Ի՞նչ կլինի, երբ շաքարամանում երկու կտոր շաքար ավելանա

«Եթե օվկիանոսում կան մեծ ձկներ, ապա պետք է լինեն նաեւ փոքրերը, որպեսզի մեկը մյուսով ապրի: Չեն կարող բոլորը մեծ լինել, քանզի այդ դեպքում նրանք իրար կուտեն ու կվերջանան»,- «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման ժամանակ այս միտքն արտահայտեց «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Քննարկման ժամանակ «օվկիանոսը» ՀՀ տնտեսությունն էր, «ձկները»` տնտեսվարող սուբյեկտները, իսկ հիմնական մտահոգությունն էր` ինչպես անել, որ «օվկիանոսը չամայանա»:

«Բիզնես եւ ազատ մրցակցություն» թեմայով քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը: Նշելով, որ 1991թ. Հայաստանն ընտրել է տնտեսության շուկայական մոդելը, նա հարց առաջ քաշեց, թե պետությունը որքանո՞վ է ապահովում այդ մոդելին անհրաժեշտ ազատ մրցակցություն: «Հայաստանն ազատական ուղեծրով շարժվող պետություն է: Բոլոր գործընթացներն ուղղված են ազատականության զարգացմանը: Որքանով է դա հաջողվում` այլ խնդիր է: Հայաստանում կարգավորվող շուկայի մասին խոսք լինել չի կարող»,- արձագանքեց ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

Քանի որ տնտեսական բլոկի գերատեսչություններից քննարկմանը ներկա էր միայն Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) ներկայացուցիչն, ուստի, բնական է, որ քննարկման մասնակիցներն ի սկզբանե փորձեցին «հրացանի փողն» ուղղել դեպի նա: ՀՊԾ Հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ Արման Զարգարյանը գտնում է, որ «իհարկե, հարկային դաշտում խնդիրներ կան, վարչարարությունը լիակատար չէ»: «Բայց դա չի նշանակում, որ տնտեսության զարգացման միակ խթանը, միակ պայմանը հարկային ոլորտն է: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ձեւավորված է որոշակի տնտեսական համակարգ, որն ունի իր օրենսդրական ապահովումը: Եվ, կարծես թե, այն բավականին նորմալ մակարդակի վրա է: Սակայն մենք խնդիրներ ունենք` կապված այդ օրենսդրության կիրառման եւ թարմացման հետ: Այդ օրենսդրությունն այսօր հետ է մնում տնտեսական իրավիճակից: ՀՊԾ-ի համար, բացի օրենսդրականից, հիմնական պրոբլեմը նաեւ մենաշնորհային խնդիրներն են, որոնք խոչընդոտում են տնտեսության բնականոն զարգացմանը»,- նշեց Ա. Զարգարյանը:

ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանին հետաքրքրում էր, թե Հարկայինն ի՞նչ գերակա ուղղություններ է իր համար ֆիքսել, եւ որտե՞ղ է տեսնում այդ խնդիրների (օրինակ, ստվերային տնտեսություն) լուծման պոտենցիալը: «Դուք կարո՞ղ եք ասել, թե որքա՞ն եք գնահատում այդ ստվերային տնտեսությունը եւ ի՞նչ խնդիրներ եք դրել ձեր առջեւ»,- հարցրեց պատգամավորը: Ա. Զարգարյանը պատասխանեց, որ ՀՊԾ-ն ստվերային տնտեսություն գնահատող չէ, թեեւ իրականում կարող է դա անել: ՀՊԾ-ի հիմնական խնդիրն այսօր ստվերային տնտեսության դեմ պայքարելն է: Ա. Զարգարյանի խոսքերով, կա տնտեսության ստվերի երկու տեսակ` զուտ ստվեր, այսինքն` ապօրինի տնտեսական գործունեություն, եւ թերհայտարարագրման խնդիր: «Այսօր առաջին տեսակը` հանցագործ, չգրանցված բիզնեսը, կարծես թե, այդքան շատ չէ եւ մեզ համար մեծ խնդիրներ չի առաջացնում: Մենք ունենք թերհայտարարագրումների խնդիր, որի բացահայտումն ու գնահատումը շատ դժվար են»,- ասաց ՀՊԾ պաշտոնյան: Նրա հավաստմամբ, սակայն, վարչարարության ընթացքում կարելի է ասել, թե միջինում այս կամ այն ոլորտի խախտումները որքան են կազմում: «Թիրախներ, իհարկե, ունենք: Յուրաքանչյուր տարի կառավարության ծրագրով հաստատվում են գերակա ուղղությունները ՀՊԾ-ի համար: Մենք համագործակցում ենք բոլոր միջազգային կառույցների հետ: Մեզ համար խոչընդոտ են հիմնականում Հարկային օրենսգրքի բացակայությունը եւ հարկային վարչարարության թույլ լծակները: Ունենք մի «Ստուգումների մասին» օրենք, որով շարժվում են եւ՛, օրինակ, հրշեջները, եւ՛ հարկային մարմինները: Երեւի մի 10 անգամ միայն մենք են այդ օրենքում փոփոխություններ առաջարկել»,- նշեց Ա. Զարգարյանը:

