«Որքան այս գործը ձգձգվի, այնքան կնշանակի, որ սա իսկապես քաղաքական նպատակներ ունի»

– Տիկին Ղազարյան, հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հարցաքննության է հրավիրել «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: Ինչի՞ մասին են նրան հարցաքննել:

– Նրան հարցրել են մեր ֆինանսական գործունեության մասին, եւ քանի որ նա վերջերս է դարձել խորհրդի անդամ` փետրվարին, այդ պատճառով այնտեղ նա առանձնահատուկ ասելիք չուներ: Այդքանը:

– Իսկ ո՞րն է եղել հարցաքննության նպատակը:

– Քննիչներին պետք է հարցնեք: Լավ հարց է, սակայն, ցավոք, չգիտեմ:

– Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի` ստուգումները հիմնադրամում երկարաձգվում են «10 անընդմեջ աշխատանքային օրով»: Ըստ Ձեզ` սա ինչո՞վ է պայմանավորված:

– Իրենք ասում են, թե ժամանակը չի հերիքել ստուգումների համար, այդ պատճառով են դրանք երկարաձգել: Բայց ես մնում եմ այն համոզմունքին, որ մեզ մոտ գտնելու բան չկա, որովհետեւ մենք առավելագույնս մաքուր, թափանցիկ եւ օրենքի սահմաններում ենք աշխատել: Ընդհանրապես, իշխանություններն այս գործընթացը սկսեցին հակառակ ուղղությամբ. նախ որոշեցին քրեական գործ հարուցել, որոշեցին, թե ում է առնչվում այդ քրեական գործը, իսկ հիմա ստիպված այդ ամենը պետք է փորձեն փաստել: Պարզ է, եթե հիմնադրամն իր գործունեությամբ կապված է եղել նվիրատվությունների հետ, իրենք այդ շրջանակներում պետք է տեսնեն, թե ինչ կա եւ ինչ չկա: Ես գիտեմ, որ այնտեղ ոչինչ չկա` չկա սխալ կամ քրեական գործունեություն: Սակայն, որ իրենք պետք է ամեն կերպ փորձեն բացատրել այդ առաջին քայլը, որը, թերեւս, պետք է լիներ վերջինը, ոչ թե առաջինը, ակնհայտ է: Բայց պետք է ասեմ, որ այդ ամենն ապարդյուն է, քանի որ նախ` քրեական գործ չկա այստեղ, եւ երկրորդ` եթե նպատակը մեր գործունեությանը խոչընդոտելն ու այն դանդաղեցնելն էր, միեւնույն է` մենք մեր գործը շարունակելու ենք:

– Այսինքն` Ձեր նշած այդ առաջին քայլը զուտ քաղաքական նպատա՞կ ուներ, եւ հիմա իշխանություններն ուղղակի փորձում են ինչ-որ հիմնավորո՞ւմ գտնել դրան:

– Ուղղակի այլ բացատրություն չկա:

– Հմայակ Հովհաննիսյանն օրեր առաջ կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն իշխանության հետ պայմանավորվել է` «սառեցնում ես Օսկանյանի «Սիվիլիթասի» գործը, սառեցնում եմ արտահերթ նիստի ստորագրահավաքը»: Նա նաեւ ասել էր, թե ՀՀ Գլխավոր դատախազությունն այդ պատճառով սառեցրել է պրոցեսը: Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է:

– Ոչ, դա իրականության հետ որեւէ կապ չունի: Գործը բացարձակապես չի սառեցվել: Ամեն մարդ, տանը նստած, կարող է ինչ-որ մի եզրակացության գալ, սակայն դա իրականության հետ կապ չունի: Այսօր քրեական գործը դեռ առկա է, այդ գործը դեռ առնչվում է «Սիվիլիթասին» եւ Վարդան Օսկանյանին, եւ այդ քրեական գործի հիմքում կան այնպիսի ենթադրություններ ու ամբաստանություններ, որոնք հարված են թե՛ մեր գործընկերներին, թե՛ մեր դոնորներին, թե՛ ընդհանրապես հասարակությանն ու անկախ լինել ցանկացող լրատվամիջոցներին:

– Դուք կուսակցական չեք, բայց, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ ԲՀԿ-ն հանդես չի գալիս Վ.Օսկանյանի պաշտպանությամբ:

– Ճիշտ եք, կուսակցական չեմ եւ կարծում եմ, այդ հարցին պետք է պատասխանեն այլ մարդիկ:

– Իսկ ինչո՞ւ է Վ.Օսկանյանը հրաժարվում ցուցմունք տալուց:

– Որովհետեւ Օսկանյանի կամ «Սիվիլիթասի» տնօրենի` այս պարագայում` իմ, պարտականությունը չէ ապացուցել, որ մենք անմեղ ենք: Այնտեղ քրեական հարցն այնպիսի ձեւով է դրված եւ ներկայացված, որ արդեն ենթադրություններ կան մեր մեղավորության մասին: Ըստ միջազգային օրենքի` դու պարտավոր չես իբրեւ վկա վկայություն տալ քո գործի վերաբերյալ: Այդ պարագայում, եթե ԱԱԾ-ն ինչ-որ եզրակացություններ է արել արդեն, երեւի հիմա պետք է ձգտի այդ ամենն օրենքով կարգավորել: Այն, ինչ ասվում էր մեր մասին, թե մենք վկա ենք այդ գործով, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ այդպես չէ, այլ այդ գործունեությունն ուղղակիորեն առնչվում է մեզ հետ, ուստի մեր իրավունքն է` այդ հարցերին չպատասխանել: Ես պարտավոր չեմ իմ անմեղությունը փաստել: Դուք պարտավոր չեք ձեր անմեղությունը փաստել: ՀՀ սահմանադրությունը հաստատում է, որ մենք անմեղ ենք մինչեւ այն պահը, երբ մեկը կարողացել է հակառակը փաստել: Բայց մեր պաշտոնյաները, մեր պետական այրերն այնպես են վարվում ու խոսում, որ մեր ժողովուրդը սկսի մոռանալ մեր այդ սուրբ իրավունքի մասին: «Սիվիլիթասի» վերջին սոցհարցման համաձայն` բնակիչների 85 տոկոսը փաստորեն հավատացել էր, որ պահանջվում է անմեղությունը փաստել: Դա սահմանադրական, ժողովրդական արժեքների հետ կապ չունի:

– Իսկ քրեական գործն ընդհանրապես ո՞ր փուլում է այժմ:

– Ընթանում են երկու տարբեր գործընթացներ. կա ԱԱԾ-ի գործընթացը, եւ կա հարկային հարցերով` ՊԵԿ-ի գործընթացը: Հարկայինի վերաբերյալ ասել են, թե անհրաժեշտ է եւս 10 օր, դրանից հետո կտեսնենք` ակտ կգրե՞ն, թե՞ գործը կկասեցվի: Եվ կա նաեւ ԱԱԾ-ի գործունեությունը, որն ընթանում է զուգահեռ` փաստաթղթեր են ուզում, տանում են, բերում են: Ես հնարավորություն չունեմ իմանալու, թե այն երբ կավարտվի, բայց հուսամ, որ կավարտվի շուտ: Ինչքան այս գործը ձգձգվի, այնքան կնշանակի, որ սա իսկապես քաղաքական նպատակներ ունի, քանի որ չկա ոչ մի փաստ: Հետեւաբար` եթե գործը շարունակվում է Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» դեմ փաստերի բացակայության դեպքում, ես ոչինչ չեմ կարող եզրակացնել, բացի այն, որ սա քաղաքական հետապնդում է:

– Իսկ այս ամենին կարելի՞ է մեկ այլ տեսանկյունից նայել: Օրինակ` շատերը գտնում են, որ Օսկանյանը` որպես նախագահի հավանական թեկնածու, կարող է այս ամենն օգտագործել իր քաղաքական հեղինակությունը բարձրացնելու եւ իշխանությունների կողմից հալածյալի իմիջ ստեղծելու համար: Այս մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Կա իրականություն, որ Օսկանյանին անընդհատ կանչում են, մեղադրում են եւ, ես կասեի, հետապնդում են: Դրանից բխող եզրակացություններն արդեն քաղաքացին, ընթերցողն ինքն է կատարում: Թող արդեն ժողովուրդն ինքը կարծիք կազմի` սա հիմնավորվա՞ծ հալածանք է, թե՞ չհիմնավորված: