Հաղթանակի գաղտնիքը գիտի

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով նախագահական ընտրություններում ընդդիմության` միասնական թեկնածուով հանդես գալու հավանականության մասին հարցին, ասել է. «Եթե այդ ուժերը, որոնք անընդհատ միասնական թեկնածուից են խոսում, լավ ուսումնասիրեին տեղի ունեցածը, մի բան կհասկանային` «միասնական թեկնածուն» մայիսի 6-ին պարտվեց: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններին ստեղծել էին միասնական շտաբ եւ առաջադրել էին «միասնական թեկնածու», որը մարդ չէր, այլ հասկացություն, քաղաքական սիմվոլ, որի նպատակն էր` «զրկենք ՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհից»: Իսկ այդ քաղաքական սիմվոլը պարտվեց: Նորից գնալ ընտրություններին միասնական թեկնածուով, երբ մի անգամ նա արդեն պարտվել է, դառնում է անիմաստ»: Նաեւ հավելել է. «Թող քաղաքական ուժերը փորձեն գտնել իշխանափոխության ճանապարհը, եթե չգտնեն, ես սեպտեմբերին կասեմ, թե որն է այդ ճանապարհը»: Իսկ Մաշտոցի պուրակի եւ «Հարսնաքարի» դեպքի շուրջ ձեւավորված քաղաքացիական շարժումները Ա.Բադալյանը համարում է PR նախագծեր: