Մերժեցին

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ԱԱԾ-ի կողմից մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ մերժում է բավարարել ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը: «Վարդան Օսկանյանի այն պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է, դատարանը իր կայացրած որոշմամբ ուղղակի հաստատեց: Դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը չկարողացան ներկայացնել որեւէ լուրջ փաստարկ, որը կհիմնավորեր քրեական գործ հարուցելու որոշումը»,- դատարանի որոշման հրապարակումից հետո հայտարարել է Տ. Աթանեսյանը: «Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որեւէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ»,- իր հերթին` հայտարարել է Վարդան Օսկանյանը: