ԼՂ-ն ունի լուրջ մարտահրավերներ

Միջազգային հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը, մեր թղթակցի հետ զրույցում` խոսելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության վիճակի եւ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների կայացման, իրավունքների վրա հիմնված մշակույթի եւ նման արժեքների կայացման: «Դժվար է պատկերացնել պարզապես խաղաղություն կամ հայ-ադրբեջանական կարգավորում` առանց ժողովրդավարական զարգացումների»,- ասել է նա: Անգլիացի քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ԼՂՀ-ում կա որոշակի դրական հեռանկար. «ընտրությունները ԼՂ-ում անցկացվում են պարբերաբար, եւ այնտեղ կատարվում է նախագահների փոփոխում քվեարկության միջոցով, ինչը երբեմն մենք չենք տեսնում տարածաշրջանի որոշ դե յուրե պետություններում»: Միաժամանակ նա նշել է. «ԼՂ-ն դեռեւս իր առջեւ ունի լուրջ մարտահրավերներ` ներքին բազմազանության եւ իրական քաղաքական բազմակարծություն ստեղծելու առումով»: Իսկ, այսպես կոչված, «տեղահանված ադրբեջանցիների»` ղարաբաղյան ընտրություններին չմասնակցելու մասին նա ասել է. «Եթե տեղահանված ադրբեջանցիները բացառվել են այդ ընտրություններից, ապա դա ավելի վատ չէ, քան Բաքվից, Գյանջայից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից տեղահանված հայերի բացառումը Ադրբեջանի ընտրություններից»: