Ձերբակալել են Նովոյի որդուն

Երեկ ժամը 03։35-ին, Ոստիկանության Երեւանի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով` զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Ըստ Ոստիկանության հաղորդագրության, օպերատիվ խումբը պարզել է, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից` ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է: Արտակ Գ.-ն ձերբակալված է: Հարուցվել է քրգործ: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Արտակ Գ.-ն Արտակ Գեւորգյանն է, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Նովո» մականունով Նահապետ Գեւորգյանի որդին է: Տեղեկացնենք նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել Գեւորգյաններին պատկանող գազալցակայանի մոտակայքում: Պատգամավորի որդին ցանկացել է լիցքավորել իր ավտոմեքենան, սակայն չի ցանկացել սպասել եւ դիմել է այդ քայլին: