Անձերի՞, թե գաղափարների ընտրություն

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասվում է գաղափարների՞, թե՞ անձերի պայքար: Այս հարցին էր նվիրված «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկումը: «168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանի խոսքերով, տեսականորեն այնպիսի պատկերացում կա, թե մեծամասնական ընտրակարգի դեպքում ավելի շատ ընտրում են անձանց, իսկ համամասնականի դեպքում` գաղափարները:

«Բայց, կարծես թե, Հայաստանում այդ սահմանը մի քիչ աղավաղված է, այսինքն եւ՛ համամասնականի, եւ՛ մեծամասնականի դեպքում ավելի շատ անձանց են ընտրում: Եվ դա է պատճառը, որ քվեաթերթիկներում կուսակցությունների համամասնական ցուցակներում գրված են առաջին երեք մարդկանց անունները»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը գտնում է, որ գաղափարների առումով Հայաստանում «հստակ երեւում է միայն ազգայնական դիսկուրսը, միայն թե դրա երանգներն են տարբեր` խտացվածից մինչեւ նուրբ»: Նրա կարծիքով, դեպի արտաքին խնդիրներ մեր ուղղվածությունը նույնպես ձեւակերպված է «ազգայնական դիսկուրսով»: Ինչ վերաբերում է սովորական դարձած արտահայտություններին (ազատականություն, լիբերալիզմ եւ այլն), ապա Դ. Հովհաննիսյանը վերլուծություն է արել եւ հավաստիացնում է, որ դրանց մեջ գրեթե տարբերություն չկա:

ԱԺ պատգամավոր, անկուսակցական Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ գաղափարները թղթին հանձնողները հենց անձերն են: Նրա կարծիքով, անկախ ամեն ինչից` ցանկացած բան անձերից է կախված: «Երբ գաղափարները համակարգ են դառնում, անձերը գալիս են ու փոխվում են: Գաղափարը համակարգի մեջ սկսում է աշխատել, եւ ցանկացած անձ այդ համակարգի մեջ այդ գաղափարը կրողն է դառնում»,- նշեց պատգամավորը: «Սակայն մեզ մոտ գաղափարները դեռ բյուրեղացած չեն»,- նկատեց Ա. Բաղդասարյանը: Խ. Սուքիասյանը համաձայնեց՝ ասելով, որ «մեզ մոտ դեռ այդ ավանդույթը չկա, այդքան փորձ չկա, եւ դրա համար ժամանակ ու ցանկություն են պետք»:

«Ցանկացած կոմունիկատիվ սխեմա (իսկ ընտրությունները, հատկապես` նախընտրական քարոզչությունը, կոմունիկատիվ սխեմա են) ենթադրում է, որ կան հետեւյալ 4 բաղադրիչները: Առաջինը ռետրանսլյատորն է` անձը, որն ինչ-որ բան պետք է ասի, հաղորդի: Երկրորդն այն «մեսիջն» է, նյութը, գաղափարը, որը պետք է հաղորդվի: Երրորդն այն միջավայրն է, որում տվյալ մարդը տվյալ հաղորդագրությունն ուղարկում է, իսկ չորրորդն այդ «մեսիջի» սպառողն է, տվյալ դեպքում` ընտրազանգվածը: Նույնիսկ այս պարզ սխեմայից երեւում է, որ բոլոր օղակները կարեւոր են, ուստի դրանք իրար հակադրել չեն կարող: Դրանք փոխլրացնում են միմյանց»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: Փորձելով մեկնաբանել գաղափարի հասկացությունը՝ նա նշեց, որ ՀՀ քաղաքական դաշտը չի ենթարկվում դասական քաղաքագիտական մոտեցմանը: «Եթե ասում ենք ծրագիր կամ աշխարհայացք ոչ թե քաղաքագիտական, այլ ավելի կենցաղային իմաստով, ապա չկա պատգամավորի որեւէ թեկնածու կամ որեւէ կուսակցություն, որն իր ետեւից չունենա այդ «գաղափար» կոչվածը: Անգամ մեծամասնականով առաջադրված թեկնածուի գաղափարը հետեւյալն է. «Ես պետք է ընտրվեմ, որովհետեւ ուզում եմ լավ ապրել»: Կամ նա այլ շարժառիթներ ունի: Եվ այս պարագայում շատ կարեւոր է, թե ո՞վ է ասում, ի՞նչ է ասում, ի՞նչ միջավայրում եւ ո՞ւմ է ասում: Իսկ քաղաքագիտական առումով, ցավոք, այս ընտրությունները նույնպես հույս չեն տվել, որ մենք ունենանք Արեւմտյան Եվրոպային քիչ թե շատ մոտ քաղաքական համակարգ: Կարծում եմ՝ այն միտումները, որ նկատվում են քաղաքական դաշտում, թույլ կտան, որ 2012թ. ունենանք ավելի բյուրեղացած քաղաքական համակարգ»,- ասաց Ա. Աշոտյանը:

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Արամ Սաֆարյանի, Հայաստանում գաղափարներ կան, սակայն «մեր ժողովուրդն այլեւս գաղափարականացված չէ, ինչպես 1988-90թթ.»: «Մենք (ԲՀԿ-ն) անցյալ 8 ամիսների ընթացքում հասարակությանն առաջարկել ենք գաղափարներ, որոնք, մեղմ ասած, չեն հանդիպել մեր հասարակության դիմադրությանը եւ, եթե անկեղծ ասենք, շատ մարդկանց դուրը շատ եկել էին»,- նշեց Ա. Սաֆարյանը: Ի պատասխան այս խոսքի՝ տեսակետ հնչեց, թե հասարակությունը չի ընդդիմացել, քանզի ԲՀԿ-ի կողմից այլ գաղափար չի ներմուծվել: Քննարկման մասնակիցներից մեկի կարծիքով, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն գաղափարական առումով իրարից ոչնչով չեն տարբերվում, մինչդեռ, օրինակ, ՀՅԴ-ի եւ ՀՀՇ-ի գաղափարները տարբերվում են: «Մենք այլընտրանք ենք առաջարկել»,- ասաց ԲՀԿ անդամը: «Բայց դրա անունը «գաղափար» չէ: Միգուցե դա ճիշտ տեխնոլոգիա է»,- նկատեց Խ. Սուքիասյանը:

Ա. Աշոտյանը չհամաձայնեց հնչեցված այն կարծիքի հետ, թե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ գաղափարական առումով տարբերություն չկա: «ՀՀԿ-ն հստակ բանաձեւվում է որպես ազգային պահպանողական կուսակցություն, որը թեկուզ դեկլարատիվ, բայց գրված է մեր ծրագրում: ԲՀԿ-ն ինչպե՞ս է բանաձեւում իր քաղաքական կրեդոն»,- Ա. Սաֆարյանին հարցրեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Մենք կենտրոնամետ լիբերալ դեմոկրատական կուսակցություն ենք: Մեր գաղափարախոսությունը հիմնված է ազգային համաձայնության, հասարակական համերաշխության, մարդու իրավունքների գերակայության վրա»,- պատասխանեց ԲՀԿ ներկայացուցիչը:

Ա. Բաղդասարյանն էլ հարց ուղղեց Ա. Աշոտյանին. «Ձեր կարծիքով, ՀՀԿ-ին ձայն են տալու նրա համար, որ դուք ազգային պահպանողական կուսակցությո՞ւն եք, թե՞ նրա համար, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը եւ այլք»: Ա. Աշոտյանն էլ պատասխանեց, որ իրենց կուսակցությունը նշված երկու փաստարկների շնորհիվ էլ քվեներ կստանա: «Իրականում իշխանական ռեսուրսները բաժանված են 4 կուսակցությունների միջեւ: Նայում ենք դրանց ցուցակները: ՀՀԿ-ն միշտ ասոցիացվել է իշխանության հետ եւ երբեք չի խուսափել, որ ինքն իշխանության մաս է: ՀՅԴ-ի ցուցակում կան վարչական լծակների տիրապետող շատ մարդիկ` մարզպետներ, նախարարներ, վարչության պետեր եւ այլն: ՄԱԿ-ում կան փոխնախարարներ: ԲՀԿ-ում կան պետական տարբեր օղակների ներկայացուցիչներ: Հետեւաբար՝ խոսել, որ իշխանական ռեսուրսները կենտրոնացված են միայն ՀՀԿ-ում՝ ճիշտ չէ եւ անիմաստ է: Բայց կա նաեւ մի խոշոր ընտրազանգված, որն ազգայնական է: Եվ հավատացեք, նման մարդիկ քիչ չեն»,- ասաց Ա. Աշոտյանը:

Ա. Սաֆարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց «ԲՀԿ-ի արած նորարարության» քաղաքագիտական մեկնաբանությունը: «Անցել են այն ժամանակները, երբ ներքեւից հեղափոխական դրոշներով գալիս էին, վերեւները շուռ էին տալիս ու առաջարկում էին գաղափարներ: Հիմա, երբ մենք պահանջարկը զգացել ենք, հասարակությանն արել ենք առաջարկ, անունը դրել ենք «Բարգավաճ Հայաստան», լավ ապրելու ցանկության բավարարող քաղաքականություն, եւ դա շատ մարդկանց դուր է եկել: Մեր հույսը, մեր հենարանն այդ գաղափարն է: Մնացածն, իհարկե, քարոզչություն է, տեխնոլոգիաներ, հնարքներ են: Բայց մենք իրականում հենվել ենք նրա վրա, որ 2006-2008 թվականները բան են փոխում: Դրանք իրականում մեծ էջ են բացում մեր հասարակության համար: Այդ էջը պետք է բացվեր, այդ առաջարկը մեր հասարակությանը պետք է արվեր: Սա է քաղաքագիտական առումով մեր արած նորարարությունը»,- ասաց Ա. Սաֆարյանը:

«Երեւան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանի կարծիքով, աշխարհը եւ, մասնավորապես, Հայաստանը, գտնվում է մի փուլում, երբ, ըստ էության, նոր առաջարկներ լինել չեն կարող: «Ըստ էության, դրանք նույնն են: Իմ կարծիքով, միակ նոր առաջարկը, որ, Աստված մի արասցե, մեր երկրում կարող է լինել, Ղարաբաղը տալն է: Նույն գաղափարները շրջանառվում են, սակայն մի շրջանում իրավիճակ է ստեղծվում, որպեսզի նոր ուժ հայտնվի: Կկոչվի այն ԲՀԿ, ՕԵԿ, թե՞ «Արժանապատիվ ապագա», հասկանալի է, որ դա մեկ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն է, որը տարբեր ձեւ է անվանվում: Եվ հասկանալի է, թե դա ինչ նպատակներ է հետապնդում»,- նշեց Ի. Մարտիրոսյանը:

«Ձեզ հետ համամիտ չեմ, որովհետեւ աշխարհում փոփոխությունները միշտ սկսվում են ինֆորմացիոն հեղափոխություններից: 1980թ. տեղի ունեցավ ինֆորմացիոն հեղափոխությունը, որից հետո անմիջապես պայթեց այն, ինչ «պոստմոդեռն» են կոչում, որը նշանակում է, թե գաղափարախոսությունները վերջացան: Ինչո՞ւ: Որովհետեւ նորը պետք է ծնվի: Հասկանալի պատճառներով մեր հասարակությունն այդ հունից մի կողմ է ընկած, բայց պետության այն մասը, որ գաղափարներ պետք է ծնի, պետք է հասկանա, որ աշխարհը գնացել է առաջ: Կոպիտ ասած, եթե մենք դեռ ստրկատիրական հասարակության մեջ ենք, նրանք արդեն ֆեոդալիզմում են: Պետք է փորձենք հասարակությունից առաջ ընկնել: Նոր գաղափարներն այսօր ծնվում են, իսկ մենք դեռ դեգերում ենք»,- ասաց Դ. Հովհաննիսյանը:

«Բոլորս էլ ընդունում ենք, որ գաղափարի դերն ու նշանակությունը կա, բայց, ցավոք, բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդքան էլ մեծ չէ: Շատ կարեւոր է, թե ի՞նչ է ասվում, սակայն ավելի կարեւոր է, թե ո՞վ է ասում: Այսինքն, անձն այսօր լուրջ դեր է կատարում, որովետեւ շատ սիրուն գաղափարներ կարելի է պատվիրել, եւ դա ընդամենը տեխնոլոգիայի խնդիր է»,- գտնում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության (ՔԺՎԿ) նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով՝ այդ «սիրուն գաղափարները» կարելի է լավ մշակել ու դրանց «գեղեցիկ ձեւակերպում տալ», սակայն դա դեռ հաղթանակ չի նշանակում: Ս. Գիմիշյանը գտնում է, որ անձերին վստահելու խնդիր կա, քանզի հասարակությունը մշտապես խաբված վիճակում է եղել: «Եվ անձերի նշանակությունը, ցավոք, հայաստանյան իրականության մեջ շատ մեծ է: Ես համոզված եմ, որ Հայաստանում երկու հիմնական գաղափար կա` իշխանությունը կվերարտադրվի՞, թե՞ ոչ: Իհարկե, պետությունը, հավասար պայմաններ չապահովելով, կարող է ցանկացած պահի ստեղծել մի կուսակցություն, ինչպես «Օրինաց երկիրը» ստեղծվեց, ու ցանկացած պահի փակել դա: Փաստացի այդպես է»,- ասաց Ս. Գիմիշյանը: Նրա կարծիքով, շատ կարեւոր է, որ գաղափարներն ու առկա սոցիալական խնդիրները համահունչ լինեն, եւ հասարակությունը հասկանա, որ կոնկրետ քաղաքականության արդյունքում կոնկրետ խնդիրներ կլուծվեն: «Այդ դեպքում քաղաքացիական հասարակության տարրերը կսկսեն համագործակցել այն քաղաքական ուժի հետ, որն ունի գաղափար ու վստահելի անձինք»,- նշեց ՔԺՎԿ նախագահը: Անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում «գաղափարի» իր տեսակետին` նա նշեց, որ ընտրություններից ամիսներ առաջ ԲՀԿ-ի ստեղծումն ակնհայտորեն իշխանության վերարտադրության համար էր արված: «ԲՀԿ-ում ես ոչ մի գաղափար չեմ տեսնում, թեեւ ծրագիրը կարդացել եմ շատ ուշադիր: Կարող եմ ասել, որ շատ ձեւակերպումներ (օրինակ, «տեղական կառավարում» հասկացությունը) աշխարհում պարզապես գոյություն չունեն: Կան տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, բայց ոչ տեղական կառավարում: Կամ, ԲՀԿ-ն ասում է` եկեք արդար ընտրություններ անցկացնենք: Երբ դա ասում է մի կուսակցություն, որն իշխանական լծակների է տիրապետում, դա աբսուրդի է վերածվում: Դուք անցկացնողն եք, դուք իրականացնում եք, դուք կեղծում եք: Միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ ընտրակեղծիքների պատվիրատուն գործադիր իշխանությունն է եղել»,- նշեց Ս. Գիմիշյանը: Իսկ Ա. Աշոտյանի կարծիքով, ԲՀԿ-ն հայկական ֆենոմեն չէ: «Ինչո՞ւ եք զարմանում: Ամբողջ աշխարհում էլ նման քայլեր արվում են: Օրինակ, 2002թ. Ֆրանսիայում ստեղծվեց «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, եւ երկու-երեք տարի անց վերջինիս նախագահ Նիկոլյա Սարկոզին դարձավ երկրի նախագահի հիմնական թեկնածուն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ա. Սաֆարյանն անդրադարձավ քննարկման մասնակիցների այն տեսակետներին, թե ԲՀԿ-ի վերելքը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի անձով: «Այո, մեր կուսակցության գլխին կանգնած է այս երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, եւ սա մեր կուսակցության հաջողությունների ֆենոմեններից մեկն է: Փող ունենալն ամոթ չէ: Հաջողված մարդն ասում է. «Սա իմ օրինակն է, եւ ես, բացի ինձանից, պատրաստ եմ նաեւ ձեր մասին մտածել»,- նշեց ԲՀԿ անդամը:

«P-Art» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանի խոսքերով, ՀՀ-ում գաղափարներն ընդհանրապես չեն աշխատում: «Գաղափարների հիմքի վրա Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտում պայքարելը պարզապես ռոմանտիկա է: Գաղափարը եղել է միայն 1988-90թթ., ու դրանից հետո առաջ են մղվել անձերը»,- նշեց Կ. Քոչարյանը:

Իսկ գործարար, իրավաբան Սարգիս Աղաբեկյանն ընդհակառակը, գտնում է, որ «գաղափարների առումով մենք այսօր պրոբլեմ չունենք»: «Պարզապես, խոսքը գնում է կանոնադրային եւ ոչ կանոնադրային գաղափարների մասին: Որպեսզի առաջինները քաղաքական կյանքում գործեն, պետք է մեխանիզմները ստիպեն, որ քաղաքական դաշտը գործի կանոնադրային գաղափարներով: Մենք դեռ այդ էվոլյուցիոն փուլում ենք: Որովհետեւ եթե մեզանից մի քանիսն ունեն ընդհանուր շահ, եւ մեր դիմաց դիմադրություն չկա, մենք օրենքը մոռանում ենք եւ գործում ենք ըստ շահերի: Երբ որեւէ մեխանիզմ հակակշռի մեզ, մենք կփորձենք մեջբերումներ անել օրենքներից»,- ասաց Ս. Աղաբեկյանը:

Խ. Սուքիասյանի խոսքերով, քաղաքացիական հասարակության մեջ հասարակությունն ընտրությունների միջոցով իր պահանջն է ներկայացնում, սակայն ՀՀ-ում «դա դեռ մտածել չէ»: «Ես ինքս կարծում եմ, որ հասարակությանը խոստումներ տալը շատ ռիսկային է, եւ դա պետք է անեն քաղաքական այն գործիչները, որոնք մեծ փորձ ունեն եւ չեն շեղվել քաղաքականությունից: Երբ Թոնի Բլեերին իր կուսակցությունը ներկայացնում էր հասարակությանն, աշխարհը չէր ճանաչում այդ գործչին: Բայց երկիրը վստահեց կուսակցությանն ու այդ անձին: Ու ո՞վ կպատկերացներ, որ Բլեերն այսքան երկար կմնար վարչապետ: Դրա պատճառն այն է, որ կուսակցությունը նրան ամեն րոպե ներքեւից ճնշել է: Խոսքն այն մասին է, թե մենք ո՞ր պահին ենք հասնելու այս վիճակին»,- ասաց Խ. Սուքիասյանը:

Ա. Աշոտյանի կարծիքով, հայաստանյան իրականության մեջ անձերը կարեւորվում են, որովհետեւ «իրականում մեր քաղաքական դաշտը սկսել է գաղափարական առումով միատեսակ դառնալ»: Պատգամավորը նշեց, որ հայաստանյան կուսակցությունների մոտ 95%-ն ընդունում է տնտեսական լիբերալիզմը, եւ գրեթե բոլորն ընդունում են դեմոկրատիան` որպես մեխանիզմ: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաեւ Բլեերի օրինակին: «ՀՀԿ-ն դժբախտ պատահարների պատճառով փոխել է երեք առաջնորդ: Բայց կուսակցությունն իր միջից կարողացել է վերարտադրել մի լիդերի, որին հետո հասարակությունը վստահել է: Այսինքն, Բլեերի օրինակը մեզանում էլ կա»,- ասաց պատգամավորը: Ս. Գիմիշյանն էլ նկատեց, որ դա հնարավոր է դարձել, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ իշխանության մաս է եղել: «Ինձ համար կուսակցության գնահատականը վերջնական կլինի, եթե այն 4-5 տարի նաեւ ընդդիմադիր լինի: Այդ դեպքում կասեմ, որ դա իսկապես կուսակցություն է եւ անձերից կախված չէ»,- գտնում է ՔԺՎԿ նախագահը:

Խ. Սուքիասյանը նշեց նաեւ, որ «մշակույթի» բացակայության մասին է վկայում այն, որ պարբերաբար կուսակցություն փոխող անձինք ինչ-որ ձեւով պարսավանքի չեն ենթարկվում: «Բոլորը տեղափոխվում են իշխանական կուսակցություն, մինչդեռ դա պետք է լինի գաղափարական հենքի վրա: Կարծում եմ՝ պետական մեքենայի գործողությունները նույնպես նպաստում են այս գործընթացին»,- ասաց պատգամավորը: