Ո՞ւմ ընտրել եւ ինչի՞ համար

«Պրեսսինգ» ակումբի 2006թ. տարեվերջյան քննարկումը նվիրված էր անհատ քաղաքական գործիչներին եւ մեծամասնական ընտրական համակարգին։ Ինչպես նկատեց քննարկման վարող, «168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանը, մի տեսակ հակասություն կա՝ ժողովրդականության եւ օրենսդրական գործունեության կարողությունների միջեւ։

«Օրինակ, Շավարշ Քոչարյանը բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է եւ հանդիսանում է ԱԺ ամենաակտիվ պատգամավորներից մեկը։ Ժողովրդական կուսակցության եւ «ԱԼՄ» Հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն էլ այսօր շատ մեծ ժողովրդականություն է վայելում, սակայն ոչ բոլորին է պարզ՝ ինչպիսի՞ օրենսդրական գործունեություն է նա ծավալելու ԱԺ-ում։ Ավելի կոնկրետ՝ ի՞նչ է անելու Տ. Կարապետյանը ԱԺ մտնելուց հետո, ողջ ժողովրդի՞ն է տանելու Սեւան»,- հարցրեց Ա. Բաղդասարյանը։

«Հետո կտանի Մշակույթի նախարարությունը»,- պատասխանեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Իսկ իր անելիքին վերաբերող հարցին պրն Կարապետյանը պատասխանեց հարցով. «Եթե այսօր այն պարոնները, որոնք գտնվում են խորհրդարանում, օրինակ` «Օրինաց Երկիրը», որն ասում է՝ 275 հատ օրենսդրական առաջարկ եմ արել, ես էլ հարց եմ տալիս։ Եթե այդպես արդյունավետ աշխատում եք, ինչո՞ւ է մեր ժողովուրդն այսպիսի վատ վիճակի մեջ»։

Տ. Կարապետյանը համաձայն չէր խնդրին նայել այն տեսանկյունից, որ եթե մյուսները տարիներ շարունակ չեն կարողացել ինչ-որ բան փոխել, ուրեմն ինքն էլ չի կարողանա։ Տ. Կարապետյանի կարծիքով, ընդդիմությունն այսօր մտահոգված է ոչ թե հասարակության խնդիրներով, այլ աթոռակռվով։ Նա նաեւ ուշադրություն չի դարձնում տատիկներին Սեւան եւ այլ տեղեր տանելուն քննադատողներին։ Ընդհակառակը, Տ. Կարապետյանն ավելի վճռականորեն է տրամադրված. հատուկ շեշտեց, որ նրանց տանելու է նաեւ Քաբուլետի։ «Տանելու եմ Քաբուլետի, որ մեր տատիկները, շատ կներեք, մի հատ թրջեն… Սեւ ծովի մեջ»,- ասաց նա՝ խաչակնքվելով։ «Եթե մտածում եք, որ մենք միայն խաղ ու պարի համար ենք, դուք շատ սխալվում եք։ Մենք ունենք հստակ ծրագրեր»,- նշեց ԺԿ ղեկավարը։

Տ. Կարապետյանը եւս մի հայտարարություն արեց իր քաղաքական կարիերայի մասին. «Եթե ես խորհրդարան անցնեմ միայնակ, առանց ֆրակցիայի, ես վայր կդնեմ իմ մանդատը։ Ամեն ինչը պատգամավոր լինելու համար չի, ես ուզում եմ ծառայել երկրին։ Ծառայել բառիս բուն իմաստով՝ ոչ միայն Սեւան տանելով, այլ ճիշտ օրենքներ ընդունելով, որոնք կաշխատեն»։

Ա. Բաղդասարյանի հարցադրումը հակասության մասին, ինչպես պարզվեց, տարբեր կերպ էր ընդունվել քննարկման մասնակիցների կողմից։ Օրինակ, ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը հարցը հասկացել էր այսպես՝ ինչո՞ւ արժանավոր մարդիկ չեն կարողանում ընտրվել։ Իսկ Տ. Կարապետյանի կարծիքով, հարցն ավելի անձնավորված ենթատեքստ ուներ՝ ո՞նց կարող է տատիկներին Սեւան տանողն ընտրվել պատգամավոր, ի՞նչ է այնտեղ անելու։ Ա. Բաղդասարյանը եւս մեկ անգամ հստակեցրեց իր տեսակետը՝ նշելով, որ գործ ունենք երկու հստակ բեւեռների հետ։ «Մի բեւեռի ամենավառ ներկայացուցիչը Դուք եք (դիմում է Տ. Կարապետյանին.- Բ.Թ.), մյուս բեւեռինը, օրինակ, Շավարշ Քոչարյանը, որն ունի շատ լուրջ օրենսդրական նախաձեռնություններ, բայց չունի մարդկանց Սեւան տանելու հնարավորություն»։ «Եվ ցանկություն…»,- ավելացրեց Տ. Կարապետիչը։

ԱԺ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը գտնում է, որ օրենսդրական գործունեության ոչ բավարար արդյունավետությունը միայն իրենց պատճառով չի. «Ցավոք սրտի, այն լավ առաջարկությունները, որ լինում են պառլամենտում, քվեարկության արդյունքում մերժվում են… Մենք ունենք ծրագիր, սակայն դրա իրագործումը կախված է ոչ միայն մեզանից, այլ մյուս պատգամավորներից, որոնք կարող են կողմ կամ դեմ քվեարկել։ Իսկ մեզ մոտ օրինագիծը դրական լինի թե բացասական, եթե վերեւից ասացին՝ պետք է դեմ քվեարկել, անկասկած դեմ են քվեարկելու»: Խորեն Թռչունիչը նաեւ տեղեկացրեց, որ ինքն առաջիկա ընտրություններում առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով` կարեւորելով արդար ընտրությունների անցկացումը, որ «…անցած մարդուն իրոք հնարավորություն տան անցնելու»։

Հիշատակվեց նաեւ նախորդ քննարկումների ժամանակ հնչած այն կարծիքի մասին, որ ազատ ընտրություն՝ նշանակում է՝ ով շատ կարտոֆիլ բաժանի, նա էլ կարող է անցնել։ Տ. Կարապետյանը որեւէ բան բաժանելու կամ անելու գործելաոճին բացասաբար չի վերաբերվում։ «Ամեն մարդ իր ձեւով է առաջ գնում։ Բա ժողովուրդը ո՞նց տեսնի, որ մենք պատրաստակամ ենք կիսվելու, հարգելու, եթե մենք դա մեր վարքով ցույց չտանք… Եթե դա բացասական լիներ, ուրեմն պետք է ժողովրդի մեջ չգնանք, որովհետեւ գնում ես՝ ինքը հարց է տալիս։ Մեկն ասում է՝ իմ աղջիկն ուզում է երգի, մյուսն ուզում է «Շոգեքարշին» մասնակցի։ Ուրեմն ի՞նչ, ես պետք է ասեմ՝ ո՜չ, ես գաղափարներո՞վ եմ առաջնորդվում»։

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն էլ գտնում է, որ մենք կառուցում ենք եվրոպական քաղաքական համակարգ, բայց մեթոդաբանությունն ամերիկյան քաղաքական համակարգի մեթոդաբանությունն է. «Այսինքն, գումարը, փողն է որոշում քաղաքական աշխատանքի արդյունավետությունը»։ Ըստ պրն Աշոտյանի, մեզ մոտ վիճակը սպեցիֆիկ է նաեւ նրանով, որ այս ամենին գումարվում է նաեւ խորհրդային ժամանակաշրջանի «կվազի-մշակույթը»։ «Այսպիսով, ստանում ենք մի հիբրիդ՝ խորհրդային անցյալով, եվրոպական ստանդարտներով, բայց ամերիկյան իրականությամբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հիբրիդի առկայության պայմաններում յուրաքանչյուրն ինչ էլ որ ասի քաղաքական համակարգին ու նրա թերություններին, ճիշտ է ասելու, որովհետեւ դատելու է իր արժեքային համակարգի, իր որդեգրած քաղաքական կոորդինատների համակարգին համահունչ։ Հիշեցնելով, որ Ազգային ժողովի չգրված ֆունկցիան քաղաքական մարմին, քաղաքական հարթակ հանդիսանալն է, Ա. Աշոտյանն ասաց. «Քաղաքականությունը, վերջիվերջո, մարդկանց փոխհարաբերությունների խնդիր է։ Եվ շատ հաճախ այն քաղաքական գործիչը, ով ավելի լավ է փոխհարաբերվում՝ լինի դա կարտոֆիլներով թե լաբորատոր սարքավորումներով, ավելի մեծ հաջողության է հասնում։ Դա ապացուցում է, որ քաղաքականությամբ զբաղվողը պետք է կարողանա մարդկանց հետ շփվել»։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ուժերի մեծամասնության եւ փոքրամասնության փոխհարաբերություններին, ապա, ըստ Ա. Աշոտյանի, չգրված ոսկե օրենք է՝ փոքրամասնության գործը խոսելն է, մեծամասնության գործը՝ քվեարկելը։ Դա նորմալ է։ «Ապագան, այնուամենայնիվ, ֆինանսներով ամրացված քաղաքական գործիչներինն է, դա են պահանջում ժամանակակից քաղաքական մոտեցումները, երբ քաղաքաֆինանսային խմբավորումներն են որոշում քաղաքականությունը։ Այն քաղաքական գործիչը, որն իր տակ չունի տնտեսական բազա, չունի բիզնես էլիտայի որոշակի շրջանակներ, որոնց շահերը պատրաստ է պաշտպանել, դատապարտված է»,- կարծում է Ա. Աշոտյանը։

Եվ, այնուամենայնիվ, ԱԺ-ն պետք է ձեւավորվի գաղափարների՞ հիման վրա, թե՞ բարեգործության։ ՀՀ նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հիշեցրեց, որ 1988թ. հստակ գոյություն ուներ ընդհանուր գաղափար, որի շուրջ միավորվեց ամբողջ հայ ժողովուրդը։ «Եթե այդ միասնականությունը գաղափարի շուրջ չլիներ, ապա որեւէ խնդիր լուծել մենք չէինք կարող»։ Նրա կարծիքով, վաղ թե ուշ գնալու ենք նրան, որ ընտրությունները բացառելու են մեծամասնական համակարգը։

Գ. Իսագուլյանն անտեղի է համարում մեր իրականությունը համեմատել ամերիկյան մոդելի հետ, քանի որ մեզ մոտ սոցիալական լուրջ խնդիրներ կան, եւ հասարակությանը սոցիալական բնույթի օժանդակությունը կարող է որոշիչ լինել ձայներ ստանալու հարցում։ «Այնտեղ (ԱՄՆ-ում.- Բ.Թ.) սոցիալական խնդիրը չէ, որ ստիպում է քաղաքացուն հանրապետականից կամ դեմոկրատական կուսակցությունից վերցնել որոշակի գումար եւ ըստ այդմ ձայն տալ»։

Գ. Իսագուլյանը դեմ է բարեգործության միջոցով ձայներ հավաքելու գործելաոճին։ «Մենք պետք է գնանք համամասնական տարբերակի, որտեղ շատ ավելի կարեւոր կլինեն ծրագրերը, որ մոդելը որ գործում է ԱՄՆ-ում՝ ով է առաջարկում ավելի քիչ հարկեր, ավելի շատ աշխատատեղեր եւ այլն»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ կգա մի ժամանակ, երբ ժողովուրդը ընտրություն կկատարի հենց գաղափարների հիման վրա։

Գ. Իսագուլյանն իր խոսքում նաեւ նշեց, որ իր համար թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հարցը եւ այդ առնչությամբ շատ բարձր գնահատեց Շավարշ Քոչարյանի գործունեությունը՝ չնայած, որ իրենք գտնվում են իշխանության տարբեր բեւեռներում։ Այս ենթատեքստում շատ հետաքրքիր էր ԼՂ հարցի շուրջ իմանալ Արշակ Սադոյանի դիրքորոշումը, որը թերեւս հայ պատգամավորի ամենավառ մարմնավորումն է։

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի մոտեցումը, իր իսկ խոսքերով, հետեւյալն է՝ խոսել բացասական երեւույթների մասին. «Դրականի գովք անելը, եթե մի բան ստացվում է, էլ ինչո՞ւ ասես։ Եվ այդ տեսակետից, գտնում եմ, որ ղարաբաղյան հարցի հետ կապված բոլոր շահարկումներն ուղղակի խոսակցություններ են, եւ ես այդ թեմաներով չեմ էլ խոսում… Որոշակի իմաստով, եթե պետությունը կարողանար իր ֆունկցիաները կատարել, ու երկիրը հզորանար, ապա հարցի ձգձգումը կարելի էր դրական համարել»։ Պրն Սադոյանի կարծիքով, որոշ պարագաներում ժամանակը մեր օգտին է աշխատում, օրինակ, կարող են ստեղծվել որոշ նախադեպեր, որոնք կարելի է օգտագործել բանակցությունների սեղանի շուրջ։ «Մյուս կողմից, շատ վատ է, որ մենք ասում ենք՝ երկնիշ թվերով ենք զարգանում, բայց Ադրբեջանն ավելի արագ է զարգանում։ Բնական է, որ տնտեսական հզորությունը, որը վաղը դառնալու է ռազմական հզորություն, վնաս է տալու մեզ»։ Ա. Սադոյանը գտնում է, որ ԼՂ հարցի շուրջ շատ խոսելու անհրաժեշտություն չկա նաեւ այն պատճառով, որ այստեղ լուրջ խնդիրներ չկան։ Ավելի լուրջ խնդիրներ են, ըստ պրն Սադոյանի, պետության ուղղվածության խնդիրները. «Այստեղ նստած խոսում ենք, եւ ձեռքի հետ ասում ենք՝ համամասնական ընտրակարգն ավելի լավ է։ Մենք Սահմանադրական փոփոխությունների առաջարկություն ենք արել, որի բովանդակությունը հետեւյալն էր՝ պառլամենտ, որի մեջ կա նաեւ սենատ, ինչ-որ իմաստով։ Առաջարկել ենք փոխել վարչատարածքային բաժանումը՝ 26 մարզեր, եւ ամեն մի մարզից պետք է ընտրվի մեկ հոգի։ Եթե օրենսդիր քաղաքական մարմնի անդամները տարածքների հետ որեւէ առնչություն չունեն, ապա այդ մարմինը չի կարող լավ աշխատել»։

Իսկ այն կարծիքներին, որ ընդդիմությունը տարիներ շարունակ լինելով ԱԺ-ում, ոչ մի էական արդյունքի չի հասել, Ա. Սադոյանը համաձայն չէ. «Երբ որ քաղաքական կյանքում ամբիոնն օգտագործելով հնարավոր է դառնում ասել այնպիսի կարեւոր գաղափարներ, որոնք կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ կաթալու են քաղաքական այրերի ուղեղներին, նրանք փորձելու են պատկերացնել, երբ որ գաղափար կա, որը պետք է տեղ հասցնել։ Եվ եթե նույնիսկ ֆրակցիան մեծամասնություն չի, ոչինչ, ժամանակը կփոխվի եւ այդ գաղափարը տեղ կհասնի»։

Այն մարդկանց, որոնք ինքնանպատակ ուզում են ամեն գնով պառլամենտ մտնել, Արշակ Սադոյանը խորհուրդ տվեց. «Գնացեք գաղափարները գոնե հասկացեք, պատկերացրեք, թե ինչ բան է՝ պետություն, ինչ բան է՝ ծրագիր, ինչ բան է՝ ծրագրերով ղեկավարվող ամբողջական համակարգ, որտեղ ոչ նախագահը, ոչ վարչապետը իրավունք չունեն շեղվելու ծրագրերից»։

Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի գլխին սարսափելի ամպեր են կուտակված, եւ եթե 2007թ. առաջիկա ընտրությունները կեղծվեն, ապա Հայաստանի ապագան առնվազն 10 տարի ճահճանալու է։

Տ. Կարապետյանը նույնպես կիսում էր այդ կարծիքը՝ եթե ընտրությունները կեղծվեն, Հայաստանն ապագա չունի։ Պրն Կարապետյանը նաեւ հստակեցրեց՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար է քննադատում։ Իշխանության պատասխանատվությունն իր վրա վերցրած Հանրապետական կուսակցությանը ԺԿ ղեկավարը քննադատում է միայն մի հարցում, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տարանջատվեն կենտրոնականներից։ ՀՀ նախագահը քննադատության է արժանի նրա համար, որ «պետք է լինի ոչ միայն կոալիցիայի, այլ ողջ Հայաստանի համար, բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ Ժողովրդական կուսակցության համար»։ Իսկ ընդդիմության հասցեին Տ. Կարապետյանի քննադատությունն ավելի սուր էր. «Ընդդիմությունն ավելի բարձր պետք է լինի, քան աթոռը, եւ միշտ անցկացնի ժողովրդական գիծը»։ Ինչպես պարզվեց, Տիգրան Կարապետյանը քննադատում է նաեւ ինքն իրեն, այն բանի համար, որ … շատ է ձգտում ծառայել ժողովրդին։

Իսկ վերընտրվել ցանկացող պատգամավորների մասին ԺԿ ղեկավարն ասաց. «Աշխատել են՝ փառք ու պատիվ իրենց, թող թողնեն՝ ուրիշներն էլ աշխատեն։ Ոչ թե յուրաքանչյուր մեթոդներով մնան իրենց կերակրատաշտի մոտ։ Այդքանը»։

Իսկ տեղը զիջել, պատգամավորները, բնական է, այնքան էլ հաճույքով չեն համաձայնի։ Օրինակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը համաձայն է, որ իր փոխարեն գա միայն այնպիսի գործիչ, որը պորտալարով այս պետության հետ կապված լինի։ «Ինձ համար բացարձակապես կապ չունի՝ գաղափարը ումից է դուրս գալիս։ Ինձ համար կարեւորն այդ գաղափարը կրողն է։ Երբ անհատը ելույթ է ունենում, բայց այդ գաղափարի կրողը չի, դա է սարսափելին»։ Հ. Հարությունյանը մեջբերեց ԱՄՆ անկախության դեկլարացիայի հեղինակ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը, որ պետականության կերտման համար ամենապրոբլեմատիկ խնդիրը 100 պետական գործիչ գտնելն է։ Իսկ դրա համար կան մի քանի չափանիշներ՝ պատրաստ լինել կյանքը զոհել հայրենիքի համար, հավատարմություն ընտանիքին եւ ընկերներին, եւ բացառիկ անտարբերություն կոմֆորտի նկատմամբ։ «Մենք մեզ հարց պետք է տանք՝ համապատասխանո՞ւմ ենք այդ չափանիշներին։ Առանց դրանց ոչ մի ծրագիր, ոչ մի գաղափար չի աշխատի։ Ուզում ես՝ համամասնականով ընտրվի, ուզում ես՝ մեծամասնականով, ուզում ես «մայկա-տռուսիկով»։ Եթե Ազգային ժողովում մենք գոնե այսպիսի 50 պետական գործիչներ չունենանք, ոչնչի չենք հասնի»,- համոզված է Հ. Հարությունյանը։ Վերջինիս կարծիքով, մենք իդեալական խորհրդարան կունենանք այն ժամանակ, երբ մեծամասնականով անցած պատգամավորները կունենան քաղաքական գործչին վայել հատկանիշներ։ Նա նաեւ նշեց, որ «մեծամասնականները» մեծ օգուտ են տալիս ընտրատարածքներում՝ հատկապես ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու տեսանկյունից։

Իսկ վերջում Հ. Հարությունյանը նույնպես մի բացահայտում արեց. «Դուք հարց եք տալիս՝ ինչո՞ւ արժանիները չեն մտնում ԱԺ։ Որովհետեւ մենք չունենք այն հասարակությունը, որն օբյեկտիվ ընտրություն է կատարում… Մինչեւ չունենաս կայուն, միջին հասարակություն՝ միջին խավ, չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- կարծում է Հ. Հարությունյանը։

Նա անդրադարձավ նաեւ ԼՂՀ խնդրին՝ նշելով, որ ինքը կատեգորիկ համաձայն չէ այն գործիչների հետ, որոնք ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված է. «Ղարաբաղի հարցը բացարձակապես լուծված չէ, եւ Ղարաբաղին սպասում են շատ ավելի մեծ փորձություններ, քան մենք մինչեւ հիմա ունեցել ենք»։

ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն անդրադարձավ այն հարցերին, որոնք նա կարեւորում էր` առաջին տեղում դնելով 1988թ. ազգային շարժումը։ «1988 թ. Շարժումն իր մեջ պարունակում էր 3 հիմնական գաղափար` Լեռնային Ղարաբաղ, ժողովրդավարություն եւ արդարություն, ազգային միասնություն։ Այդ երեքի համար տեղի ունեցավ պոռթկում, եւ ամբողջ աշխարհը հիացած էր»։ Նրա կարծիքով, միակ հարցը, որտեղ մենք հաջողություն ենք ունեցել, դա Ղարաբաղի հարցն է։ «Ժողովրդի զրկանքների եւ արյան գնով մենք ունեցանք այնպիսի նվաճում, որը վերջ տվեց այն լացակումած վիճակին, որ մենք անընդհատ պարտվող ենք եւ այլն։ Ժողովուրդը ցույց տվեց, որ իր մեջ ուժ ունի»։ Սակայն, ըստ Շ. Քոչարյանի, քանի որ ժողովրդավարության եւ միասնության հարցում մենք չարացել ենք, հետեւաբար մեր ունեցած նվաճումները չենք կարողանում կյանքի կոչել, այլապես՝ «Ղարաբաղը պետք է վաղուց ճանաչված լիներ, բայց ճանաչված չի»։

Քաղաքական եւ պետական գործիչների նկարագրի մասին խոսելիս պրն Քոչարյանը հղում արեց Չերչիլին. քաղաքական գործիչը նա է, որն իր ամբողջ գործունեությունը ենթարկում է ապագա ընտրություններին։ Իսկ պետական գործիչն, ըստ Չերչիլի, նա է, որը մտածում է երկրի եւ ազգի ապագայի մասին։ Շ. Քոչարյանն ամենաօպտիմալը համարում է քաղաքական եւ պետական գործիչների մարմնավորումը մեկ անձնավորության մեջ, սակայն, «…ցավոք սրտի, մեզանում դա բացառություն է»։ Շ. Քոչարյանի համոզմամբ, չպետք է մոռանալ այն երեք հիմնական ուղղությունների մասին (Ղարաբաղ, ժողովրդավարություն եւ միասնություն), որոնց հիման վրա մենք դարձանք անկախ, անկախ նրանից՝ թե քաղաքական որ դաշտում է գտնվում տվյալ գործիչը. «Եթե դու մոռանում ես, ուրեմն դու արժանի չես լինել քաղաքական էլիտայի անդամ»։

Իսկ բարեգործությունը, Շ. Քոչարյանի կարծիքով, այն է, երբ բարեգործը պատասխան չի սպասում իր բարեգործության դիմաց։ «Սակայն երբ դա արվում է ընտրությունների նախաշեմին, երբ մարդը բարիքներ է տալիս միայն այն պատճառով, որ ինքը ցանկանում է դրա հաշվին գալ իշխանության եւ շարունակել նույնը, որ ժողովուրդը նույն վիճակում մնա, ապա դա բարեգործություն չի»։

Իսկ ընդդիմությունը ներկա վիճակում ոչ նյութական ռեսուրսներ ունի, ոչ էլ հանդես գալու հնարավորություն. «Երբ ընդդիմությունը հայտնվում է այդ վիճակում, երբ ենթակա է ոչնչացման, դա բերում է նրան, որ ընդդիմությունը ռադիկալ է դառնում։ Այնուամենայնիվ, դա ամենեւին չի նշանակում, որ ներկա պայմանները չեն ստեղծում հնարավորություն դա հաղթահարելու համար։ Որովհետեւ այն ընդդիմությունը, որն այդքան դիմացել է, ինքը կգտնի եւ՛ աջակիցներ, եւ՛ նյութական ռեսուրսներ, եւ՛ խոսափող։ Միգուցե ես լավատես եմ, բայց ինձ ադպես է թվում։ Ես դրա հետ եմ կապում 2007 թվականը»:

Ավելացնենք, որ չնայած միմյանց հասցեին հնչող քննադատություններին եւ թափանցիկ ակնարկներին, քննարկման մասնակիցները միմյանցից բաժանվեցին բավական հանդուրժող եւ ջերմ տրամադրությամբ։ Միգուցե պատճառն այն էր, որ քննարկումը տեղի էր ունենում դեկտեմբերի 25-ին՝ Ամանորի նախաշեմին, եւ ոչ ոք չէր ցանկանում փչացնել նախատոնական տրամադրությունը։

***

Մի անգամ էլ դուք մրսեք

Տիգրան Կարապետյան. – Ես ժողովրդին միայն չեմ ուղարկում Սեւան, այլ հետները գնում եմ։ Գնում եմ եկեղեցի եւ սառում եմ, որովհետեւ ցուրտ է, պատուհաններ չկան։ Մրսում եմ եւ սկսում եմ հազալ։

Շավարշ Քոչարյան. – Իսկ այդ մարդիկ չե՞ն մրսում։

Տ. Կարապետյան – Մրսում են հաճույքով, մի անգամ էլ դուք մրսեք։

Վախիլ մի

– Որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում շահագրգռված չէ ընտրությունները կեղծելու մեջ,- այսպիսի բացահայտում արեց Գառնիկ Իսագուլյանը։

– Բայց մենք վախենում ենք: Չվախենա՞նք,- Տ. Կարապետյանի այս հարցին Գ. Իսագուլյանը վստահ պատասխանեց՝ ոչ։

– Ո՞նց թե չվախենանք,- կրկին հարցրեց Կարապետիչը:

– Դուք ունեք ներկաների միջից ամենամեծ հնարավորությունները, ունեք 24-ժամյա եթեր, տասնյակ հազարավոր մարդկանց հետ անմիջականորեն շփվելու աննախադեպ հնարավորություն, ինչո՞ւ եք վախենում ընտրությունների կեղծվելուց, – Տ. Կարապետյանին փորձեց հանգստացնել ՀՀ նախագահի խորհրդականը։

– Եթե դուք ուզենա՜ք…,- բազմանշանակ պատասխանեց Տ. Կարապետյանը՝ ավելացնելով, որ որքան էլ տարօրինակ է, բայց ինքը հավատում է այս ընտրություններին։

Մասնակցեք խաղին

Տիգրան Կարապետյան. – Դուք համաձա՞յն եք, որ նախագահը պետք է լինի բոլոր կուսակցությունների համար։

Գառնիկ Իսագուլյան.- Ի՞նչ ասել է բոլոր կուսակցությունների համար։

Տ. Կ. – Ինքը ասում է՝ ես այս երեք կուսակցությունների հետ եմ աշխատում (կոալիցիայի)։ Իսկ մենք ի՞նչ է, մեխի գլո՞ւխ ենք։

Գ. Ի.- Ի պատիվ ՀՀ նախագահի պետք է ասեմ, ինքը որեւէ մեկի նկատմամբ մինչ օրս բացասական որեւէ բան չի ասել։ Բայց եթե, պրն Կարապետյան, դուք ինքներդ չեք ուզում նրա հետ աշխատել…

Տ. Կ. – Ես չեմ ուզո՞ւմ…

Գ. Ի. – Ուզո՞ւմ եք։

Տ. Կ. – Ինչո՞ւ ոչ։

Գ. Ի. – Դաշտը բաց է, հավատացնում եմ։

Տ. Կ. – Այո… Ֆուտբոլի։

Կարում չենք

Համլետ Հարությունյան. – Մեր ժողովուրդը չի կարողանում օբյեկտիվ ընտրություն կատարել։

Շավարշ Քոչարյան. – Լավ էլ կարողանում է։

Հ. Հ. – Եթե Արկադի Վարդանյանը կարողացավ 100-200 հազար մարդ հանել փողոց, ես կասկածում եմ…

Շ. Ք. – Մարդ էլ կա՝ 10 հազար հոգու լողացնում է, բայց դրանից ոչինչ չի փոխվում։

(Տիգրան Կարապետյանն այդ պահին արդեն գնացել էր. ուղիղ եթերի էր)։

Տեղը դրեց

Համլետ Հարությունյան. – Ո՞նց Ռոբերտ Քոչարյանին ասենք՝ դու գնա, Արամ Կարապետյանին ասենք՝ դու արի այս երկրի նախագահ, ի՞նչ պորտալարով է կապված այդ մարդը Հայաստանի հետ.

Խորեն Սարգսյան. – Իսկ ի՞նչ պորտալարով է կապված Ռոբերտը։

Հ. Հ. – Ռոբերտը՞… Դուք անհարմար չե՞ք զգում։

Խ. Ս. – Չէ՜…Մաքուր հարց եմ տալիս:

Հ. Հ. – Ռոբերտը ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից է։

Թեկնածու փնտրելիս

Համլետ Հարությունյան. – Ի՞նչ եք կարծում, եթե Արթուր Բաղդասարյանը երկրի նախագահ դառնա, Ղարաբաղի համար որեւէ պատասխանատվությո՞ւն է կրելու։

Խորեն Սարգսյան. – Ինչի Հայաստանի համար կրելո՞ւ է։

Հ. Հարությունյան. – Չէ-չէ, ես միայն Ղարաբաղի մասին եմ ասում։ Նախագահի թեկնածուներին մեկ-մեկ ասեմ։ Կարապետիչը, էստեղ պիտի լիներ, երկրորդը ինքն է, երրորդը…

Շավարշ Քոչարյան. – Ի՞նչ վատ կլինի, քեզ կտանի կլողացնի… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կայֆ կլինի, որ ՄԱԿ-ի ամբիոնից խոսի։