Բ. Թունյանը հնչեցրեց այն տարածված կարծիքը, որ եթե գործարարները չաշխատեն ստվերում, ապա չեն դիմանա մրցակցությանը: «Ես այդ կարծիքը լսել եմ, բայց կոնկրետ հիմնավորումով դրանում չեմ համոզվել»,- ասաց ՀՊԾ ներկայացուցիչը: Իսկ Գ. Արսենյանը համոզված նշեց, թե «դա չի համապատասխանում իրականությանը»:

«Այնուամենայնիվ, ի՞նչ է նշանակում ազատական շուկա եւ պետության միջամտություն: Որքանո՞վ է մեր պետությունը միջամտում` լավ կամ վատ: Եթե տնտեսությունն ազատական է, ապա պետությունն իր կառույցների միջոցով ընդամենը մի բան պետք է կարգավորի` հավասար մրցակցային դաշտը: Այստեղ պետության կարգավորիչ դերն անհրաժեշտ է: Եվ որքան պետությունը լավ կատարի այդ դերն, այնքան երկիրը նորմալ կզարգանա: Բայց հենց այս գործառույթն իրագործելու մեջ սկսվում են շեղումները, մենք վերադառնում ենք շատ լավ սոցիալիզմի: Պարզապես փոխարենը, ձեւավորվում է կլանային համակարգ, եւ մենք ԽՍՀՄ-ի փոխարեն ունենում ենք մի քանի «սովետիկներ»,- ասաց «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքերով, այդ համակարգի հիմնական խնդիրն, ինչպես ցանկացած սոցիալիստական երկրինը, «մասնավոր նախաձեռնությունը խեղդելն է, ուրիշի աշխատանքին տիրանալու սկզբունքը»: «Մենք այդ վտանգը պետք է զգանք, որ որքան շուտ դուրս գանք կլանային համակարգից, այնքան շուտ կապահովենք տնտեսության զարգացումը: Պետությունն իր վրա վերցրած ֆունկցիան կամ չի կատարում, կամ լավ չի կատարում»,- նշեց պատգամավորն` ուշադրություն հրավիրելով այլ հարցի վրա` արդյոք պետությունը չի՞ կարող այդ ֆունկցիան կատարել, թե՞ կարող է, բայց չի կատարում: Երկրորդ դեպքում, ըստ Մ. Բադեյանի, գոյություն ունի «Պողոս», ում վրա դրված է այդ ֆունկցիան, եւ վերջինիս իրականացումը կախված է այդ մարդու սուբյեկտիվիզմից` «Պողոսը Պետրոսի մորաքրոջ տղա՞ն է, թե՞ դուշմանը»: «Մենք պետք է այս հարցերը կանոնավորենք: Որպես պատգամավոր ասեմ, որ փորձը ցույց տվեց, որ դրանք մեր օրենքներով չեն կարգավորվում, նույնիսկ, եթե վերջիններս հրաշալի են (թեեւ այդպիսին չեն), քանզի, երբ հերթը հասնում է օրենքների կատարմանը, մենք ընկնում ենք մեր ավանդույթների գիրկը: Երբ մեր ժողովուրդը պատրաստ չէ պետականությանը, մեր պետությունն էլ չի կարող լինել պետություն: Մենք չենք կարող նույն Հարկայինից, որը շատ թերություններ ունի, պահանջել, թե ինչո՞ւ է այսպես արել ինչ-որ բան: Հարկայինն էլ կասի. «Արի, ես թողնեմ գնամ, դու նստի տեղս, տեսնեմ` ի՞նչ ես անելու»: Նույնն էլ ես եմ անելու: Հիմա պետք է մտածենք, թե ինչպես ստեղծենք երկրում մթնոլորտ, որը բազմավեկտոր հասկացություն է (մշակութային, դաստիարակչական, ավանդույթային խնդիրներ), որպեսզի մեր ժողովրդին դարձնենք շուկային պատրաստ ժողովուրդ: Այս պայմաններում մենք նորից սոցիալիստական կառավարման մեթոդներով ենք առաջնորդվում: Ու որքան զարգացնենք նման կառավարումն, այնքան շուտ կվերադառնանք սոցիալիզմին»,- ասաց Մ. Բադեյանը:

Վարողը նկատեց, որ մենք ունենք հակամենաշնորհային օրենսդրություն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, այսինքն, գրեթե բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները ստեղծված են: Սակայն մրցակցությունը շատ ոլորտներում պայմանական բնույթ է կրում: Քանի որ այս դիտարկման հետ համաձայն չգտնվողներ եղան, նա խնդրեց մատնանշել այն ոլորտները, որտեղ կան իրական մրցակցային հարաբերություններ։

ԵՊՀ դոցենտ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն ասաց, որ Հայաստանը «շատ հետաքրքիր երկիր է»: Կան տնտեսության հատվածներ, որտեղ բիզնեսի ռիսկը մեծ է, այնտեղ մրցակցությունը նորմալ է: Այն հատվածներում, որտեղ ռիսկ չկա, «երաշխավորված» բիզնես է, մրցակցության հետ կապված խնդիրներ կան: Նման պրոբլեմներն առկա են, որովհետեւ մեզ մոտ գործում է, այսպես ասած, տնտեսության արաբա-ռուսական մոդելը, այսինքն, մեզ մոտ բիզնեսը մտած է իշխանության մեջ, իշխանությունը` բիզնեսի: «Դրա համար էլ, ինչպես կբացատրի ցանկացած ամերիկացի, սկսվում են շահերի կոնֆլիկտներ: Դա այն է, որ բիզնեսմենը մտնում է իշխանության մեջ, որպեսզի իրեն պաշտպանի, կամ մտնում են բիզնեսի մեջ, որ օգտվեն իշխանությունից: Սա Հայաստանի պրոբլեմն է, որ այսօր չի երեւում, քանի որ երկիրն արագ է զարգանում, սակայն մոտավորապես 2010-2012թթ. դա արգելակելու է ամեն ինչ: Ինչո՞ւ է բիզնեսը գնում իշխանություն: Որովհետեւ ինչ-որ պահի դա պետք է: Սակայն ինչ-որ պահի դա խփելու է մեզ: Օրինակ, ամենալուրջ պրոբլեմներից մեկն այսօր այն է, որ Հայաստան գալը շատ թանկ արժե: Ինչո՞ւ: Որովհետեւ կա «բաց երկնքի» քաղաքականություն, որը մեր պետությունը չի ուզում իրականացել: Կամ, օրինակ, ինչո՞ւ մեզ մոտ չկան այն ընկերությունների բենզալցակայանները, որ կան Վրաստանում (օրինակ` Shell): Ուզում եմ ասել, որ ֆունդամենտալ խնդիրներ կան, որ պետք է անպայման լուծվեն: Իսկ յուրաքանչյուր երկրում խնդիրները լուծում է պետությունը»,- նշեց Ա. Եղիազարյանը: Գ. Արսենյանը չհամաձայնեց տնտեսագետի տեսակետի հետ. «Հայաստանը սեւ ու սպիտակ երկիր չէ, բազմագույն է: Ու կյանքն էլ է բազմագույն, բազմաբեւեռ ու բազմաերեւութային: Ամեն ինչ էլ կա, ինչպես բոլոր երկրներում: Չկա մի երկիր, որտեղ բիզնեսը չձգտի իշխանության: Չկա մի երկիր, որտեղ իշխանությունը չուզենա ազդեցություն ունենալ բիզնեսի վրա: Չափի մասին է խոսքը: Պետք է մենք փորձենք խորքային գնահատական տալ: Վերջինս կայանում է նրանում, որ մենք փորձում ենք իրականությունը ներկայացնել այնպես, որ հարմար լինի մեր այսօրվա վիճակին, շահերին, ցանկություններին: Հայաստանն անցումային շրջանում գտնվող երկիր է ու մի սոցիալական կենսակերպից մեկ այլ սոցիալական կենսակերպի այդ փուլում, բնական է, որ պետք է հանդիպի բազմազան պրոբլեմների»: Որպես համար մեկ պրոբլեմ՝ Գ. Արսենյանն առանձնացրեց մարդկանց գիտակցությունը: «Մենք այն սերունդն ենք, որ ապրել է սոցիալիզմի ժամանակ, երբ արտադրական միջոցների հանրային սեփականությունն այլընտրանք չուներ: Մենք դա տեսել ենք, չէ՞: Մենք դրա մեջ ապրել, ձեւավորվել ենք: Հիմա անցել ենք մի այլ համակարգի, որտեղ հանրային սեփականությունը փոխարինվել է արտադրամիջոցների մասնավոր սեփականության գործոնով: Պատասխանատվություն է առաջացել, չէ՞: Ինչպե՞ս օգտագործես այդ մասնավոր սեփականությունը, որ ստեղծես բարիք: Այդ թվում` հանրային, նյութական կամ սոցիալական բարիք: Շատ բարդ խնդիր է, որի ճանապարհով գնում ենք, որին ոչ բոլորն են դիմանում, ոչ բոլորի ներուժն է հերիքում: Այդ պարագայում ծագում է քննադատության էլեմենտ: Արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք գնում: Արդյոք պետությունը չպե՞տք է խառնվի: Արդյոք պետությունը շա՞տ է խառնվում: Երբ մենք շեշտում ենք` ազատական շուկա, առաջին հերթին պետք է հասկանանք, որ այդ ազատական հարաբերությունների հիմքում կոլեկտիվը չի դրված, մարդն է դրված: Իսկ մենք, ցավոք, կոլեկտիվի հասարակություն ենք, մենք այդ փուլում ենք դեռ: Մտածելակերպ պետք է կարողանանք փոխել, հասարակական իրավագիտակցություն բարձրացնենք: Իմ կարծիքով, բանաձեւը սա է: Մենք բոլորս դեռ ինքներս չենք փոխվել: Ճանապարհ է պետք գնալ»,- իր խոսքում նշեց ՄԱԿ ղեկավարը: Սակայն հասարակության գիտակցության հարցում նա հանդիպեց ընդդիմադիր տեսակետի:

«Մենք մեր կողքին ունենք Վրաստանի օրինակը: Ես չեմ հավատում, որ վրացի ոստիկանի գիտակցությունը փոխվեց, նա դարձավ ավելի բարոյական: Պարզապես, կար քաղաքական կամք, խնդիրը դրվեց եւ հարցը լուծվեց: Ոստիկանը մոտենում է փողոցում կանգնած ավտոմեքենային: Նա իրոք սրտացավ չէ, թե ինչպես է վարորդի վիճակը: Պարզապես նա ունի հրահանգ, պետք է կատարի իր աշխատանքը: Հակառակ դեպքում նա շատ բան ունի կորցնելու: Եթե սպասենք գիտակցության բարձրանալուն, ապա շատ երկար պետք է սպասենք, որովհետեւ մեր գիտակցությունը սերունդներով պետք է փոխվի: Մեր գիտակցությամբ մենք մեր երեխաներին ենք դաստիարակել»,- ասաց «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Գ. Արսենյանն էլ պնդում էր, թե «արեւմտյան հասարակությունը վերջին 250 տարիներին մարսել է Կանտի ու Հեգելի տված մոդելները, իսկ հայ հասարակությունն այդ փիլիսոփայական մտքի հետ գործ ունի վերջին 10 տարիներին»: «Մենք վերջին մի քանի 100 տարին գոյատեւությունից բացի ուրիշ բանի մասին չենք մտածել: Նրանց մոտ այդ էտապն անցել է, իսկ մենք չենք կարող 15 տարում անցնել: Դրա համար պահանջվում է 30-50 տարի: Սերունդ է պետք դրա համար»,- նշեց պատգամավորը: Թ. Մանասերյանն էլ հավաստիացրեց, որ 5 տարի ապրելով ԱՄՆ-ում, ինքը համոզվել է, որ ամերիկացին ավելի գիտակից չէ, քան հայը: «Ես չեմ ուզում, որ մենք մեզ վիրավորենք: Ամերիկացին ավելի վայրի ձեւով կարող է կողոպտել պետությանը, քան հայը»,- գտնում է Թ. Մանասերյանը:

«Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը քննարկման մասնակիցներին հիշեցրեց, որ ՀՀ-ն երկու տարի առաջ մտավ Գլոբալ մրցունակության զեկույցի մեջ, որը կազմվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Այդ զեկույցում ռեյտինգավորվում են 125 երկրներ: ՀՀ-ն այս տարի մրցունակությամբ 86-րդ տեղում էր: «Այս վարկանիշն ընդհանուր առմամբ տալիս է երկրի՝ միջին ժամկետում՝ 4-5 տարվա ընթացքում, աճի հասնելու հնարավորությունները: Այսինքն, եթե մենք այսօր նայում ենք ՀՆԱ-ի աճի տպավորիչ տեմպերին, ապա այդ վարկանիշն ասում է, որ միջին ժամկետում այդ աճն իրեն սպառելու է: Մոտ 97 ցուցանիշ է դիտարկվում, որոնցից մեկը վերաբերում է մրցակցային ոլորտին: Տեղական դաշտում մրցակցային ինտենսիվությամբ Հայաստանը գտնվում է 101-րդ տեղում: Դատական համակարգի անկախությամբ, որը նույնպես ազդում է մրցակցության վրա, եւս ամենավերջին տեղերում ենք: Սա ախտորոշիչ գործիք է՝ տեսնելու, թե այսօր որո՞նք են մեր հիմնական խնդիրները: Բայց կարծում եմ, արժե մի քայլ առաջ նայել, այսինքն` ախտորոշումից անցնել դեղատոմսի հնարավորություններին»,- ասաց Մ. Հերգնյանը: Մինչ առաջ անցնելը նա այսպիսի պարզ սխեմա առաջարկեց՝ որոշել՝ ո՞վ ի՞նչ պետք է անի: «Ո՞վ է շահագրգռված անձ, եւ դրանց ցուցակը կազմելիս հասկանալ, թե ովքե՞ր են ամենաշատը հետաքրքրված: Ամենամեծ ուժն ովքե՞ր ունեն` այդ փոփոխություններն իրականացնելու համար: Եթե փորձենք դասակարգում անել, ապա համակարգը ինչ-որ չափով բոլորս գիտենք: Կան ոլորտներ, որոնք բավական բաց են (օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները կամ արտահանման հետ կապված այլ ոլորտ): Կան ոլորտներ, որտեղ ընդհանրապես հնարավոր չէ մտնել»,- ասաց Մ. Հերգնյանը: Վերջինս խոսեց նաեւ բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման մասին: Նրա կարծիքով, այսօրվա համակարգի ներսից այն անձինք, ովքեր ունեն ուժ, ամենաքիչն են շահագրգռված այդ համակարգը փոխել: Իսկ շահագրգռված անձինք ձգտում են կայունության եւ ինքնավերարտադրության: «Բնականաբար, պետք է մտածել համակարգից դուրս եւ այդ առումով ընդլայնել հորիզոնը եւ փորձել չափողականությունները փոխել: Խոշոր անդրազգային կորպորացիաները փորձում են խաղալ մի փոքր այլ խաղով, քան լոկալ ընկերությունները: Օրինակ, «Մարիոթը» կամ «HSBC»-ն, որոնք ամեն երկրում փորձում են պահպանել իրենց խաղի կանոնները՝ իհարկե ադապտացնելով նաեւ տեղական համակարգին: Եթե փորձենք այդ «կորպորատիվ» մասը մեծացնել ՀՀ-ում, արդյոք չե՞ք գտնում, որ որոշակիորեն խաղի կանոնները կփոխվեն եւ խթաններ կառաջանան, որ համակարգն ինչ-որ ձեւով փոխվի: Այսինքն, չմտածենք ներսից: Մտածենք նաեւ նոր խաղացողներ մտցնելու մասին, որպեսզի դաշտն ընդլայնվի, եւ դրա հետեւանքով խաղի կանոնները փոխվեն»,- առաջարկեց Մ. Հերգնյանը: «Եթե չինովնիկությանը լսենք, ապա ամենաշատն իրենք են մտածում երկիրը բարելավելու մասին: Նրանք ասում են, որ ամենաքիչ հնարավորություններն իրենք ունեն: Որպես պատգամավոր` ասեմ, որ կառավարության տարբեր հատվածներից օրենքներ ենք ստանում, որոնցում մի բան է գրված՝ տվեք լիազորություններ, իշխանություն, հնարավորություն, որ լավ լինի: Երբ հետո հարցնում ենք՝ բա ինչո՞ւ լավ չեղավ, ասում են՝ քիչ է, էլի տվեք: Դրան կարելի է հակադրել միայն մեկ բան՝ ինտեգրացում միջազգային կայացած կառույցներին, մասնավորապես` եվրաինտեգրացիան: Դա ունի քաղաքական եւ բիզնես բաղկացուցիչներ: Առաջինը դժվար է կանխատեսել, թե մենք երբ կդառնանք Եվրամիության մի մաս: Մենք, որպես բիզնեսմեններ, պետք է բերենք ձեր նշած «Մարիոթը» եւ այլն: Ես անձամբ շատ փորձեր եմ արել այնպիսի լուրջ կառույցներ բերել Հայաստան ու հայկական դաշտում խաղացող սարքել, որոնք մթնոլորտը կփոխեն, որոնց պահանջատիրությունը եւ ռեսուրսները շատ մեծ են: Ուրիշ բան է, երբ տեղական արտադրողի հետ են նույն Հարկայինը կամ Մաքսայինը խոսում, ուրիշ բան է՝ այդ կառույցների: Բայց պրոբլեմն այն է, որ նրանք չեն գալիս»,- ասաց Մ. Բադեյանը: Մ. Հերգնյանը նշեց, որ անդրազգային կորպորացիաներին հետաքրքրում է ոչ թե հայաստանյան փոքր շուկան, այլ յուրահատուկ իրավասությունները, յուրահատուկ մարդկային ներուժն ու համապատասխան տեխնոլոգիաներ, որպեսզի Հայաստանն այդ ընկերությունների համար հարթակ դառնա` արտահանելու իրենց արտադրանքը: «Արտահանման պոտենցիալը վտանգված է այսօր: Իսկ դա նշանակում է, որ տնտեսությունը վերածվում է սպառողական տնտեսության, որը չի արտադրում, այլ սպառում է»,- նկատեց Գ. Արսենյանը:

Մ. Բադեյանը կրկին անդրադարձավ խնդիրների լուծման հարցում քաղաքական կամքի անհրաժեշտությանը: «Հիվանդությունները պարզ են: Իսկ բուժումները լինում են ռադիկալ, կոնսերվատիվ, սանատոր: Ռադիկալ բուժման մասին այստեղ խոսք չգնաց: Ես էլ հեղափոխական քայլերի կողմնակից չեմ, ամեն ինչ պետք է կոնսերվատիվ բուժվի: Բայց հաստատ ինքն իրեն չի բուժվի: Ինչպե՞ս պետք է բուժենք: Մենք այսօր չունենք գործարարների մի դաս, որը լինի սոցիալական պատվեր տվող: Գործարարները ո՛չ առաքելություն ունեն, ո՛չ պատվեր են տալիս, ո՛չ էլ կարող են վերահսկել: Նույնը վերաբերում է վարձու աշխատողներին: Նրանք էլ իրենց պատվերը չեն կարող ներկայացնել ո՛չ գործարարությանը, ո՛չ պետությանը: Եվ այսօր մենք ունենք ընդամենը մեկ դաս` չինովնիկության դաս, որը բավականին կամայական ոլորտում է գործում: Ինչպե՞ս սանձահարել չինովնիկության կամայականությունը: Միայն քաղաքական կամքի միջոցով: Սա կոնսերվատիվ բուժումներից մեկն է: Դեղը պետք է անպայման տալ»,- գտնում է Մ. Բադեյանը` համոզված լինելով, որ «բժշկի» դերում պետք է լինի «քաղաքական պատասխանատվություն վերցնողը»: Թ. Մանասերյանն առաջ քաշեց այն հարցը, թե ո՞ւր է «գլորվում» ՀՀ տնտեսությունը: Նա նշեց, որ կառավարությունում կամ դրանից դուրս գտնվող տնտեսագետներից ոչ մեկը ճանաչողության առումով պատկերացում չունի ՀՀ այսօրվա տնտեսության մասին: Պատգամավորն առաջարկեց տնտեսության ոչ մանրակրկիտ գույքագրում անել` ռեսուրսների մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար: «Ես չեմ ասում, որ լրիվ շրջանակների մեջ պետք է դնենք: Սակայն մրցակցային շուկայի առումով դա շատ կարեւոր է: Բայց պետությունն էլ իր դերը պետք է ստանձնի` հստակեցնելու` ուր է գնում: Ոչ մի երկիր չի կարող հավակնել համաշխարհային տնտեսության մեջ փայլուն դերակատարման, եթե տարածաշրջանում ինտեգրված չէ: Մեզ դա պարտադրված է: Մենք լրիվ մեկուսացվել ենք: Այդ դեպքում գործարարներն էլ իրենց տեղը կարող են հստակեցնել, եթե իմանան, թե ուր է գնում տնտեսությունը, ինչով են իրենք խթանում տնտեսության զարգացմանը»,- նշեց Թ. Մանասերյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն էլ կարեւորեց պետության նպատակների հարցը: «Ես կարծում եմ, որ պետության ամենաակտիվ խավը, որն արդյունք է ստեղծում, ամենամեծ ռեսուրսներն ունի, այսօր գործարարությունն է: Ուստի հենց բիզնեսմենները պետք է համախմբվեն ու խնդիրներ դնեն պետության առաջ: Չեն կարող գյուղացիները կամ գործազուրկները հավաքվել ու գալ պետությանը ճնշել: Դա կլինի Տիգրան Կարապետիչի հեղափոխությունը»,- նկատեց Կ. Վարդանյանը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաեւ տնտեսության կոնկրետ ոլորտներում մրցակցության մակարդակին: Մեզ հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ շաքարավազի շուկայում կարող է մենաշնորհ լինել, իսկ, օրինակ, հեռախոսների կամ օղիների շուկաներում` մրցակցություն: Պատասխանը լրիվ մասնագիտական էր. շաքարավազը միասեռ բորսայական ապրանք է, որակական տարբերություն չունի, իսկ մյուսները տարասեռ ապրանքներ են: «Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ նման տիպի ապրանքների կոնցենտրացումը սկզբունքորեն լավ է ազդում գների վրա: Հայտնի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերն ասել է, որ ոչ բոլոր դեպքերում է մոնոպոլիան վատ երեւույթ»,- ասաց Ա. Եղիազարյանը: «Եթե ես մեծ փողով եմ մտել շաքարավազի շուկա, ապա դու չես կարող մտնել, քանզի ես միշտ ավելի էժան եմ բերելու: Սակայն պետությունը մի բան ունի անելու` պետք է կարգավորի իմ շահութաբերությունը: Պետք է ասի, օրինակ, որ ես այն գնով չպետք է վաճառեմ, որը գերազանցի իմ շահութաբերության միջին նորման: Մի խոսքով, ես գերշահույթ չպետք է ստանամ»,- իր հերթին պարզաբանեց Մ. Բադեյանը:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն էլ նշեց, որ բոլոր այն ոլորտները, որտեղ գործում է իրենց ընկերությունը, մրցակցային են: Նա անդրադարձավ նաեւ Թ. Մանասերյանի առաջարկած «գույքագրմանը»: «Այն ոլորտներում, որտեղ մեր կոնցեռնը մուտք է գործել, գույքագրում կատարվել է: Սակայն ամբողջ հանրապետության մակարդակով, կարծում եմ, դա ահռելի աշխատանք է, որն, իմ կարծիքով, ոչ մեկը չի կարող անել»,- ասաց Ս. Առուստամյանը:

Քննարկման ընթացքում շատ նշվեց տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես մեր տնտեսության «ամենաբաց» ոլորտներից մեկը: «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ «Սինոփսիսը» շուրջ 600 մլն դոլարի տեխնոլոգիական ներդրում է կատարել ՀՀ-ում: «Ցանկացած զարգացած երկրի հենքը նոր տեխնոլոգիաների ներդրումն է: Սա այն ոլորտն է, որ ապրանքի ինքնարժեքի 30-40%-ը նոր տեխնոլոգիաներ է պահանջում: Այսօր թվեք ՀՀ տնտեսության ոլորտներ, որոնք «նոու-հաու»-ի վրա փող են ծախսում: Այսօր մեր բիզնեսմենները պատրաստ չեն դրան, հատկապես, երբ գիտեն, որ դիվիդենտները 10-12 տարի հետո պետք է ստանան»,- գտնում է Հ. Մուսայելյանը: Ներկաներին հետաքրքրում էր, թե պետությունն ինչպե՞ս է օգնում իր կողմից գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտին:

«Պետության օգնությունը հիմնականում նրանում է, որ մեզ չեն խանգարում. դա մեծ նվաճում է»,- պատասխանեց «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրենը: «Արմինկոյի» գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն էլ հավաստիացրեց, որ իրենց ընկերությունը շուկայում առաջիններից մեկն է, որ աշխատել է, որպեսզի ոչ մեկը շուկան չմոնոպոլիզացնի: Նա նաեւ շեշտը դնում է մարդկային ինտելեկտի վրա ու պետության խնդիրը տեսնում է կադրերի պահպանման մեջ:

Քանի որ խոսք գնաց նաեւ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում առկա մրցակցության մասին, բնակաբար, հետաքրքիր էր լսել նաեւ «Գրեյթ Վելլի» ընկերության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կարծիքը։

«Երբ 1998թ. սկսեցի կոնյակագործությամբ զբաղվել, ֆրանսիացիներն արդեն առուծախի գործարքն էին վերջացնում եւ չէին պատկերացնում, որ իրենց կարող է մրցակից հայտնվել»,- ասաց Տ. Արզաքանցյանը: Նրա հավաստմամբ, իրենք Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) հետ 5 տարի դատական գործընթացների մեջ են եղել: Գործարար պատգամավորի խոսքերով, երբ ԵԿԳ-ն «կոնյակի» փոխարեն «բրենդի» անվանումն է սկսել օգտագործել, «Գրեյթ Վելլիի» վաճառքի ծավալները գերազանցել են ԵԿԳ-ինը: «Դրանից հետո նրանք իրենց բոլոր լծակները սկսեցին օգտագործել, որպեսզի փակեին «Գրեյթ Վելլին» ու իրենք մնային մոնոպոլիստ: Մենք մոտ 2 մլն դոլարի ապրանք էինք մաքսազերծել, որ ուղարկեինք Ռուսաստան, դա արդեն մեր ապրանքը չէր: «Պեռնո-Ռիկարի» խնդրանքով այդ ապրանքն անօրինական ձեւով կոնֆիսկացիայի ենթարկեցին: Արմեն Դարբինյանի օրոք էլ կառավարությունը 5 հոգով հավաքվել էր, որոշումը տվել էր: Եթե ես այդ ժամանակ բիզնեսը չպահեի, դա էլ էր դառնալու մոնոպոլիա»,- պատմեց Տ. Արզաքանցյանը: Նրա խոսքերով, այդ տարիներին «Պեռնո-Ռիկարի» տնօրենը ցանկացած հարցով դեսպանի ձեռքը բռնում էր, գնում էր նախագահի մոտ» ու բողոքում «Գրեյթ Վելլիից»: «Խնդիրների հիմնական պատճառն այն էր, որ այդ ժամանակ նայում էին միայն դրսից եկածին, ներքին արտադրողին ընդհանրապես տիրություն չէին անում»,- նշեց Տ. Արզաքանցյանը: Այժմ «Գրեյթ Վելլին» ու ԵԿԳ-ն համերաշխության պայմանագիր ունեն, նույնիսկ կոնյակագործների ասոցիացիա են ստեղծել եւ պայքարում են այն սուբյեկտների դեմ, որոնք «լեւի» կոնյակ են արտադրում, արտահանում Ռուսաստան ու «փչացնում» են իսկական հայկական կոնյակի համբավը:

Գիտակցություն, քաղաքական կամք, շահագրգռվածություն, գործարար խավի ակտիվություն, տնտեսության ոչ ճիշտ մոդել, տնտեսական զարգացման սխալ ուղղություն: Սրանք այն հիմնական կետերն էին, որոնց վրա ուշադրություն էին հրավիրում «Պրեսսինգ» ակումբի քննարկման մասնակիցները: Հետաքրքիրն այն է, որ նրանք բոլորն ընդունում էին այն «հիվանդությունները», որոնք բնորոշ են ՀՀ տնտեսությանը եւ խոչընդոտում են մրցակցային դաշտի ձեւավորմանը: Սակայն նրանցից ոչ բոլորն առաջարկեցին «դեղատոմսեր»` երեւի համոզված լինելով, որ նախեւառաջ պետք է «բուժվի» այն ախտը, որի մասին քննարկման սկզբում նշեց Արմեն Եղիազարյանը: Կարծում ենք, հոգու խորքում Գուրգեն Արսենյանն էլ համաձայն է նրա հետ: