Ճակատագրի հեգնանքը

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի թեկնածության առաջադրման մասին հայտարարությունը` ձեւի եւ բովանդակության առումով, մեծապես բացահայտում է ԲՀԿ-ի` որպես «այլընտրանք» հանդես գալու տրամաբանությունը: Ս. Բալասանյանը, ինչպես հայտնի է` այցելեց ՀՀ նախագահի նստավայր, հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ապա ԲՀԿ-ն տարածեց նրա թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը: Սա, ըստ էության, այն սխեման է, որով կառուցված էին եւ են ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Որքան էլ ԲՀԿ-ն տարբեր մեկնաբանություններով փորձի փրկել իրավիճակը: Ավելին` Գյումրիի դեպքը ցույց տվեց, որ ոչ թե ԲՀԿ-ում են որոշում իրենց թեկնածուին, ապա համաձայնեցնում նախագահականի հետ, այլ հակառակը` նախագահականում որոշում են ԲՀԿ-ի թեկնածուին, ինչից հետո վերջինս պաշտոնապես հայտարարում է այդ մասին: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ի հեճուկս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցանկության, Գյումրիում որպես քաղաքապետի թեկնածու` առաջադրվելու է ոչ թե պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, այլ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը (նա ժամանակին հայտարարում էր, թե իր ճակատին գրված է` ՕԵԿ): Վերջինս, ինչպես հայտնի է, ժամանակին ՕԵԿ-ից դուրս էր եկել ոչ առանց նախագահականի հետ համաձայնեցնելու, այդպես էր վարվել նաեւ այն ժամանակ` դեռեւս կոալիցիոն ԲՀԿ-ին անդամակցելիս: Հիմա ԲՀԿ-ն հայտարարում է, որ այլընտրանք է գործող իշխանությանը, վերջինս էլ, փաստորեն, օգտվում է իր այլընտրանքային ռեսուրսից` հընթացս ազատվելով նաեւ սեփական` «նախկին մտածողությամբ» կադրերից: Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են հանրապետության բազմաթիվ բնակավայրերում, եւ եթե այս մեխանիզմը գործում է մեծությամբ երկրորդ քաղաքի դեպքում, ի՞նչն է խանգարում, որ այն չաշխատի նաեւ մնացած մեծ ու փոքր համայնքների թեկնածուների ընտրության ժամանակ: Բնականաբար, նշված եւ առաջիկայում սպասվող բոլոր նման գործընթացները կատարվում են 2013թ. ՀՀ նախագահի ընտրության տրամաբանության շրջանակներում: Ու հենց այդ տրամաբանությամբ հարց է առաջանում` նախագահականում հավանություն ստացած ԲՀԿ-ական թեկնածուները, ապագա քաղաքապետերն ու գյուղապետերը ո՞ր թեկնածուի համար են աշխատելու հաջորդ տարվա փետրվարի նախագահական ընտրություններում: Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Հետաքրքիր է նաեւ` ինչպե՞ս է իրեն պահելու Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նման իրավիճակում: Հիշեցնենք, որ վերջինիս համակարգող Լեւոն Զուրաբյանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ը կարող է սատարել ոչ կոալիցիոն բոլոր ուժերի թեկնածուներին: ՀԱԿ-ում, իհարկե, կարող են Գյումրիի ու այլ «երեւացող» համայնքների համար ինչ-որ արդարացում գտնել ու գոնե հրապարակավ չսատարել ԲՀԿ-ականներին: Հետաքրքիր է, սակայն, ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը նախագահական ընտրություններում, եթե իրենց կողմից որպես «ընդդիմություն» ներկայացվող ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն եւս առաջադրվելուց առաջ այցելի նախագահական նստավայր: