք է արտացոլենք օրենսդրական եւ ենթաօրենսդրական նոր մոդելներում: Օրենսդրությունից երբեւէ պետք չի պահանջել կատարյալ լինել: Այն մեր այսօրվա խնդիրները լուծելու համար է:

– Լավ, իսկ հայկական հեռուստատեսություն դիտո՞ւմ եք:

– Երբեւէ ֆանատ հեռուստադիտող չեմ եղել եւ վստահ եմ, որ լսարանի չափում իրականացնողների համար երբեւէ չեմ հանդիսացել այդ լսարանի մշտական մաս: Աշխատանքի բերումով դիտում եմ այն նյութերը, որտեղ իրավական խնդիրներ կան, կարգավորման անհրաժեշտություն կա, եւ հազվադեպ, որոշակի իրադարձությունների ժամանակ, երբ արտակարգ իրավիճակներ կան, մշակութային լուրջ միջոցառումներ, պետության կյանքին առնչվող կամ սպորտային իրադարձություններ, բայց ինքս հեռուստադիտող չեմ:

– Ի՞նչն է Ձեզ դուր գալիս հեռուստաեթերում:

– Կոնկրետ հաղորդումներ կամ հաղորդաշարեր չէի ուզենա առանձնացնել, այլ կուզեի ընդգծել երեւութական կողմերը: Ինձ դուր է գալիս երիտասարդ լրագրողների, ստեղծագործողների համարձակ նորարարական մոտեցումը հեռուստաեթերին, որովհետեւ հեռուստատեսության դասական սահմանումը, ինչ երբեւէ ունեցել ենք, վաղուց չի համապատասխանում մեր այսօրվա պահանջներին: Ժամանակին հեռուստատեսությունն իր վրա վերցրել է հանրային բազմաթիվ գործառույթներ, որոնք կախված են եղել պատմական ժամանակների առանձնահատկություններից, սոցիալ-տնտեսական զարգացումներից եւ այլն: Ասենք` մարդիկ կան, որ ակնկալում են` հեռուստատեսությամբ պիտի դասական երաժշտություն հաղորդվի, եւ ինչ-որ մեկը դա պիտի նստի, լսի: Կարծում եմ` դա 50-70-ականների առանձնահատկությունն էր, երբ մարդը չէր կարող իրեն թույլ տալ մշակութային օջախում լսել այդ ստեղծագործությունը: Դեմ եմ, որ հեռուստատեսությամբ դասական երաժշտություն հաղորդվի, բայց դասական մշակույթի քարոզ պիտի արվի` որպես այդպիսին: Պարզ է, որ հանրային իդեալն այն պիտի լիներ, որ մարդիկ գնային համերգասրահներ, օպերա, բալետ, հաճախեին թատրոններ եւ ոչ թե փորձեին այդ ամենը տանը նստած ստանալ էկրանից: Այսինքն` հեռուստատեսությունը, ըստ էության, հիմա մոտենում է այն գործառույթին, որը պիտի ունենար: Դա լրատվությունն է, ժամանցը, եւ մյուս կողմից` մշակութային, հոգեւոր արժեքների քարոզը, ոչ թե ուղիղ մատուցումը: Այս իմաստով հեռուստատեսային զարգացումներն ամբողջ աշխարհում դրական են:

– Մյուս կողմից` հեռուստաեթերը չի՞ վնասում արդյոք:

– Մարդկության պատմության ընթացքում միշտ հայտնվում են իրեր, երեւույթներ, առարկաներ, որոնցից մենք ճիշտ չենք օգտվում: Մի պարագայում դա կարող է լինել ծխախոտը, երբ զանգվածաբար ծխում են եւ չափահասները, եւ անչափահասները, մյուս դեպքում` ալկոհոլը: Երբ մարդիկ անսահմանափակ ձեւով իրենց եւ իրենց ընտանիքի, այդ թվում` անչափահաս անդամների տեղեկատվական կյանքը կապում են հեռուստատեսության հետ, միանշանակ կարծում եմ, որ մարդիկ չարաշահում են եւ ճիշտ չեն գնահատում, թե որքան է պետք վստահել եւ օգտվել այդ միջոցից: Ամեն ինչ պետք է ունենա իր չափավոր եւ ճիշտ կիրառությունը:

– Տարիներ շարունակ բողոքներ են հնչում, որ հեռուստատեսությունը փակ է ինչ-որ մարդկանց, այս կամ այն քաղաքական ուժի համար: Դա ՀՌԱՀ-ի՞, թե՞ հեռուստաընկերությունների մեղքն է:

– Թերեւս, յուրաքանչյուր մարդ աշխարհին իր ասելիքն ունի եւ ներքին ցանկություն կունենար հեռուստատեսությամբ ելույթ ունենալ կամ որեւէ հաղորդման հյուր լինել, բայց մենք Երեւանում ունենք 14 հեռուստաալիք, որոնք սահմանափակ եթերաժամանակ ունեն: Մյուս կողմից` հեռուստատեսությունն ունի իր դեմքը, մոտեցումները, չի կարող ցանկացած քաղաքացու համար բաց լինել` այնտեղից խոսելու համար: Դրա համար կան սոցիալական ցանցեր: Քաղաքական գործող ուժերի համար, որոնք ստեղծում են հայաստանյան քաղաքական կյանքը, հեռուստատեսության բաց կամ փակ լինելու գնահատականը պիտի լինեն բոլորովին վերջերս եղած ԱԺ ընտրությունները: Որեւէ տեղ տրտունջ չեմ լսել եւ հակառակը` մասնակցող քաղաքական ուժերի կողմից բացառապես դրական գնահատականներ են հնչել իրենց ընձեռված եթերային հնարավորությունների համար: Գիտեք` քաղաքական կյանքն ունի իր ակտիվացման եւ պասիվացման շրջանները: Հիմա, եթե համեմատեք հանրության հետ հանդիպումների, միտինգների ծավալը փողոցում, նույն ծավալն է, բայց չի՞ լուսաբանվում: Կան կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ, որոնց կենդանության շրջանը 2 ամիս է` 4 տարին մեկ անգամ: Անուններ չեմ տալիս: Ի՞նչ պիտի աներ հեռուստաընկերությունը: Պիտի գնար այդ մարդու նկատմամբ բռնություն գործադրեր, ասեր` արի, զբաղվիր քաղաքական կյանքով, որ ես լուսաբանե՞մ: Նայենք` հիմա Երեւանում ո՞ր քաղաքական ակտիվությունն է, որ չի լուսաբանվում հեռուստատեսությամբ: Ինչ ակտիվություն կա, այդ չափով էլ լուսաբանվում է: Ոչ մի բան ըստ էության չի փոխվել: Պետք է հաշվի առնենք, որ հիմա քաղաքական ավելի պասիվ շրջան է բոլորի համար: Լավագույն չափորոշիչը մամուլն է: Հետեւեք, թե այնտեղ որ քաղաքական ուժն ինչքան է լուսաբանվում: Չէ՞ որ գտնում ենք, որ մամուլն ավելի ազատ է, քանի որ նաեւ բազմազան է: Եվ նայեք` արդյո՞ք համաչափությունները խախտված են հեռուստատեսային լուսաբանումներում: Կտեսնեք, որ ըստ էության համաչափ է. ով այդ օրը ինչ ակտիվություն ունեցել է, լուսաբանվել է: Իրականում այս պահին չկա այդ խնդիրը:

– Իսկ հարկատուների միջոցով ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը որքանո՞վ է կատարում իր գործառույթները, եթե հաշվի առնենք, որ անընդհատ մեղադրվում է իշխանության խոսափողը լինելու մեջ:

– Հանրային հեռուստաընկերություն` նշանակում է` լինել մեր հանրության խոսափողը, չէ՞: Բայց մարդիկ տարօրինակորեն ուզում են հանրությունը պետությունից տարանջատել, երբ հանրային եւ պետական շահերը նույնանում են: Մենք բազմաթիվ այդպիսի դեպքեր ունենք. մեր արտաքին քաղաքական, ազգային խնդիրներն են: Եթե հանրային հեռուստատեսությամբ գնում է մի տեղեկատվություն, որտեղ հանրության եւ պետության շահերն են զուգակցվում, այստեղ կա խանդոտ մեկը, որ ասում է` տեսեք` լավ չի անում, պետական է: Գիտե՞ք ինչու: Եթե երեք ընկերուհի են, մեկի հարաբերությունները մյուսի հետ վատ են, պահանջում է, որ երրորդն էլ նրա հետ չշփվի: Այ, այդ մանկամիտ խանդոտությունը կա մեր հանրության մեջ: Բոլոր խնդիրները, որտեղ հենց հանրության շահն է` տեղյակ լինել, թե ինչ է անում իր գործադիր մարմինը, ստանալ տեղեկատվություն կառավարության օրենսդիր մարմնի, նախագահի, անկախ մարմինների գործունեության մասին, սա միանգամից դիտվում է ոչ թե հանրության շահի` տեղեկացված լինելու իրավունքի բավարարում, այլ չգիտես ինչու` պետական մարմինների քարոզ կամ գովազդ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է սպասարկել հանրային շահերը, որի մասն է ամեն օր հանրության տեղեկացված լինելը, այդ թվում` իր կողմից ընտրված իշխանության գործունեության մասին: Պետք չէ այդ տեղեկատվությունը խեղաթյուրել եւ այլ գնահատական տալ:

– Իսկ ո՞ր փուլում է հեռուստատեսության թվայնացման գործընթացը:

– Օրենսդրական մասն ավարտվել է, հիմա պիտի պատրաստվի այն ամբողջ ենթակառուցվածքը, որը պիտի ապահովի թվային ազդանշանի տեղափոխումը հանրապետության ողջ տարածքով եւ մյուս կողմից` դրա հեռարձակման տեխնիկական իրագործումը:

– Թվային հեռարձակումից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հեռուստադիտողը:

– Կարծում եմ` թվայնացման որակական տարբերությունները ոչ թե ավելի հստակ պատկերն է կամ ավելի որակյալ ձայնը, այլ հաղորդման կառուցվածքային նոր փոփոխությունները, որոնք նախկինում անալոգային հեռարձակման ժամանակ ընդհանրապես չեն եղել, հիմա ի հայտ են գալու: Որպես գործընթացի մոտակա փուլ` ես տեսնում եմ ընդամենը տեխնիկական համակարգերի ստեղծում, այսինքն` զուտ պատկերի, ձայնի նոր որակական մակարդակի տրամադրում: Արդեն մնացած հնարավորությունները ստեղծագործական խմբերի երեւակայությանն է թողնվում` էլ ինչպե՞ս կարելի է փոխել հաղորդումը կառուցվածքային առումով, ի՞նչ լրացուցիչ բաներ կարելի է դարձնել ինտերակտիվ, որպեսզի քաղաքացին իր համար ընտրի` ինչ ձեւով նայել հաղորդումը: Պարզունակ մի քանի օրինակներ արդեն հայտնի են մեր հանրությանը` դրանք լուսագրերն են, նրանց լեզուները, տեսախցիկների ընտրությունը, արդեն հեռարձակված հաղորդման նորից դիտումը: Կարծում եմ` այս այլընտրանքային լրացուցիչ հնարավորությունները փոքր-ինչ ուշ պիտի գան: